Ցեղասպանություն 100Քաղաքական

Այսօր նշվում է Պոնտոսի հույների ցեղասպանության օրը

annanazaryan
Մայիսի 19-ին հույն ժողովուրդը նշում է իր պատմության ողբերգական էջի տարելիցը, երբ Պոնտոսի սևծովյա առափնյա տարածաշրջանից բանակ զորակոչված հույները կոտորվեցին երիտթուրքերի կողմից: Հայաստանում հունահայ համայնքն այդ առիթով այսօր այցելել է Ծիծեռնակաբերդի բարձունք:

Այսօր նշվում է Պոնտոսի  հույների ցեղասպանության օրը: Ծիծեռնակաբերդի բարձունքում այսօր  հունահայ համայնքը Հայաստանում Հունաստանի դեսպանի ու ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ ծաղկեպսակ են դրել  զոհերի հիշատակին, խնկարկվել է ու աղոթք հնչել Թուրքիայի կողմից սպանված անմեղ զոհերի հոգիների հագստության համար:

Էդուարդ Շարմազանովը վերհիշելով պատմությունը նշեց, որ  Օսմանյան և քեմալական Թուրքիայում նույն ժամանակահատվածում ցեղասպանվել են հայերը, հույներն ու ասորիները: Խոսք է գնում մոտավորապես 357-550  հազար  հույների կոտորածի մասին: Դա  այն քրիստոնյա  ժողովուրդների ընդհանուր ցավն է, որոնք զոհ են գնացել Թուրքիայի վայրագություններին: Հայաստանի խորհրդարանը 2015 թվականին միաձայն դատապարտել է հույների ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում:

Հույները լավ են հասկանում հայերի ցավն ու ապրիլյան քառօրյա ռազմական գործողություններից հետո հույն պատգամավորներն  առաջիններից էին, որ այցելեցին Եռաբլուր  ու Արցախ՝ ասաց Շարմազանովը:

«Պատրիդա»Հայաստանի  ու Արցախի հույների կազմակերպության ղեկավար Էդուարդ Պոլատովն էլ նկատեց, որ ապրիլյան ռազմական գործողությունների  թիկունքում  կանգնած էր նույն ցեղասպան երկիրը: Նա շեշտեց՝ միջազգային հանրությունը պետք է դատապարտի 20-րդ դարասկզբի հանցավործությունը և ոչ թե աչք փակի՝ նպաստելով նոր ցեսապանությունների իրագործմանը:

ՀՀ-ում Հունաստանի դեսպան Իոաննիս Տայիսը գոհունակությամբ հիշեց, որ Հայաստանը անցյալ տարի դատապարտել է Պոնտոսի հույների ցեղասպանությունը:

Ներկաները շեշտում էին, որ թե հայերը, թե հույները 20- րդ դարին ցեղասպանության են ենթարկվել հենց իրենց բնօրրանում եւ պետք է համախմբել ուժերը Թուրքիայի ժխտողականության դեմ համատեղ պայքարելու համար։

Ցուցադրել ավելի
Back to top button