Հասարակություն

ՔԿՀ ծառայողի կողմից դիտավորությամբ ուրիշի առողջությանը ծանր վնաս պատճառելու գործով նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության
ընթացքում հիմնավորվել է, որ ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր»
քրեակատարողական հիմնարկի ծառայող Գրիշա Հ.-ն դիտավորությամբ ուրիշի
առողջությանը ծանր վնաս է պատճառել:
Նախաքննության ընթացքում Գրիշա Հ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի
համար, որ նա 2016 թվականի հունվարի 26-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում,
կնոջ եղբոր՝ Մելքոն Մ.-ի ծննդյան տարեդարձի կապակցությամբ կազմակերպված
խնջույքի ժամանակ, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, կնոջ մյուս եղբայր
Պարույր Մ.-ի կողմից իր հասցեին անհարգալից արտահայտություն անելու
պատճառով վիճաբանության մեջ է մտել վերջինիս և նրա ավագ եղբայր Ֆրունզ Մ.-ի
հետ, որի ընթացքում իր մոտ եղած ծալովի դանակով դիտավորությամբ հարվածել է
Պարույր Մ.-ին, այնուհետև Ֆրունզ Մ.-ին՝ վերջիններիս առողջությանը
պատճառելով ծանր վնաս:

ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի
ծառայող Գրիշա Հ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ
հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Վերջինիս նկատմամբ մինչդատական վարույթում,
դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է հիշյալ քրեական գործի
նախաքննությունը: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական
հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու
համար:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է
անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական
դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ
մտած դատավճռով:

Ցուցադրել ավելի
Back to top button