Հասարակություն

Արցախի ՄԻՊ- ը «Եվրատեսիլի» կազմակերպիչներին բողոք է հայտնում

ԼՂՀ Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը Արցախի ժողովրդի անունից վճռական անհամաձայնություն է հայտնել «Եվրատեսիլ-2016»-ի կազմակերպիչների կողմից 2016 թվականի մայիսի 11-ին արված պաշտոնական հայտարարության հետ, որում Ղարաբաղյան հակամարտությունը պարզապես ներկայացվել է որպես Հայաստանի ու Ադրբեջանի միջև տարածքային վեճ: Արցախի ՄԻՊ- ն իր անհամաձայնության մասին գրել է համաեվրոպական երգի մրցույթի կազմակերպիչներին հղած բաց նամակում, բողոքելով ԼՂՀ դրոշի արգելքի հետ։

Նամակում հիշեցվում է, որ ԼՂՀ ժողովուրդը 1991 թվականին կյանքի է կոչել ինքնորոշման իր հիմնարար ու անքակտելի իրավունքը՝ հայտարարելով Խորհրդային Ադրբեջանից իր անկախության մասին, ինչն ամբողջովին իրականացվել է միջազգային իրավունքի նորմերին համապատասխան:

Նամակում ոչ ճշգրիտ և ԼՂՀ ժողովրդի համար վիրավորական է որակվել «Եվրատեսիլ-2016»-ի կազմակերպիչների կողմից Ղարաբաղյան հակամարտության նկարագրությունը:

Դրանում «Եվրատեսիլ-2016»-ի կազմակերպիչների ուշադրությունն է հրավիրվում 2016 թվականի ապրիլի 2-5-ը տեղի ունեցած իրադարձությունների և, մասնավորապես, Ադրբեջանի զինված ուժերի գործած բոլոր խախտումների ու գազանությունների վրա: Հիշեցվում է, որ ԴԱԻՇ-ի ոճով գլխատման, տարեցների խոշտանգումների, դպրոցների ու բնակատեղիների ինտենսիվ հրետակոծությունների այդ փաստերը Եվրոպայում (նկատի է առնվում նրա մաս կազմող ԼՂՀ-ում) տեղի են ունեցել ընդամենը 40 օր առաջ, և որ Ադրբեջանը սպառնում է կրկնել դրանք, եթե ԼՂՀ ժողովուրդը չենթարկվի Ադրբեջանական Հանրապետության օրենքին, որը վարում է հայատյացության պետական քաղաքականություն:

Ցուցադրել ավելի
Back to top button