Վերլուծական

Ճանաչո՞ւմ, թե՞ միացում. Արցախի ապագայի շուրջ քննարկումներ

annanazaryan

Ռուսաստանի աշխարհաքաղաքական հետազոտությունների ակադեմիայի փոխնախագահ Արայիկ Սարգսյանը համոզված է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն սպառել է իրեն ու այն պետք է լուծարվի, իսկ Հայաստանը պետք է ճանաչի Արցախի անկախությունը: Կանադայում ՀՀ նախկին դեսպան Արա Պապյանը մինչդեռ պնդում է, որ  Արցախը պետք է միանա Հայաստանին:

 

Նախկին հարավսլավական Մակեդոնիայի Հանրապետությունը պատրաստ է ճանաչել Արցախի անկախությունը  և ողջունում է ԼՂՀ ճանաչելու ՀՀ կառավարության  նախաձեռնությունը՝ տեղեկացրեց Ռուսաստանի աշխարհաքաղաքական հետազոտությունների ակադեմիայի փոխնախագահ,  ՀՀ-ում Մակեդոնիայի պատվո  հյուպատոս Արայիկ Սարգսյանը։ Նա համոզված է, որ այդ քայլը հեղափոխական գործընթացի հիմք կարող է լինել ու վերջ դնել ռազմական գործողություններին:

Սարգսյանը վստահ է՝ լավ աշխատելու դեպքում աշխարհի շատ երկրները  կճանաչեն Արցախի անկախությունը: Ի՞նչ ասել է լավ աշխատել: Արայիկ Սարգսյանը դիտորդ է եղել Աբխազիայի ընտրություններում ու անձնական խոսակցություններից  պարզել է՝ Աբխազիան  ճանաչվել է  փողի դիմաց։ Գումարի չափն այնքան էլ մեծ չէ։ Այնպես որ, ասում է, օլիգարխները կարող են այս հարցը լուծել:

ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի կարծիքով՝ ԼՂՀ հետ կապված  ցանկացած գործողություն նախևառաջ պետք է բխի Արցախի ժողովրդի կամարտահայտումից։ Այս առումով, ըստ նրա, որոշում կայացնողները ԼՂՀ քաղաքացիները պիտի լինեն, իսկ Հայաստանը պարտավոր է հնարավոր ու անհնարին միջոցներով   ու  բոլոր հարթակներում ներկայացնել արցախցիների շահերը: ԼՂՀ ճանաչումն էլ, ըստ պատգամավորի, անհրաժեշտ է, սակայն խնդիրն այն է, թե որ պահին։

Նրա ձեւակերպմամբ՝ դրանից բխող հետեւանքները միայն Հայաստանի խնդիրը չէ եւ դրանով պետք է մտահոգվեն բոլոր կողմերը, որոնք Հայաստանի հետ կապված են պայմանագրային իրավահարաբերություններով: Ըստ Տիգրան Ուրիխանյանի՝ կարեւոր է, որ ապրիլյան պատերազմի օրերին գրանցված հայության աննախադեպ համախմբումը շարունակվի:

Կանադայում Հայաստանի նախկին դեսպան, ՙՄոդուս Վիվիենդի՚ կենտրոնի ղեկավար  Արա Պապյանը խնդրի լուծման միանգամայն այլ տարբերակ է առաջարկում: Ոչ թե Արցախի անկախությունը պետք է ճանաչել, այլ միավորել Արցախը Հայաստանին՝ ասաց։ «Շատ բան չի տա Արցախի ճանաչումը, պետք է վերադառնալ սկզբնակետին ու միավորել Արցախը ՀՀ-ին:  Պիտի վերադառնանք 18-20 թվականներ ու տեսնենք, թե ինչ ձևով են սահմանները որոշվել»,- նշում է։

Արցախի միացումը Հայաստանին նաև մեկ այլ կարևորություն ունի՝  ըստ Արա Պապյանի: Տարբեր պետությունների բաժանված նույն ազգը պառակտվում է։ Սա է ցույց տալիս պատմությունը՝ ասում է Պապյանը՝ հիշելով՝ դրա համար Ղրիմը միացավ Ռուսաստանին եւ երկու Գերմանիաները մտավորվեցին։

Ցուցադրել ավելի
Back to top button