ԿարևորՔաղաքական

Եռատոնը քառատոնի վերածելու հնարավորությունը՝ ըստ գեներալ-մայոր Արտակ Դավթյանի

«Պատերազմը, որը սկսվել է ԼՂՀ ճանաչման համար, չի ավարտվել, այն կավարտվի երբ որ ԼՂՀ անկախությունը միջազգայնորեն ճանաչվի, եւ առաջին հերթրին ԼՂՀ անկախությունը ճանաչի Ադրբեջանի հանրապետությունը: Այդ ժամանակ վստահորեն կարող ենք ասել, որ պատերազմը ավարտված է» ,- այսօր ասել է  Հանրային Ռադիոյի «Ստատուս Քվո» հաղորդմանը հյուրընկալված ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը, ով հաղորդման հեղինակ՝ քաղաքագետ Գեւորգ Մելիքյանի հետ զրույցը սկսել է շնորհավորանքով:

«Եռատոնը մենք վաստակել ենք: Վաստակել է մեր ժողովուրդը, մեր զինված ուժերը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Մենք պետք է միշտ հպարտանանք, որ մայիս ամիսը վերածվել է հաղթանակների ամսի՝ եռատոնի:

Հաղորդման հեղինակի հարցին, թե ունենք արդյոք եռատոնը քառատոնի վերածելու շանս՝ հաշվի առնելով ապրիլ ամսին հակառակորդի ռազմական ագրեսիային հակազդելու հնարավորությունը, գեներալ-մայոր Արտակ Դավթյանն այսպես է պատասխանել:

«Երբ եղան ապրիլյան դեպքերը, եւ որոնք որոշակի չափով շարունակվում է նաեւ ներկայցումս, կարծում եմ դեռ շարունակություն կունենա: Եռատոնը քառատոնի կվերածի այն ժամանակ, երբ  վերջնականապես կլուծվի ԼՂՀ միջազգային ճանաչման խնդիրը: Դա կլինի մայիսին, թե այլ ամսին, էական չէ: Կարեւոր է, որպեսզի հարցը լուծում ստանա»:

Խոսելով շրջանառվող քառօրյա պատերազմ տերմինի մասին՝ գեներալ-մայորը  ռազմական տեսակետից է ներկայացրել տեղի ունեցածը:

«Մինչեւ ապրիլյան դեպքերը, մենք ունեինք հրադադարի ռեժիմ, որը պարբերաբար խախտվում էր հակառակորդի կողմից, եւ մենք, բնականաբար, պատասխանում ենք հակառակորդին՝ լռեցնելու եւ զսպելու համար: Եթե վերլուծենք վերջին մեկ երկու տարված ընթացքում տեղի ունեցած գործողությունները, հակառակորդը բավականին ակտիվացրեց հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը՝ սկսելով կիրառել դիվերսիոն-հետախուզական խմբեր, անցավ նաեւ խոշոր տրամաչափի զենքերի, հետո նաեւ հրետանային համակարգերի նաեւ տանկերի կիրառմանը:  Ինչ պատահեց ապրիլին, ապրիլի 1- լույս 2-ի գիշերը, եթե նայենք ընդհանուր մեծ մասշտաբով, նույնպես հրադադարի ռեժիմի խախտում էր, պարզապես աննախադեպ էր՝ օգտագործվող զենքի, տեխնիկայի, անձնակազմի քանակով նաեւ կորուստների առումով»:

Հարցին,  թե արդյո՞ք ժամանակն էր այս պահին ընդունել ԼՂՀ անկախության ճանաչումը,  Արտակ Դավթյանն ասյպես է արձագանքել.

«ԶՈՒ քաղաքական դաշտում միշտ չեզոքություն են պահպանում եւ կատարում են իրենց առջեւ դրված խնդիրները եւ այն որոշումները, որոնք ընդունում է գերագույն գլխավոր հրամանատարը, կառավարությունը, ԱԺ:  Այդ պատճառով ես չեմ ցանկանում մեկնաբանել  որոշ հարցեր, որոնք  վերաբերում են քաղաքական ոլորտին, սակայն նշեմ՝ Զինված ուժերը ներկայումս գտնվում են մարտական վիճակում, պատրաստ են կատարել իրենց առջեւ դրված խնդիրները՝ ապահովելով ՀՀ եւ ԼՂՀ սահմանների անձեռնմխելիությունը եւ բնակչության անվտանգությունը»:

Նշենք, որ հաղորդումն ամբողջությամբ կարող եք լսել այսօր երեկոյան՝ ժամը 19.00-ին, Հանրային Ռադիոյի «Ստատուս Քվո» հաղորդման շրջանակներում:

Ցուցադրել ավելի
Back to top button