Վերլուծական

Դավութօղլուի հեռանալով՝ Թուրքիան դառնում է էլ ավելի անկանախատեսելի

karenghazaryan

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հեռանալով Ավարտվում է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման տխրահռչակ փորձը եւ արձանագրություններն այլեւս որեւէ նշանակություն ու արժեք չունեն, քանի որ դրանց ճարտարապետը հենց Դավութօղլուն էր: Այս կարծիքին է թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը: Անդրադառնալով Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հրաժարականին` թուրքագետը համոզմունք է հայտնել, որ Թուրքիայում տեղի ունեցավ պալատական հեղաշրջում, քանի որ Դավութօղլուն հրաժարական չտվեց, այլ նրան ստիպեցին հեռանալ:  

 

«Դոստմոդեռն» հեղաշրջում՝ կատարվածն այսպես են բնութագրում Թուրքիայում, ինչը նշանակում է, որ ընկերները՝ «դոստերը», ստիպեցին Դավութօղլուին հեռանալ: Թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի խոսքով՝ հեղաշրջում է, քանի որ Էրդողանը Դավութօղլուին ստիպեց հեռանալ ոչ իրավական ճանապարհով, ընդ որում՝ զուտ անձնական ամբիցիաներից ելնելով՝ խանդի պատճառով:  «Էրդողանը չներեց, որ Դավութօղլուն փորձում էր վարչապետ լինել և վարչապետ զգալ: Դավութօղլուին Էրդողանը նշանակել էր ուղղակի վարչապետ աշխատելու, ոչ թե՝ վարչապետ լինելու կամ վարչապետ զգալու»:

Թուրքագետի ձեւակերպմամբ՝ Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ Էրդողանի անկանխատեսելիությունը բացասաբար է ազդում հատկապես իր հարևանների վրա, այդ թվում՝ Հայաստանի: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումների ճարտարապետը հենց Դավութօղլուն էր եւ  այսուհետ՝ առանց նրա, որևէ նշանակություն ու արժեք չունեն տխրահռչակ արձանագրությունները՝  ավելացրեց թուրքագետը:

Արձագանքելով հարցին, թե ինչպիսի երկիր է Թուրքիան այսուհետ՝ Անդրանիկ Իսպիրյանն ասաց, որ Դավութօղլուն իր էությամբ բավականին հավասարակշիռ էր, մտավորական էր, ակադեմիական էր, բավականին կրթված, դասախոսում էր, նույնիսկ ուներ ռազմավարական նշանակության գրքեր:

«Դրանցից ակնառուն «Ռազմավարական խորություն» գիրքն է, որը մեկ տարում 13 վերահրատարակություն ունեցավ: Դրա հեղինակը, ուղղակի, տապալվեց պրակտիկայում: Նա հարևանների հետ «զրո խնդիրով» սկսեց, բավականին բուռն մտավ: Հիմա արդեն իրավիճակը բացառապես տիրապետելու է Էրդողանը, դիվանագիտական, քաղաքավարական, քաղաքակրթական որեւէ բանից խոսելն արդեն  անիմաստ կլինի»:

Թուրքիան թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության մեջ դառնում է բացառապես Էրդողանի կողմից ղեկավարվող, ինչը նշանակում է՝ բացարձակ անկանխատեսելի՝ հավելեց  Անդրանիկ Իսպիրյանը: Նրա դիտարկմամբ՝ որքան Էրդողանն անկանխատեսելի էր, Դավութօղլուն շատ հարցերում ավելի մեղմ էր, Էրդողանի կոպիտ քաղաքականությունն ու սխալները Դավութօղլուն իր դիվանագիտությամբ փորձում էր մեղմացնել:

Ցուցադրել ավելի
Back to top button