Հասարակություն

Տարկետման իրավունքի վերացումը կոռուպցիայի դեմ պայքարի տարրերից է նաեւ

lenabadeyan

Տարկետման իրավունքը վերացնելու եւ 18 տարին լրացած բոլոր տղաներին բանակ զորակոչելու օրինագիծը պատգամավորներ Թեւան Պողոսյանն ու Ռուբիկ Հակոբյանը մշակել էին դեռեւս 2 տարի առաջ: Մինչ այս պահն այն մերժվում եւ հետաձգվում էր, սակայն, անցած շաբաթ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարել է, որ առաջիկա մեկ ամսվա ընթացքում լրամշակված այդ նախագիծը ներկայացվելու է խորհրդարան:

 

Երկու տարի ձգձգումներից հետո կառավարությունը վերջապես անցյալ շաբաթ հաստատեց՝ պատրաստ է քննարկել բուհ-երում տարկետման իրավունքի վերացումն ու 18 տարին լրացած բոլոր տղաներին բանակ զորակոչելու օրինագիծը: Որքանո՞վ է հարցը հրատապ եւ ի՞նչ ժամկետների մասին կարող ենք խոսել: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշել է՝ առաջաիկա մեկ ամսում նախագիծը կներկայացվի խորհրդարան։  Մինչեւ արձակուրդ գնալը, ըստ ժամանակացույցի, ԱԺ-ն ունի ընդամենը մեկ քառօրյա նիստեր, եթե, իհարկե, չգումարվեն արտահերթեր: Արդյո՞ք այս դեպքում պատգամավորները կհասցնեն քննարկել հարցը, թե այն օրակարգում կհայտնվի արդեն աշնանային նստաշրջանում:

Թեեւ կառավարությունն այժմ աշխատում է օրինագծի վրա, բայց նախագծի հեղինակներից մեկը պատգամավոր Թեւան Պողոսյանն է: «Պահապան հայ զինվորին» գրառումով կաշվե ապարանջանով, բանակում երբեւէ չծառայած, բայց պատգամավոր ընտրված Թեւան Պողոսյանը կողմնակից է ոչ միայն, որ բանակում ծառայեն անխտիր բոլոր 18 տարեկան տղաները, այլեւ պնդում է՝ աղջիկները նույնպես պետք է գնան բանակ՝ իհարկե որոշ սահմանափակումներով: Երկու տարի է, ինչ իր այս գաղափարը՝ 18 տարեկան տղաների մասով, փորձում է կյանքի կոչել:

Խնդիրը ճիշտ պատկերացնելու համար պատգամավորը նախընտրում է խոսել թվերով: «2010 թվականի շրջանակում եղել է 10 հազար ուսանողական կրթական ոլորտում ազատում, մոտ 4 հազար՝ առողջապահական: Առողջապահականը մինչեւ հիմա մնացել է նույնը: 2010 թվականին որոշում ընդունվեց, որ այլեւս վճարովիի դեպքում տարկետման իրավունքը չի լինելու: Այսօրվա դրությամբ կրթական համակարգի սկիզբում, եթե չեմ սխալվում, թիվը հասնում է 1700-ի, դրանից հետո գալիս է մագիստրատուրան՝ 400-քանիսը տղաներ կարող է լինեն, դրանից հետո գալիս է ասպիրանտուրան մոտ 144»։

Պողոսյանն ասում է՝ վերջին սրացումների հետ նախագիծը կապ չունի։ Այն առավելապես ուղղված է կոռուպցիոն ռիսկերի դեմ։ Սրան ի պատասխան՝ ՀՀԿ խմբակցությունից պատգամավոր Շիրակ Թորոսյանը հորդորում է չխուսափել իրականությունից եւ «վատ չզգալ, որ նախագիծը կապում են վերջին զարգացումների հետ»:  «Մենք մի երկիր ենք աշխարհաքաղաքական մի իրողության մեջ, որտեղ պատերազմը բնական վիճակ է եւ մենք, կարծես թե, հարմարվել, ինտեգրվել ենք այդ բնական վիճակին եւ, հետեւաբար, պետք է ընդհանրապես տարկետման մասին խոսակցություն չունենանք»։

Թեւան Պողոսյանը կարծում է, որ նախագիծը հաջողություն կունենա, եթե փոխվի մեր մտածելակերպը: «Պաշտոնյան պետք է մոռանա ընկերոջը, հարազատին ու բարեկամին օգնելու պարտավորության մասին»,- ասում է պատգամավորը:

Ցուցադրել ավելի
Back to top button