Հասարակություն

Լավագույն տարբերակը թուրքական ապրանքը տեղականով փոխարինելն է.տնտեսագետ

hasmikdilanyan
Հայկական շուկան ողողված է թուրքական արտադրանքով: Այդ երկրից Հայաստան է  ներմուծվում մոտ 570 անուն ապրանք:  Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո քաղաքացիական հասարակությունը  հանդես եկավ թուրքական արտադրանքի դեմ:  Խորհրդարանի ամբիոնում անգամ առաջարկ հնչեց՝ պարզապես արգելել թուրքական ապրանքների մուտքը Հայաստան:  Նույն ամբիոնից էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն էլ նշեց, որ վարչապետի հանձնարարականով այժմ ուսումնասիրում են հայկական շուկայում թուրքական ապրանքների ազդեցությունը։

 

«No Turkish» կամ «ոչ թուրքականին» . Երևանի կենտրոնական փողոցներից մեկում գտնվող գեղեցկության սրահի դռանն այս հայտարարությունն է  փակցված: Հայտարարության հետքերով  պարզեցինք՝  վարսահարդար սիրիահայ  Սարգիս Բերբերյանի նախաձեռնությունն է, իսկ ամեն ինչ սկսվեց վերջին օրերի  «Ոչ թուրքական արտադրանքին»  ակցիայից:

«Ոչ մեկի համար գաղտնիք չէր, որ Թուրքիան ամեն ձևով աջակցում է  Ադրբեջանին: Ես էլ ուզեցի մի փոքրիկ շարժում սկել։ Արդեն ժամանակն է, որ թուրքական  ապրանքը մեր երկրից  վերանա: Նկատում եմ՝ մարդիկ մի քիչ էլ հումորով են վերաբերում; Ես չեմ ստուգում, թե մարդն ինչ շոր է  հագել, բայց մյուս անգամ շոր գնելիս կարող է հիշել և թուրքականը չառնել:  Պետք է աջակցենք, ուժեղացնենք հայկական արտադրությունը։ Պետությունն ինքն էլ պետք է իր կողմից քայլեր անի, որ մենք հայկական արտադրության ունենանք»:

Իսկ ամեն ինչ սկսվեց ապրիլյան քառօրյա պատերազմից: Խորհրդարանի ամբիոնում անգամ առաջարկ հնչեց՝ պարզապես արգելել թուրքական ապրանքների մուտքը Հայաստան:  Նույն ամբիոնից էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը նշեց, որ վարչապետի հանձնարարականը կա, և էկոնոմիկայի նախարարությունը համապատասխան ուսումնասիրություններ է անցկացնում:

«Առաջին հերթին այն ապրանքների մասով, որոնք  սպառնում են Հայաստանի ազգային տնտեսությանը՝ կամ որակի, կամ մրցակցության տեսակետից»:

Թե ներմուծման, թե արտահանման մասով Հայաստանի առաջին  գործընկերը ՌԴ է։ Արտահանման մասով  2-րդ և 3-րդ տեղերը 10,5 տոկոս տեսակարար կշռով  կիսում են Բուլղարիան և Իրաքը:  Իսկ ահա ներմուծման  ոլորտում ՀՀ-ի երկրորդ գործընկերը Չինաստանն է,  3-րդը՝ Գերմանիան, 5-րդը՝ Թուրքիան: Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը հաշվարկել ու  պարզել է՝    արտահանման բնագավառում լավագույն տարին եղել է  2005 թվականը՝ 2 մլն 473 հազար ԱՄՆ դոլարի արտահանում: 2015 թվականին արտահանման թիվը եղել է 1 մլն 497 հազար դոլար, Այս  տարվա առաջին եռամսյակում դեպի Թուրքիա արտահանումը կազմել է 142 հազար ԱՄՆ դոլար:

Տնտեսագետը  ներմուծման  ոլորտը երկու  ուղղությամբ է առանձնացնում՝  ըստ ծագման երկրի և ըստ առևտուր անող երկրի: «Ներմուծման լավագույն տարին 2011 թվականն էր՝ 240 մլն դոլարի ապրանք է ներմուծվել, 2015 թվականին ներմուծվել է մոտ 137 մլն ԱՄՆ դոլարի ապրանք, 2016 թվականի առաջին  3 ամիսների ընթացքում՝ 24 մլն դոլարի ներմուծված ապրանք ունենք»:

Ի՞նչ կլինի, եթե Հայաստանն ամբողջությամբ արգելի թուրքական արտադրանքի մուտքը: Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանի խոսքով՝ «Եթե մենք արտաքին առևտուրն ամբողջությամբ դադարեցնում ենք Թուրքիայի հետ, կորցնում ենք և ներմուծողը, և արտահանողը: Ներմուծողը կորցնում է մոտավորապես 137- 240 մլն դոլար, արտահանողը կորցնում է 1,5 մլն դոլար: Թուրքիան որպես մեր հինգրերորդ ներմուծման գործընկեր վերանում է»:

Մասնակի դադարեցման  սցենարն էլ չի աշխատի՝ եթե Հայաստանը ներմուծումն արգելի, Թուրքիան էլ կդադարեցնի արտահանումը։ Արդյունքում, ըստ տնտեսագետի, Հայաստանում կրկին ամբողջությամբ կարգելվի թուրքական արտադրանքը: Լավագույն տարբերակը՝ չդադարեցնելն է:

Վիլեն Խաչատրյանը ներկայացնում է հաշվարկներ՝ հերքելով այն մտահոգությունները թե Հայաստան ապրանք ներմուծելով Թուրքիան այդ գումարով ֆինանսավորում է ադրբեջանական բանակը։

«Մեր ներմուծումը 140 մլն դոլար է, 10 տոկոսով շահութաբերություն ենք ապահովում թուրքական ընկերությունների համար։ Դա կանի մոտ 14 մլն: Դրա 30 տոկոսն էլ թող հարկ տան։ Անում է  մի հինգ մլն։ Հինգ մլն դոլարից ավելի թուրքական բյուջե փող չի մտնում»:

Տնտեսագետի կարծիքով՝ լուծումներ կան՝   օրինակ,   թուրքական արտադրանքը աստիճանաբար՝ ապրանք առ ապրանք  տեղական արտադրանքով փոխարինելն է՝  հայկական ընկերություններին արտոնություններ տալու միջոցով: Վիլեն Խաչատրյանը նաև առաջարկում  է՝ Թուրքիայից  ներմուծված հումքով  արտադրանքը  վաճառելով  Թուրքիային ՝  ֆինանսավորել   հայկական բանակը: Ըստ տնտեսագետի՝ սա լավագույն սցենարն է, երբ Թուրքիայի ներուժն է  օգտագործվում հայկական զինված ուժերի հզորացման նպատակով:

Ցուցադրել ավելի
Back to top button