Հասարակություն

Աշխատանքային իրավունքների խախտումները համատարած են. հիմքում հարկային բեռն է, թե՞ գործատուի «ամենակարողությունը»

lianaeghiazaryan
Ինչպես է ստացվում, որ ՀՀ աշխատանքային օրենսգիրքը շարունակ կատարելագործվում է, սակայն իրական աշխատանքային դաշտում տարիներով արմատավորված խնդիրներն այդպես էլ շարունակում են առկա լինել: Գործատուների հանրապետական միության փոխնախագահ Շուշանիկ Բարսեղյանը կարծում է` գործատուների ուսերին ծանրացած հարկային բեռն է ստիպում երբեմն թաքցնել իրական աշխատավարձը, երբեմն էլ չգրանցել աշխատողներին: Այնինչ հանրային պաշտպան Աշոտ Նուրիջանյանը նկատում է, թե հատկապես մասնավոր  հատվածում գործատուն ինքն է կարգեր հաստատում եւ, դիրքից ելնելով, շատ հաճախ խախտում է աշխատողի իրավունքները: Որտեղ է նման դեպքերում արհմիությունը, եւ ինչ է արձանագրում աշխատանքի և զբաղվածության վարչությունը:


Աշխարհում ամեն տեղ կա մինչեւ 14 տարեկան երեխաների աշխատելու խնդիրը: Սա ոչ թե պետք է թաքցնել, այլ կանոնակարգել, ասում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Թադևոս Ավետիսյանը: ՀՀ աշխատանքային օրենսգրքի անցյալ տարվա փոփոխությունները նաեւ դրան էին միտված: Հոկտեմբերից ուժի մեջ մտավ նաեւ աշխատանքային պայմանագրերի նոր պարտադիր ձեւը, որը պետք է արձակուրդ գնալուն առնչվող եւ այլն խնդիրների լուծում տա: 2017-ից էլ այլեւս աշխատանքային գրքույկներ չեն լինի. այդ գրքույկներում առկա տեղեկատվությունը մինչեւ 2019-ը կամփոփվի էլեկտրոնային շտեմարաններում: Թադևոս Ավետիսյանի դիտարկմամբ` «Աշխատողների իրավունքների պաշտպանության հիմնական ձեւը մնում է դատական կարգով իրավունքի պաշտպանությունը: Տարեկան միջինում շուրջ 600 դեպք է գրանցվում, երբ աշխատողները դիմում են դատարան»:

Ինչու են Հայաստանում մարդիկ թերահավատ արհմիությունների կողմից իրենց աշխատանքային իրավունքների պաշտպանության հարցում: Ինչու է ժպիտ առաջացնում, երբ իրավունքների խախտման դեպքում առաջարկում են այդ կառույցին դիմել: Արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահի տեղակալ Բորիս Խառատյանը չի հերքում` կա նման խնդիր: Բայց նաեւ պարզաբանում է`  իրենք առավելապես կոլեկտիվ շահեր են պաշտպանում, ոչ թե աշխատողների` առանձին վերցրած: Խառատյանն էլ իր հերթին է թվարկում աշխատանքային խնդիրները` ՀՀ-ում գործազրկության շուրջ 17 տոկոսն ամենաբարձրն է ԱՊՀ-ում: Օրենքներն էլ թերի են, ասում է: «Նվազագույն աշխատավարձը մեզ մոտ 55 հազար է կազմում, եւ դա ընդունվում է օրենքով: Սակայն այս 55 հազարը ոչ մի հաշվարկ չի պարունակում, բավարար է այն, թե ոչ»:

Գործատուների հանրապետական միության փոխնախագահ Շուշանիկ Բարսեղյանը կարծում է` գործատուների ուսերին ծանրացած հարկային բեռն է ստիպում երբեմն թաքցնել իրական աշխատավարձը, երբեմն էլ չգրանցել աշխատողներին: «Ողջ հարկերը, ներառյալ կենսաթոշակային, պարտավոր է վճարել գործատուն, իսկ դա նվազագույն աշխատավարձի տեսքով կազմում է արդեն 70-80 հազար դրամ»:

Հանրային պաշտպան Աշոտ Նուրիջանյանը հակառակ կարծիքին է: Հատկապես մասնավոր հատվածում աշխատողների` օրենքով սահմանված իրավունքների խախտումները բազմաթիվ են, վկայում է Նուրիջանյանի աշխատանքային պրակտիկան: Համատարած են աշխատանքային պայմանագրեր չկնքելու դեպքերը: Մի քանի հոգու գրանցում են, ամբողջական աշխատակազմի պատկեր ստեղծում եւ վերջ: Իսկ սա բերում է այլ իրավունքների շղթայական խախտման` հանգստի, լրացուցիչ վարձատրության, հերթափոխի եւ այլն: Եւ ամենավատն այն է, որ աշխատողներն իրենք շատ հաճախ ձայն չեն բարձրացնում: Ինչու է այսպես: Մասնավոր հատվածում գործատուներն ավելի մեծ լիազորություններ ունեն, նրանց համար իրենց անձնական շահերն են առաջնահերթ, վստահ է հանրային պաշտպանը:

Ինչի մասին է վկայում խախտված աշխատանքային իրավունքներով դատարան դիմելու դեպքերի աճը: Մարդիկ այսօր ավելի իրազեկ են, կարծում է հանրային պաշտպան Աշոտ Նուրիջանյանը: Մյուսներն ավելի վատատես են` սա վերագրելով տարիներով արմատացած խնդիրներին:

Ցուցադրել ավելի
Back to top button