Քաղաքական

Ի՞նչ դասեր ենք քաղել ապրիլյան պատերազմից

lenabadeyan

Ապրիլյան պատերազմը բացի խնդիրներ բացահայտելուց իր հետ բերեց նաեւ նոր որակի պահանջատիրություն: Անցնող ամսվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները նաեւ կառավարությանը ստիպեցին խոստովանել որոշ սխալների մասին, ու խոստանալ՝ շտկել դրանք։ Բազմաթիվ պաշտոնանկությունների կառավարությունը դեռ պատրաստ չէ գնալ, բայց շատ շուտով ներկայացնելու է նոր ծրագրեր, որոնք հրամայական են դարձել ապրիլյան պատերամից հետո, եւ իշխանությունների արած հետեւությունների արդյւոնքն են լինելու: 

 

Ապրիլը բարեհաջող չէր Հայաստանի չորս բարձրաստիճան պաշտոնյաների համար: Երերքը՝  զինված ուժերից, մեկը արդարադատության ոլորտից պաշտոնանկ արվեցին: Պաշտոնանկությունների որեւէ հստակ պատճառաբանություն հանրությանը չներկայացվեց, արդյո՞ք պաշտոնանկությունները կշարունակվեն՝ դեռեւս դժվար է ասել: Բայց այն, որ ապրիլյան պատերազմը կառավարությանը ստիպել է որոշ հետեւություններ անել՝ փաստ է:

Անձամբ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ԱԺ-ում խոստովանեց ու ասաց, որ վերանայվելու են այս տարվա համար նախապես հաստատված ծրագրեը: Դա ենթադրում է նաեւ բյուջեյի ծախսային մասի վերանայում:

Օրվա հրամայականից ելնելով՝ շատ կարճ ժամկետներում նոր քայլեր են մշակվելու ու ներկայացվելու հանրությանը: «Ապրիլյան քառօրյա պատերազմը շատ-շատ հարցեր, շատ մտահոգություններ ի հայտ բերեց մեր հանրության մոտ: Մենք ապագայում հանդես ենք գալու մեծ համապարփակ հայտարարությունով եւ կներկայացնենք, թե ինչ քայլեր ենք նախատեսում, ինչ նոր փոփոխություն ենք նախատեսում մեր ռազմավարության մեջ եւ կներկայացնենք ինչպես հանրությանը, այնպես էլ խորհրդարանին»։

Սա ընդհանուր ծրագրերի մասին է: Հետեւություններ արվել են նաեւ զորակոչի հետ կապված: Նաեւ կոռուպցիոն ռիսկը նվազեցնելու առումով կառավարությունն այս պահին հակված է քննարկել մինչ այս հետաձգվածխ նախագիծը, համաձայն որի՝ զինապարտության տարիքի ցանկացած արական սեռի ներկայացուցիչ պետք է զորակոչվի: Այսինքն՝ բուհ- երում այլեւս տարկետման իրավունք չի գործելու:

Այս նախագիծը առաջիկա մեկ ամսում ներկայացվելու է Աժ, տեղեկացրել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: «Մենք բավականին լուրջ աշխատանք ենք կատարել, վարչապետն անձամբ է ղեկավարում այդ աշխատանքները եւ գաղափարը՝ լրամշակված տեսքով, շատ շուտով կառավարությունը ներկայացնելու է խորհրդարան: Կան որոշ մասնագիտություններ՝ հատկապես բնագիտական մասնագիտություններ, որոնց պոտենցիալն օգտագործվելու է մեր ռազմարդյունաբերության մեջ։ Բացառությամբ որոշակի դեպքերի՝ մենք այդ լուծումը տալու ենք»:

Որպես ապրիլյան պատերազմի հետեւանք վերջին օրերին տարբեր տրամաչափի պաշտոնյաներ նաեւ իրենց հասցեին լսեցին ոչ միայն բազմաթիվ մեղադրանքներ, այլեւ կոռուպցիոն ճանապարհով ձեռք բերվածը վերադարձելու պահանջ:

Ահա այս ուղղությամբ հստակ քայլեր դեռեւս չկան, թեեւ այս հարցին էլ վարչապետը արձագանքել: «Իշխանությունը որեւէ մեկին չի հովանավորել, չի հովանավորում, որ ինքը հարկեր չվճարի եւ ապօրինի հարստանա: Մենք դեմ ենք, դեմ ենք եղել, դեմ ենք լինելու եւ յուրաքանչյուր նման դեպք, որ մենք կհայտնաբերենք, լիովին խիստ պահանջով մենք այդ մարդկանց կպատժենք»։

Տհաճ ուղիղ հարցերից, ի դեպ, չի խուսափել նաեւ հենց վարչապետը: «Որեւէ փաստ, որեւէ դեպք չեք կարող ասել, որ վարչապետն օգտվելով իր լիազորություններից, իր դիրքից հարստություն է կուտակել: Չեմ լսել որեւէ մի քաղաքացի, լրագրող, քաղաքական գործիչ, որ կանգնի եւ ասի՝  վարչապետն այr… այս ծրագրերն է իրականացրել, այս… այս մենաշնորհն ունի եւ հարստացել է ապօրինի ճանապարհով: Լրացել է իմ վարչապետ նշանակման երկու տարին եւ ես նորից եմ ուզում ձեզ բոլորիդ ասել ու նաեւ հանրությանը՝ ես որեւէ քայլ չեմ իրականացնելու, որ իմ քայլերի համար ամաչեմ»։

Արդյո՞ք պատրաստ է Հովիկ Աբրահամյանն իր շքեղ առանձնատունը վաճառել եւ գումարն ուղղել ռազմաճակատի խնդիրների լուծմանը: Այս հարցին վարչապետի պատասխանը դրական էր՝ հավելումով՝ «եթե, իհարկե, դրա կարիքը զգացվի»:

Կարիքը վարչապետի առանձնատանը դեռ չի հասել: Հայության ողջ ջանքերով հաջողվել է  հավաքել զգալի գումար, ընդ որում՝ Արցախի Հանրապետության կառավարության կողմից բացված հատուկ հաշվեհամարին փոխանցումներից նվազագույնով նշվում է հազար դրամի փոխանցումը:

Ցուցադրել ավելի
Back to top button