Հասարակություն

Գետաշենը բանալին է, կողպեքը՝ Շահումյանը, դարպասը՝ Արցախը և տունը՝ Հայաստանը

hasmikmartirosyan

Չայքենդ, այսպես են անվանում ադրբեջանցիները Արցախի Շահումյանի շրջանի Գետաշեն գյուղը։ Սեփականացրել են, բայց չեն կարողանում հայկական հետքը ջնջել բնակավայրից, քանի որ Գետաշենի անկումից 25 տարի անց էլ հայը չի դադարում մտածել իր հայրենի հողը հետ բերելու մասին: Գետաշենում են թափվել հայ հերոսների արյունը, Գետաշենն է Հայաստանի անվտանգության բանալին: «Ռադիոլուրն» ամբողջացրել է Գետաշենի ազատագրական պայքարն ու խորհրդային բանակի ներխուժումը։  

 

Գետաշենը գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանում, Կյուրակ գետի ափին, որ այժմ զավթված է Ադրբեջանի կողմից, իսկ բնիկ հայ բնակչությունը ստիպված լքել է հայրենի հողը։ Լքել է «իհարկե ժամանակավոր»` ասում է «Ռադիոլուրի» զրուցակից` 1990 -ականների արցախյան հերոսամարտի մասնակից, գրականագետ Վարդան Դեվրիկյանը, ու նշում՝ մեր հայրենիքի լեռնաշխարհագրական մի միասնություն կազմելն ու փոխկապակցվածությունը մինչև Գետաշենի ու Շահումյանի անկումը Հյուսիսային Արցախում այսպես էին ձևակերպվում. «Գետաշենը բանալին է, կողպեքը՝ Շահումյանը, դարպասը՝ Արցախը և տունը՝ Հայաստանը»:

Իսկ ի՞նչ դաս տվեց մեզ Գետաշենը։ Հարցին Վարդան Դևրիկյանը, ով այսօր կրկին սահմանում է, Արցախից փոխանցեց հետևյալը. «Ամեն ջանք պետք է գործադրենք, որպեսզի կարողնանք պահել մեր պատմական հայրենիքի հատվածները, հատկապես՝ ռազմավարական կետերը: Եթե կապակցում ենք Գետաշենի դասերը քառորդ դար հետո տեղի ունեցած մարտական գործողությունների հետ, տեսնում ենք՝ ադրբեջանցին գործում է նույն ճգրիտ թելադրանքով, որին պետք է հակազդենք համապատասխան միջոցներով»։

Դասերից մեկն էլ դիվանագիտությանն է վերաբերում: «Ադրբեջանը գործեց գրագետ»,- ասում է Վարդան Դևրիկյանը և հիմնավորում ասածը, նախ «լեզու գտավ» խորհրդային բանակի հետ, 1991 ապրիլի 30-ին Գանձակում տեղակայված խորհրդային 4-րդ բանակի 2-րդ դիվիզիան` տանկերով, հրետանիով և ռազմական ավիացիայով շրջափակման մեջ վերցրեց Հյուսիսային Արցախի Գետաշեն և Մարտունաշեն գյուղերը, ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատների հետ մուտք գործեցին նշված գյուղեր։

Շահումյանի շրջանի հայաթափման գործողությունն ստացավ «Կոլցո/Օղակ» անվանումը։ «Գետաշենցիները անկոտրուն էին, հիմա էլ նույն ոգով են, բայց վարվող դիվանագիտության դեմ պայքարել անկարող»-, ասում է գրականագետը և շարունակում, որ Գետաշենում, որը երկու տարի փակեց ադրբեջանցիների մուտքը Արցախ, ի հայտ եկան հայության պարծանքը դարձած հերոսները՝ Թաթուլ Կրպեյանը, Սիմոն Աչիկգյոզյանը, Արթուր Կարապետյանը, Զարզանդը և շատուշատ հայորդիներ։

Հայ կամավոր հերոսների կողմից կազմակերպված ինքնապաշտպանութունը կոտրվեց միայն խորհրդային բանակի միջամտությամբ, սակայն ժամանակավոր: Վարդան Դևրիկյանը զուգահեռ անցկացնելով եւ նույնացնելով Ադրբեջանի  այսօրվա գործողություները և մեր դիվանագիտական մոտեցումները նշում է, որ մենք վերադարձնելու ոչինչ չունենք, այլ պահանջատեր ենք մեր պապերի հողերի հետդարձի հարցում: «Իրականում, եթե նայենք, Մարտակերտի դաշտային հատվածն է իրենց ձեռքը, Շահումյանը, Գետաշենը, հետևաբար՝ դրանք ինչ- որ ձևով պետք է բանակցային գործընթացի մեջ ներառել, և չնշել միայն ձեռքբերումների մասին, այլ՝ նաև կորուստների»:

«Ռադիոլուրին» Վարդան Դևրիկյանը պատմեց, որ 1993 թվականին, երբ ազատագրվել էր Հաթերքը և անմիջական կապ էր հաստատվել Գյուլիստանի դիմահայաց բարձունքներում գտնվող Շահումյանի պարտիզանների՝ «Եղնիկների» հետ, մի բարձունքից Շահումյանի արծիվ, ազգային ազատագրական պայքարի մասնակից Շահեն Մեղրյանի հետ նայել են մշուշոտ ու լուռ Հաթերքին։

Ողբերգական մահից օրեր առաջ մտախոհ հերոսն ասել է, որ ոչ մի գնով չպետք է թողնենք Հաթերքը: Ինչո՞ւ: Վարդան Դևրիկյանը պատասախանեց՝ քանի որ Ադրբեջանի կոմկուսի առաջին քարտուղար Բաղիրովն ասել էր, որ Արցախը հիմնված է չորս սյուների վրա՝ Չարդախլու՝ Խաչիսար, Գետաշեն, Վերին Շեն և Հաթերք, ու Արցախին տիրելու համար հարկավոր է կոտրել այդ չորս սյուները։ «Կանգուն է այսօր միայն մեկը՝ Հաթերքը»,- ասում է Դեւրիկյանը։

Ի դեպ, «Ռադիոլուրի» հետ զրույցում «Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանը նույնպես, խոսելով բանակցային գործընթացում Հյուսիսային Արցախի տարածքների պահանաջի ներառման մասին, նշեց,  որ պատմական Գարդմանի հատվածն այսօր ադրբեջանցիներն անվանում են Դաշքեսան։ Այդ տարածքները պետք է ընդգրկել բանակցային փաթեթում:

Եվ վերջում, անգամ Գետաշենին նվիրված երգի բառերը լաց ու կորուստ չեն պարաունակում, այլ հակառակը՝ Մայր Հայաստանին միանալու կոչ են հնչեցնում:

 

Back to top button