Հասարակություն

92 մանկապարտեզում բացվել է ներառական կրթության մասնաշենք

aidaavetisyan
«Արաբկիր» բժշկական կենտրոնի, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության, «Քրոնիմեդ» ընկերության ու Երևանի քաղաքապետարանի համատեղ  ջանքերով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող  թիվ 92 մանկապարտեզում բացվել է ներառական կրթության մասնաշենք, որը հարմարեցված է տարբեր խնդիրներ ունեցող երեխաների համար: Մանկապարտեզն ունի վերականգնողական սարքավորումներ, ֆիզիկական դաստիարակության և ֆիզիոթերապիայի դահլիճ: Բացման արարողությանը ներկա է եղել նաև առաջին տիկին Ռիտա Սարգսյանը: Հյուրերին երեխաներն ընդունել են  երգ ու պարով:

 

 

Ներառական կրթության ներդրման առաջին իսկ օրից կազմակերպիչները միշտ  բարձրաձայնում են, որ ներառումը սկսվում է  նախադպրոցական տարիքից և անհրաժեշտ են  ներառական կրթությամբ ապահովել ոչ միայն  դպրոցները, այլև մանկապարտեզները: «Արաբկիր» բժշկական կենտրոնը տարիներ առաջ ընդունած մոտեցումն արդեն իրականություն է դարձրել: Այն է՝ հատուկ կարիքներ ունեցող  նախադպրոցական տարիքի երեխաներին հասարակություն ինտեգրելու համար ստեղծել համապատասխան պայմաններ: «Արաբկիր» բժշկական կենտրոնի, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության, «Քրոնիմեդ» ընկերության ու Երևանի քաղաքապետարանի համատեղ  ջանքերով Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում գտնվող թիվ 92 մանկապարտեզում   հատուկ կարիքներ ունեցող երեխաների առջև իր դռները  բացեց  համապատասխան գույքով ապապհովված մասնաշենքը:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյան.«Յուրաքանչյուր երեխայի տեղն ընտանիքն է, այլ ոչ՝ հաստատությունը և պետք է կարողանանք  գործնական քայլերով իրականություն դարձնել: Պետք է ունենանք  բազմաֆունկցիոնալ կենտրոնի  մեկ օրինակ , որն իր մեջ ներառում է տարբեր  ծառայություններ, որը թույլ է տալիս երեխաներին, և առաջին հերթին ծնողներին,  որևէ  խնդիր չունենալ  իրենց երեխաներին հասարակության մեջ ինտեգրելու հարցում»։

Մանկապարտեզում հատուկ կարիքներ ունեցող երեխաների հետ աշխատում են հատուկ  մանկավարժներ ու նեղ մասնագետներ: երբ երեխան կարողանում է  ինչ որ չափով ինքնուրույն  շփվել իր տարեկիցների հետ, նրան ընդգրկում են մյուս խմբերում: 9- ը երեխա արդեն ինտեգրվել է միջավայրին։ Այս պահին մասնագետներն աշխատում են 24 երեխայի հետ։ Ննոր ուսումնական տարում մանկապարտեզը կընդունի հատուկ կարիքներ ունեցող ևս 9 երեխայի, ասում է  մանկապարտեզի տնօրեն  Կարինե Հարությունյանը:

«Քրոնիմեդ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Աննա Սեդրակյան:

«Մեզ համար կարևոր է, որ այս երեխաները շփվում են մեկմեկու հետ, դա ամեն ինչ արժե»:

Մանկավարժ Սոնա  Վարդանյանն արդեն երկու տարի է աշխատում  է հատուկ կարիքներ ունեցող երեխաների: Սկզբում  հոգեբանորեն  դժվար էր՝ ասում է, հետո սովորել է, այժմ գործը մեծ սիրով է կատարում: «Այս երեխաներին շատ շուտ ես սիրում, նրանք  հրաշք են,  նրանց չսիրել չես կարող», ասում է Սոնան: Մանկավարժի խոսքով՝ երեխաների համար օրը սկսվում է այնպես, ինչպես բոլորինը: Միակ տարբերությունը, որ այստեղ երեխաները ստանում են իրենց  անհրաժեշտ  ուսումնական ծրագիրը: Յուրաքանչյուր երեխայի ցուցաբերվում է  անհատական մոտեցում:

Ազգային ժողովի առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանն էլ իր հերթին նշեց, որ մանկապարտեզի բացումը ծրագրի մի հատվածն է:  Այս վարչական շրջանում ապրող երեխաներն օգտվում են  դեռևս 2012 թվականին  մանկական 9-րդ պոլիկլինիկայում  բացված վերականգնողական ծառայություններից:  Ծրագրի ամենակարևոր գաղափարն է, որ այս երեխաներն օրն սկսեն բոլորի պես՝ ասում է ու հավելում՝ բոլոր կրթօջախները պետք է ներառական կրթության  հնարավորություն տան:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյան էլ ողջունեց ծրագիրն ու  վստահեցրեց, որ այն  լինելու է  շարունակական և իր ղեկավարած կառույցը պատրաստակամ է աջակցել  նման  ծրագրերին:

Ցուցադրել ավելի
Back to top button