Մշակույթ

Հաղթանակի սպասում, հատուկ լուծումներ, Արցախի ներկայություն. Իվետան պատրաստվում է «Եվրատեսիլին»

lianaeghiazaryan
Ինչպես է երեք րոպեում ներկայանալու մեր երկիրն այս տարվա Եվրատեսիլին: Բեմում պարողներ չեն լինելու, զգեստի գույներն էլ ամենակարեւորը չեն. Հայաստանի այս տարվա ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանն այսօր մանրամասներ է ներկայացրել մրցույթի նախապատրաստական աշխատանքներից ու շեշտել` իր  առջև դրված խնդիրը որպես լավ արտիստ ներկայանալն է, «քվեարկության «քաղաքականացված» արդյունքներն իմ ձեռքում չեն»,-ասել է: Հիշեցնենք` մայիսի 10-ին` Երեւանի ժամանակով ժամը 23.00-ին մեկնարկելիք ելույթներով կվճռվի` Հայաստանն անցնում է եզրափակիչ փուլ, թե ոչ: Հաջողության դեպքում մեր երկրի անունը եվրատեսիլյան բեմում կրկին կնհչի արդեն մայիսի 14-ին:

Իվետայի հետ եվրատեսիլյան բեմում պարողներ չեն լինի, ու սա չի նշանակում, թե շոու չի լինելու, «Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը կարծում է, որ պարողներով շոու կազմակերպելն արդեն հնացած մոտեցում է: Շոուն արվելու է թվային լուսային հատուկ գրաֆիկական գերժամանակակից լուծումներով` փորձառու շվեդ ռեժիսորի հետ գործակցությամբ: Հետաքրքիր է լինելու, խոստանում են:

«Մեզ մոտ ողջ ուշադրությունը լինելու է մեր երգչուհու վրա: Թե նա կլինի մենակ, թե նրա հետ կլինեն մի քանիսը, դա փոքրիկ գաղտնիք է: Այս տարի մենք լուրջ ուշադրություն ենք դարձնելու մոնտաժային ներկայացման վրա։ Այսինքն` մեր բեմադրությունը գուցե նման լինի նաեւ տեսահոլովակի»:

Ապրիլյան սահմանային լարվածությունը պատճառ դարձավ, որ Իվետան չեղյալ հայտարարի Ամստդերդամում եւ Մոսկվայում ծրագրված ելույթները` միջազգային հանրության ուշադրությունն Արցախի հիմնախնդրի վրա կենտրոնացնելու համար։ Մրցույթի օրերին անպայման իրենց հետ տանելու են Արցախի դրոշները՝ հասկանալով հանդերձ, որ Եվրատեսիլի կանոնները պահանջում են զերծ մնալ քաղաքականությունից:

«Մենք բոլորս հարգում ենք այդ օրենքները եւ փորձում ենք առաջնորդվել դրանցով` չխախտելով որեւէ կետ»:

Իսկ այս շրջանում ծրագրված ելույթներից մի քանիսի ժամանակ Իվետան ուղղակի փոխել է երգի բառերը:

«Համարում էի ճիշտ, որ որոշ տեղերում անպայման բեմ բարձրանամ եւ գոնե երգի մի մասը` սկզբի մասը, փոխեմ աղոթքի խոսքերով, աղոթք` մեր տղաների համար»:

Եւ չնայած Եվրատեսիլի կանոնները պահանջում են զերծ մնալ քաղաքականությունից, այնուամենայնիվ, քվեարկության արդյունքների ժամանակ երկրների քաղաքական կողմնորոշումներն ակնառու են լինում: Այս պայմաններում ինչ հավակնություններով ու սպասումներով է Իվետան մեկնում մրցույթին, հետաքրքրվեց «Ռադիոլուր»-ը:

« Իմ նաեւ հանգստության պատճառն ինչումն է. ինձանից կախված է միայն լավ ելույթ ունենալը: Իսկ թե ով ինչպես կքվեարկի, մեր Սփյուռքը որքանով մեր կողքին կլինի, դա արդեմ իմ ձեռքերում չէ»:

Հագուստի գույներից, կրունկների բարձրությունից, զգեստի գներից Իվետան նախընտրեց չխոսել: Գերադասեց նշել, որ իրեն ինքնավստահություն ու հաջողության սպասում է տալիս իր փորձառությունը: Հիշեց գերմանական բեմերում հաջողությունները, գերմանացի գործընկերներն էլ են  աջակցում՝ ասաց: Ավելին, այդ երկրի մամուլը հաճախ է իրեն հիշում, անգամ գրել են, թե Գերմանիան այս տարի Եվրատեսիլում երկու մասնակից ունի: Եվրատեսիլյան այս տարվա երգերից դեռ ոչ  բոլորն է հասցրել լսել, որոշներն առանձնացրել է իր համար, բայց  վերջնական կարծիք կկազմի կենդանի կատարումներից հետո: Տպավորություններն այդ ժամանակ հաստատ փոխվում են: Դրանք այլ կլինեն նաեւ մեր երգից հետո, վստահաբար` ավելի լավը. առանց ավելորդ պաթոսի խոսք է տալիս Իվետան ու նույն կերպ էլ հիշում եվրատեսիլյան կատարումից երկու տող:

Ցուցադրել ավելի
Back to top button