Հասարակություն

Պատվաստումների ծրագրով Հայաստանն առաջատարն է տարածաշրջանում

sonahakobyan

Հայաստանում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Ժուժաննա Յակաբը: Նրան ընդունել է նախագահ Սերժ Սարգսյանը։ Հանդիպման սկզբում ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանի գրասենյակի ղեկավարը ցավակցություն է հայտնել վերջին շաբաթների ընթացքում ԼՂ հակամարտության շփման գծում լարվածության աճի և դրա հետևանքով զոհերի կապակցությամբ, նաև շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին: Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հետ հանդիպման ժամանակ նա ներկայացրել է ԱՀԿ հայաստանյան գրասենյակի նոր ղեկավար Եգոր Զայցևին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ինչպես ոլորտի խնդիրներն ու ձեռքբերումները, այնպես էլ  համագործակցության հետագա ծրագրերն ու աշխատանքները: Ժուժաննա Յակաբը հաջողություններից մասնավորապես առանձնացրել է պատվաստումների ծրագիրը և նշել, որ Հայաստանն այս առումով օրինակելի երկիր է ողջ տարածաշրջանում:

 

Ինֆեկցիոն հիվանդությունների կանխարգելման և բուժման բնագավառում Հայաստանն ունի բավականին լուրջ հաջողություններ: Փոխարենը լուրջ խնդիր ունենք ոչ վարակիչ հիվանդությունների հետ, որոնք մահացության 80 տոկոսից ավելին են կազմում: Հաշվի առնելով, որ Հայաստանում ամեն 2-րդ մահը գրանցվում է սիրտ-անոթային հիվանդություններից, իսկ ամեն 5-րդը՝ քաղցկեղից, ակնհայտ է, որ մենք լուրջ անելիքներ ունենք ծխախոտի օգտագործման դեմ պայքարում, առողջ սննդի օգտագործման և առողջ ապրելակերպի ապահովման գործում, ներկայացնելով այս ցուցանիշները, նշեց առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

Ոլորտի հաջողություններն ու խնդիրները  նախարարը ներկայացրել է նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Ժուժաննա Յակաբին: «Ակնառու են նաև ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հետ կապված մեր հաջողությունները: Նույն հաջողությունը վերաբերում է  նաև տուբերկուլյոզին՝ հաշվի առնելով, որ մահացության ցուցանիշը նվազել է 3, հիվանդացությունը՝ 2 անգամ: Վարակիչ հիվանդությունների հետ կապված մենք ունենք ակնառու հաջողություններ, բայց մեզ այստեղ մտահոգում է մասնավորապես հակաբիոտիկների կիրառումը»,- ասաց նախարարը։

Առողջապահության համակարգում հայաստանյան ձեռքբերումներից Ժուժաննա Յակաբան գոհ է: Նա մասնավորապես տպավորված է պատվաստումների ծրագրից և նկատում է, որ Հայաստանն այս առումով օրինակելի է ողջ տարածաշրջանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային գրասենյակի ղեկավարի տեղեկացմամբ՝  արդեն մի քանի տարի է ինչ Հայաստանը ճանաչվել է նաև մալարիայից ազատ երկիր:

«Նախարարի հետ քննարկեցինք նաև ոչ վարակիչ և քրոնիկ հիվանդությունների հետ կապված խնդիրներ, որ շատ ակտուալ են թե Հայաստանում, թե ամբողջ աշխարհում։ Քննարկեցինք, որ հույժ կարևոր է մեծ ուշադրություն դարձնել այս հիվանդությունների առաջնային կանխարգելմանը՝ մասնավորապես ծխախոտի օգտագործման դեմ պայքար իրականացնելով:  Նշեմ, որ լավ ցուցանիշներ են արձանագրվել մայրական և մանկական մահացության մակարդակի իջեցման հետ կապված: Բայց ցանկալի արդյունքների հասնելու համար անհրաժեշտ  է շարունակել ջանքերը և աշխատանքը»,- շեշտեց ԱՀԿ ներկայացուցիչը։

Նշենք, որ Հայաստանն Առողջապայության համաշխարհային կազմակերպությանն անդամակցում է 1992 թվականից:  Հայաստանի առողջապահության նախարարությունը Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ համագործակցում է մասնավորապես մոր և մանկան առողջության պահպանման շարունակական բարելավման, մահացության ցուցանիշի կրճատման, վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունները կանխարգելելու և հսկելու ուղղություններով:

Ցուցադրել ավելի
Back to top button