ՀասարակությունՑեղասպանություն 100

Ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություն՝ Երուսաղեմում

Երուսաղեմի գլխավոր հայկական եկեղեցում` Սուրբ Հակոբյանց վանքում ապրիլի 23-ին Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում է անցկացվել: Այս մասին տեղեկացնում է The Jerusalem Post-ը:

Ոգեկոչման արարողությանը նախորդել է եկեղեցական պատարագը, որը ղեկավարել է Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան Մանուկյանը: Պատարագին մասնակցել են Երուսաղեմի հայկական համայնքի ղեկավարները:

Տարելիցի հիշատակի միջոցառումների կազմակերպիչ Հարութ Բաղամյանը, ով Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգ է, իսրայելական լրատվամիջոցին ասել է, որ հայկական համայնքը հիասթափված է ցեղասպանության հիշողության նկատմամբ պաշտոնական Իսրայելի վերաբերմունքից: «Նրանք որոշ երկրների նման ոչ թե ժխտում են կատարվածը, այլ պարզապես չեն խոսում դրա մասին: Անցյալում եղել են որոշ իսրայելցի քաղաքական գործիչներ, ովքեր իրենց տեսակետները հայտնել են Ցեղասպանության մասին, և մենք մեծապես գնահատում ենք դա: Սակայն մենք ակնկալում ենք, որ կառավարությո ւնը քաղաքականությունից առաջ հարգի արժեքները»,- ասել է նա` նշելով, թե իրենք հասկանում են, որ հարցն ունի քաղաքական բովանդակություն:

Բաղամյանն ընդգծել է, որ իրենք մեծ աջակցություն են տեսնում իսրայելական հասարակության կողմից, սակայն ակնկալում են, որ հրեական պետությունը պետք է լինի առաջինը, ով կճանաչի ու կխոսի խնդրի մասին:

Ապրիլի 24-ին Իսրայելի հայկական համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիաներ կանցկացնեն Երուսաղեմում Թուրքիայի հյուպատոսության և Թել Ավիվում Թուրքիայի դեսպանության դիմաց:

Ցուցադրել ավելի
Back to top button