ՀասարակությունՑեղասպանություն 100

Ցեղասպանության ականատեսի հիշողությունները

satikisahakyan
Եպրաքսյա Բարսեղյան-Գևորգյանը ցեղասպանության ականատեսն է:  Իր տեսածն ու ապրածը վերարատադրելիս ամեն անգամ հուզվում է: Հայրն ու հորեղբայրները նահատակվել են, մորը կորցրել է գաղթի ճանապարհին: 5 տարի ապրել է Ալեքսանդրապոլի ամերիկյան որբանոցում:  Ունեցել է 9 երեխա : Այժմ ապրում է 86-ամյա ավագ աղջկա հետ, ով հոգում է նրա կարիքները: Ունի 60 թոռ և ծոռ:

 

Ամեն անգամ Եպրաքսյա տատիկին այցելելիս միշտ զարմանում եմ նրա վառ հիշողությամբ, դեպքերն ու իրադարձությունները պատմում է այնպես, կարծես երեկ է եղել:  Այս անգամ տատիկի մտահոգություններին ավելացել էր ևս մեկը՝ Արցախը նորից վտանգի մեջ է:

Եպրաքսյա տատիկն անձնագրով 102 տարեկան է, իրական տարիքն ավելին է: Պատմում է, որ գաղթի ժամանակ 7-8 տարեկան է եղել:  Ծնվել է Ղարսից  մոտ 80 կմ հեռու, Կաղզվանի գավառի Լալոյի-Մավրակ գյուղում: 1913 թվականի տվյալներով  Լալոյի-Մավրակում ապրել է 67 ընտանիք՝ 537 բնակչով: Եպրաքսյա տատիկը հիշում է ծննդավայրն ու դաժան օրերը:

Հորն ու 3 հորեղբորը սպանել էին թուրքերը: Մորը կորցրել է գաղթի ճանապարհին, ինքն ու երկու եղբայրը մնացել էին մենակ, միացել քեռու ընտանիքին, հասել Կաղզվան:  << Եթե  լուսնյակ էր գիշերով էինք ճանապարհը շարունակում , եթե չէ՝ մտնում էինք մաղարեքը, սնձով, երինջնակով  ու գրզիկով ենք ապրել>>,- ասում է Եպրաքսյա տատիկը: Արաքսն անցելով գնացել են Եղվարդ, Աշտարակ, Խաչոյի գյուղ:  Պատմում է, որ մեկ ամիս հետո ուրախ լուր էին ստացել, թե Ղարսի ճանապարհը բացվել է և կարող էին  վերադառնալ իրենց տները, հասել են Ալեքսանդրապոլ ու մնացել այնտեղ:

Եպրաքսյա տատիկի մի եղբորը՝ Հովհաննեսին որդեգրել  էր  Խաչո գյուղում ապրող հարուստ մի ընտանիք, ինքն ու մյուս եղբայր՝ Եղիազարն  ապրել են Գյումրու ամերիկյան որբանոցում, որտեղից էլ  եղբորը տեղափոխել են  Ամերիկա:  Եպրաքսյա Գևորգյանը հինգ տարի ապրել  է ամերիկյան որբանոցում, կրթություն ստացել:

Ամերիկյան որբանոցում ապրած տարիներին , 1923 թվականին տեսել է Լենինին:

1926 թվականին հորաքույրը գտել է իրեն և  տեղափոխվել  նրա մոտ՝ Անի Պեմզա:  Ցեղասպանությունը վերապրած   Եպրաքսյա Բարսեղյան-Գևորգյանը ափսոսում է կիսատ թողած կրթության համար, սակայն միշտ աչքի է ընկել առաջադիմությամբ:

Դպրոցում սովորած ոտանավորները գրեթե 105-ամյա Եպրաքսյա տատիկը հիմա էլ է հիշում, առույգ արտասանում է, վեր կենում դասավորում իր անկողինն  ու 5-րդ հարկի իր պատշգամբից կրկին կարոտով նայում Արարատին:

Ցուցադրել ավելի
Back to top button