ՀասարակությունՑեղասպանություն 100

Ծաղիկներ են խոնարհում նաեւ դերսիմահայերը

aidaavetisyan
Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի բարձունք են  բարձրանում նաեւ աշխարհի տարբեր վայրերից հայերնիք եկած մեր հայրենակիցները, նաեւ՝ թուրքահայերը: Դերսիմահայությունն ինչպես 100-րդ տարելիցին էր մասնակցում ոգեկոչման արաողությանը, այնպես էլ այսօր էին ծաղիկներ խոնարհում 1,5 միլիոն  զոհերի հիշատակին: «Ռադիոլուրը» զրուցել է դերսիմահայության նախագահ Ստեփան Ջեմ Հալավուրդի հետ:

 

Ստամբուլից Հայաստան ժամանած դերսիմահայությունն արդեն երկրորդ տարին է մասնակցում Հայոց ցեղասպանության ոգեկոչման արարողությանը: Դերսիմահայության նախագահ  Ստեփան Ջեմ Հալավուրդը «Ռադիոլուրի» հետ զրույցում  նշեց, որ թեև Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում դրական տեղաշարժեր նկատվում են, սակայն   հարցի հանգուցալուծմանը հնարավոր է հասնել  համայն հայության միասնականության արդյունքում:

«Ոչ միայն  թուրքահայությունը, այլև ամբողջ Սփյուռքը պետք է ձեռք բերի  միասնականություն: 100-ամյա տարելիցին այդ միասնականությունը նկատելի էր և պետք է կարողանանք  այդպես շարունակել»:

Միասնականությունից զատ  Հալավուրդը մատնանշեց ևս մեկ քայլ, որը պետք է  անի Թուրքիայում  ապրող հայությունը: Հայոց ցեղասպանության ճանաչման համար նրանք  պետք է  սկսեն ժողովրդավարական շարժում, ասում է ու  շեշտում՝ այն, որ  Անկարան չի փոխել իր մտածելակերպը, ապացուցում են վերջին շրջանում  թուրք-քրդական բախումները: Տարիներ առաջ թուրք ժողովուրդը չէր ընդունում ցեղասպանությունը, սակայն այսօր արդեն հայացքները փոխվել են՝ հատկապես  թուրք մտավորականության շրջանում: Իսկ  թուրքական իշխանությունն արդեն սկսել է մտահոգվել հայկական հարցով, սակայն այս  շրջանում ճանաչման վերաբերյալ որևէ քայլի չի գնա, վստահ է  դերսիմահայության նախագահը:

«Թուրքական պետությունն ինչքան էլ փորձի ճնշման տակ պահել այս հարցը, միևնույնն է՝  չի ստացվում: Այդ հարցում դերսիմահայությունն էլ է մեծ դեր խաղում: Մեր լինելիությունը ցույց է տալիս, որ ցեղասպանություն եղել է»:

Խոսելով ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության շփման  գծում վերջին օրերին  Ադրբեջանի կողմից իրականացվող  ագրեսիվ գործողություններին՝ դերսիմահայության նախագահը դատապարտեց  դրանք ու  նշեց նաև, որ  դա թուրքական ցեղասպան քաղաքականության շարունակությունն է:

«Անընդունելի են  դիերի խոշտանգումներն ու խաղաղ բնակիչների գլխատումները»:

Հարցիս՝ արդյո՞ք նախորդ տարի Հայաստան այցից հետո  դերսիմահայերը չեն ենթարկվել  թուրքական իշխանության ճնշումներին՝ Ջեմ Հալավուրդը վստահեցրեց, որ դեռ ոչ, սակայն ամեն  րոպե սպասում են նման հարվածի:

Ցուցադրել ավելի
Back to top button