Հասարակություն

Իրավիճակը մտահոգիչ է, բայց ոչ անհուսալի.Աշոտ Մելքոնյան

karenghazaryan
Իրավիճակը մտահոգիչ է, բայց ոչ անհուսալի ու անհեռանկարային՝ անդրադառնալով ԼՂՀ-ի շուրջ ստեղծված իրավիճակին այս համոզմունքն է այսօր հայտնել ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը: «Հայոց պատմության վերջին հազարամյակի ընթացքում մենք, երեւի թե, այսքան բարենպաստ վիճակում չենք եղել, քանի որ հիմա ունենք երկու պետականություն, հայոց հաղթանակած բանակ եւ այդ իրավիճակը շարունակում է պահպանվել»,-շեշտել է պատմության ինստիտուտի տնօրենը: Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Կանդահարյանն էլ անդրադարձել է նաեւ արաբական աշխարհում, մասնավորապես՝ Լիբանանում Արցախի 4-օրյա պատերազմի լուսաբանման խնդրին: Նրա խոսքով՝ ժողովրդային առումով էլ եղել  են ամեն գնով, ողջ կարողականությամբ արցախահայությանը նեցուկ կանգնելու տրամադրություններ:

 

 

Այն ձեւակերպումը, որ հայոց բանակը տարածաշրջանում ուժեղագույնն է՝ շարունակում է մնալ օրակարգում՝ համոզմունք հայտնեց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը: Ըստ նրա՝ դա միանշանակ է եւ մեր հաջողության գրավականը:

Աշոտ Մելքոնյանի բանաձեւմամբ՝ Ռուսաստանը մեզ ռազմավարական դաշնակից է, սակայն, մեր դաշնակիցը չէ մարտավարական խնդիրներում: Այդ առումով, ըստ Աշոտ Մելքոնյանի, Ռուսաստանը դաշնակից է մեր հարեւան Ադրբեջանին, որին կոչել է ռազմավարական գործընկեր: Սա անհասկանալի բանաձեւ է, բայց իրողություն է՝ պարզաբանեց բանախոսը: Ըստ նրա՝ հսկելով հայ-թուրքական սահմանը՝ Ռուսաստանը կատարում է իր ռազմավարական դաշնակցի պարտավորությունները, թեկուզ ձեւական ու սահմանափակ զորքով, բայց, միաժամանակ, չի ցանկանում իրենից հեռացնել Ադրբեջանին, որ իբր թե ՆԱՏՕ-ն չգա եւ չհասնի Հյուսիսային Կովկաս: Ռուսաստանը, սակայն, Աշոտ Մելքոնյանի գնահատմամբ՝ այստեղ շատ սխալվում է:

Այդուհանդերձ, ըստ բանախոսի, մեզանում հակառուսական տրամադրություններ, որպես այդպիսին, չկան՝ անկախ գոյություն ունեցող արդարացի բողոքներից: Պատմաբանը նկատեց նաեւ, որ կարող է օրակարգ մտնել նաեւ թուրք-քրդական խնդիրը՝ իր հետեւանքներով եւ  այդ ամենից պետք է հայկական կողմը հետեւություններ անի եւ պատրաստ լինի մարտահրավերներին:

Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Կանդահարյանն էլ կարծիք հայտնեց, որ ապրիլյան 4-օրյա կայծակնային պատերազմի հրահրման մեջ Անկարայի դերը նկատելի է: Ըստ նրա՝ Սիրիայի հարցում բացահայտվեց նաեւ թուրքական եւ ադրբեջանական շահերի անհամատեղելիություն, հետեւաբար՝ նոր ճակատ էր պետք այդ շահերը կրկին համատեղելի դարձնելու համար:

Բանախոսը նաեւ նկատեց, որ միջազգային հանրությունն ու ԱՄՆ-ն այսօր որոշակի առումով աջակցում են քրդերին: Այս եւ մի շարք այլ խնդիրներ նույնպես պատճառ էին, որ հրահրվեր այս պատերզմը Արցախում՝ կարծիք հայտնեց Շահան Կանդահարյանը: Նա համոզված է, որ հրադադարը միանշանակ պարտադրեց Ռուսաստանը: Նրա խոսքով՝ այս բոլոր հանգամանքները վերլուծություններում մենք պետք է նկատի ունենանք: Նա նույնպես կարծում է, որ Ռուսաստանի ներկայիս չեզոքությունը հասկանալի է:

«Ազդակ»-ի գլխավոր խմբագիրը, Լիբանանի օրինակով խոսելով արցախյան իրադարձությունների լուսաբանման մասին, նշեց, որ չնայած սկզբնական շրջանում կային որոշակի կողմնապահություններ, բայց հայկական կազմակերպությունների արագ միջամտության շնորհիվ՝ արցախյան 4-օրյա պատերազմը լիբանանյան լրատվամիջոցներում լուսաբանվել է օբյեկտիվ եւ դա կարեւոր է, քանի որ այդ լրատվամիջոցները համաարաբական սփռվածություն ունեն:

Back to top button