ԿարևորՀասարակություն

ԳԱԱ- ում խոսել են ռազմական արդյունաբերությունը վերականգնելու մասին

hasmikdilanyan

«Եթե մենք երկրորդական ու երրորդական փողոցներում, ինչպես նաև նրբանցքներում արագաչափեր  տեղադրող ազգից չվերածվենք զենք արտադրող և ինչու չէ նաև վաճառող երկրի, ուրեմն   շատ բան կկորցնենք»,- այսօր ԳԱԱ տարեկան  ընդհանուր ժողովի ժամանակ հայտարարել է ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը: Ժողովը, որին մասնակցել է նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանը, սկսվել է մեկ րոպե լռությամբ։ Ներկաները  հարգել են Ղարաբաղա-ադրբեջնական  հակամարտ զորքերի շփման գծում  ապրիլի երկուսից հինգը տեղի ունեցած ռազմական գործողությունների  հետևանքով զոհվածների հիշատակը: Հայ գինտականները «Ռադիոլուրի» հետ զրույցում վստահեցրել են՝ ռազմական  արդյունաբերության զարգացման համար մեծ ներուժ ունեն: Այսօր էլ գյուտեր են արվում, սարքեր ստեղծվում, որոնք եզակի են աշխարհում:

 

«Հայաստանի ռազմավարական դաշնակիցը ցավոք սրտի ցույց տվեց, որ  մարտավարական  դաշնակից չէ,  — կարծում է ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը՝  թվարկելով այն զինատեսակները, որոնք Ադրբեջանը կիրառել էր ապրիլի երկուսից հինգն ընկած ժամանակահատվածում՝ T-90 տանկ, Смерч, ТОС։

«Հայաստանի ռազմավարական դաշնակիցը՝ Ռուսաստանը,  պաշտպանում է հայ-թուրքական սահմանը՝  Ամասիայից  մինչև Երասխ ,- հիշեցնում է պատմության ինստիտուտի տնօրենն ու նկատում՝ սա հնարավորություն է տալիս ուժերը տեղափոխել  դեպի արևելյան ճակատ: Հայաստանը խորհրդային տարիներին ուներ ռազմական հզոր արդյունաբերություն, որի հետ՝ ինչ  եղավ, դժվար է  ասել, գուցե փոշիացավ անհասկանալի պատճառով՝ ասում է Աշոտ Մելքոնյանը՝ կոչ անելով միջոցներ չխնայել։ «Զենքի այդ տեսակներ ձեռք բերելու և ինչու չէ զենքի տեսակներ արտադրելու համար: Եթե մենք արագաչափեր, երկրորդական, երրորդական փողոցներում, նրբանցքներում տեղադրող ազգից չվերածվենք զենք արտադրող և ինչու չէ նաև վաճառող երկրի, ուրեմն մենք շատ բան կկորցնենք»:

«Բանակի սպառազինության համար կառավարությունն   ունի  Ֆինանսական հնարավորություններ,- ասում ՝է վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ նկատելով՝ գործընթացն առաջ գնում է, զենք ձեռք բերելու համար  գումար հավաքելու անհրաժեշտություն չկա:  Հայաստանի կառավարության ղեկավարը, սակայն, դեմ չէ, որ ԼՂՀ կառավարությունը   ֆինանսական միջոցներ ներգրավելու  հայտարարությամբ հանդես գա:  Հովիկ Աբրահամյանը նաև  դեմ չէ, որ  մարդիկ ինքնակամ աջակցեն բանակին ու զոհվածների ընտանիքներին:

Ապրիլյան պատերազմը մեկ անգամ ևս ցույց տվեց, որ մեծ անելիք ունեն նաև հայ գիտնականները: ԳԱԱ  թղթակից անդամ,  Ռադիոֆիզիկայի ինստիտուտի տնօրեն  Արսեն  Հախումյանը վստահեցնում է՝ ներուժ ունեն, փորձում են ֆինանսական սուղ միջոցներով առավելագույն արդյունքներ ստանալ: Վերջին մեկ տարվա ընթացքում օրինակ, Ռադիոֆիզկիկայի և էլեկտրանիկայի ինստիտուտում դյուրակիր ռադարային համակարգ է  ստեղծվել, որը նախատեսված է կարճ՝ 2-4 կմ հեռավորություններում շարժվող մարդկանց ու տեխնիկական միջոցների հայտնաբերման համար:

«Լազերային համակարգերի,  օպտիկա -մեխանիկական, կապի համակարգերի ստեղծման ներուժ ունենք,- ասում է զրուցակիցս ու խոստովանում՝   այսպես ասած խոցելի զենքերի  արտադրության  համար  խոշոր մեքենագործական արտադրություն է պետք: Այդուհանդերձ, այժմ էլ ճակատում  օգտագործվում են տարբեր սարքեր, որոնք մշակված ու արտադրված են Հայաստանում:

Ակադեմիկոս Հախումյանը նաև նկատում է՝ աշխարհն այսօր գնում է  դեպի «խելացի  պատերազմի» , այլ ոչ թե քանակական ուժի: Նախապատվությունը տրվում է ինֆորմացիայի մշակմանը, խնդիրների արագ արձագանքմանը։ Այստեղ Հայաստանը մեծ ներուժ ունի, գիտական ներուժ կա, սակայն կիրառման հետ կապված խնդիրներն են շատ։ Շատերի համար սա անսովոր է, Ռադիոֆիզիկայի ինստիտուտի տնօրենը հույս ունի, որ ստեղծվելիք  ռազմարդյունաբերության  գիտական ինստիտուտն ի թիվս այլ  հարցերի, այս հարցի պատասխանն էլ կտա:

«Քիչ ֆինանս՝ սրամիտ լուծումներով, փորձում ենք մատչելի եղանակով որակյալ արտադրանք ստանալ,- ասում է  ԳԱԱ ֆիզիկակական հետազոտությունների իսնտիտուտի տնօրեն  Արամ Պապոյանն   ու աշխարհում եզակի  իրենց առաջակը ներկայացնում. «Կարող ենք առնվազն մինչև 3 կմ հեռավորության վրա բավականին մեծ  լուծունակությամբ տալ  պատկերը բավականին մեծ անկյունային  բացվածքով՝ դա հիմնված է անտեսանելի լազերային ճառագայթման, ծռման հետևանքում ցրված  ճառագայթման գրանցման վրա»: Դեռ սաղմնային փուլում գտնվող այս առաջարկն էլ գուցե կյանքի կոչվի առաջիկայում:

Ցուցադրել ավելի
Back to top button