Հասարակություն

Դիրքեր փորող զինվորների պեղած հերթական հնագիտական գտածոն

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»-Ստեփանակերտ

Միջազգայնորեն չճանաչված երկրների ժողովուրդները մշակութային  իրավունքների պաշտպանության հարցը պետք է օրակարգում լինի,- կարծում է Արցախի Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը: Ստեփանակերտում գումարվել է միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովի  հերթական նիստը:

 

 

Ապրիլի 18-ին Արցախում նշվում է հուշարձանների պահպանության օրը: Վերջին տարիներին ձեւավորված ավանդույթի համաձայն հենց այդ օրն է իր նիստը գումարում միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովը: ԼՂՀ Էկոնոմիկայի փոխնախարար Սերգեյ Շահվերդյանի խոսքով՝ այս տարի դժվար էր որշում կայացնելը եւ հանձնաժողովի նիստի ավանդական օրը պահպանելը: Բայց  դիրքապահները իրենք հուշել որոշումը`  օրերս նոր դիրքեր փորող զինվորները վարչություն են ուղարկել հերթական հնագիտական գտածոն:

Միջգերատեսչական հանձնաժողովը իր աշխատանքը սկսեց լռության րոպեով: Ադրբեջանական նկրտումների դեմ հնագետներն էլ են անցած տարի պայքարել: Ազոխի արշավախմբի ղեկավար Լեւոն Եպիսկոպոսյանի խոսքով` Ազոխի քարանձավում իրենց աշխատանքների մասին գիրքը պետքէ լույս տեսներ անցած տարվա սեպտեմբեր -դեկտեմբեր ամիսներին, սակայն շվեցարական տպագրատանը սխալ էին թույլ տվել Ազոխը ներկայացնելով Լեռնային Ղարաբաղում, որը  գտնվում է Ադրբեջանում:

Ազոխի մասին գրքի հրատարակումը բողոքարկել է նաեւ Ադրբեջանական դեսպանատունը:

Միջազգային տեսանկյունից չճանաչված տարածքներում մշակութային ժառանգության ուսումնասիրության խնդիրներին անդրադարձավ նաեւ Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը` նշելով, որ Յունեսկոյի ընդունած փաստաթղթերը անտեսում են  չճանաչված երկրներում ապրող մարդկանց մշակութային իրավունքները: Եւ դա, նրա կարծիքով,  պետք է ուշադրության կենտրոնում լինի:

Չնայած օրենսդրական խոչընդոտներին օտարերկրացի մասնագետները արցախյան արշավախմբերին մասնակցում են, արտասահմանյան մասնագետներ են ներգրավված  Տիգրանակերտի արշավախմբում, իսկ Ազոխի արշավախումբն ինքնին միջազգային է: Ազոխում հայտնաբերված նյութերի վրա  աշխարհի 22 համալսարանների մասնագետներ են  աշխատում: Պեղումների  մասին ամփոփ ժողովածուն կազմված է 15 հոդվածներից: Չնայած խոչընդոտներին այն լույս է տեսնելու  այս տարի:

Back to top button