Վերլուծական

Պատերազմի գինը

lenabadeyan
«Չնայած ռազմական ձախողմանը, Ադրբեջանին հաջողվեց հասարակության ուշադրությունը շեղել ներքաղաքական ծանր վիճակից»,- ապրիլի սկզբին տեղի ունեցած ռազմական գործողություններին այսպիսի գնահատական է տվել Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: Ռազմական գործողությունների վերսկսումը վերլուծաբանը իրատեսական է համարել, քանի որ ծրագրված ոչ մի նպատակի հակառակորդն իրականում չի հասել: Որքան էլ տարօրինակ է թվում՝ հայկական կողմի անելիքների մեջ է մտնում նաեւ Ադրբեջանի հասարակությանը արթնացնել եւ իրականությունը ներկայացնել, այլ կերպ ասած, կողմերը պետք է հստակ պատկերացնեն «պատերազմի գինը»:

 

 

«Ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» ամենահավանական սցենարն է առաջիկա շաբաթների կամ ամիսների համար  կանխատեսում Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: Ժամկետները հստակ չեն, քանի որ Ադրբեջանն անկանխատեսելի է, բայց այն, որ կրկին դիմելու է ռազմական արկածախնդրության՝ վերլուծական դաշտում գրեթե ոչ մեկը չի կասկածում: Դրան նպաստում են ինչպես նավթի գների շարունակվող անկումը եւ դրանով պայմանավորված սոցիալ-տնտեսական վիճակի վատթարացումը Ադրբեջանում։ Իշխանությունը կգերադասի դրանից շեղել հասարակության ուշադրությունը, հատկապես, երբ իրականությունից կտրված ադրբեջանցիները պահանջում են ռազմական գործողությունների շարունակում:   ՄԽ-ի ջանքերը ապարդյուն կլինեն, եթե իրավիճակ չփոխվի Ադրբեջանում, ասում է Սերգեյ Մինասյանը՝ նկատի ունենալով, որ ամեն ինչ պետք է անել՝ առաջին հերթին Ադրբեջանի հասարակությանն արթնացնելու եւ իրականությունը ներկայացնելու համար:

 

Այս պահի դրությամբ Հայաստանի առաջնային անելիքները ոչ այնքան դիվանագիտական դաշտում են, որքան ռազմական ոլորտում: Փաստերի հիման վրա պետք է հետեւություններ արվեն եւ շատ կարճ ժամանակահատվում տեղի ունենա ռազմական ուժերի բալանսավորում, ինչը հնարավոր է կանխարգելիչ դեր ունենա: Այս պահի դրությամբ փաստերը վկայում են, որ Ադրբեջանը 4 օրվա ռազմական գործողությունների ընթացքում կիրառել է իր ողջ հնարքներն ու զինատեսակները, որ կուտակել էր 20-25 տարվա ընթացքում: Հայկական կողմը դրան պատասխանել է ընդամենը առաջապահ ստորաբաժանումների միջոցով։ Քառօրյա պատերազմի բացահայտում հայկական կողմի հրետանու արդյունավետությունն էր: Ընդ որում՝ այդ ամենն արել է Արցախի ՊԲ-ը՝ առանց Հայաստանի ԶՈւ-ի օգնության:

 

Կովկաս ինտիտուտի փոխտնօրենն իրատեսական չի համարում վերլուծությունները, թե Ղարաբաղի դեպքում հնարավոր է Քեմփ Դեւիդի սցենարի կրկնությունը: Այս օրերին որոշ վերլուծաբաններ զուգահեռներ են անցկացնում  1973 թվականի արաբա-իսրայելյան պատերազմի հետ, երբ Միացյալ Նահանգների առաջ քաշած պայմանավորվածությունների շնորհիվ խաղաղություն հաստատվեց Եգիպտոսի եւ Իսրայելի միջեւ: Այն ժամանակ Եգիպտոսը ճանաչեց Իսրայելի անկախությունը, իսկ Իսրայելը դուրս բերեց զորքերը Սինայի թերակղզուց: Այդ խնդիրը բոլորովին այլ ենթատեքեստեր ուներ՝ նաեւ աշխարհքաղաքական, հետեւաբար՝ Ղարաբաղի դեպքում, վերլուծաբանը համոզված է՝ կիրառելի չէ:

Ցուցադրել ավելի
Back to top button