Հասարակություն

Հայ զինվորը սննդի կարիք չունի

hasmikdilanyan
Թիկունք- առաջնագիծ կապն ամրապնդելու նպատակով  ապրիլի 3- ին «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնության անդամները  Երևանում ՝ Մաշտոցի պուրակում, առաջին անհրաժեշտության  ապրանքներ ու սնունդ  հավաքեցին, ապա նաեւ  անձամբ առաջնագիծ  հասցրեցին:  Մի քանի օր անց  նախաձեռնության անդամները  Արցախի մայրաքաղաք, հետո նաև զորամասեր մեկնեցին արդեն  արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցների հետ: Ապրիլի 20-ին ու 21-ին «Աջակցենք  սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնության անդամները  երրորդ անգամ են  ակցիա  կազմակերպելու, այս անգամ՝ առաջնագիծ են տանելու ոչ թե սնունդ, այլ առաջին անհրաժեշտության պարագաներ: Երկու անգամ պատերազմական թեժ կետեր այցելած երիտասարդներն  այսօր վստահեցրել են՝ հայ զինվորը սննդի կարիք չունի:

 

 

Առաջնագծում կանգնած զինվորն այս օրերին ոչ թե սննդի, այլ  ավելի շատ հոգեբանական աջակցության կարիք ունի: Ապրիլյան մարտերի թեժ  ու դրան հաջորդած օրերին  ՙԱջակցենք սահմանամերձ բնակավայրերին՚  քաղաքացիական նախաձեռնության անդամները Արցախում հանդիպելով զինվորների հետ այս եզրահանգմանն են եկել: Նրանք Արցախ էին մեկնել մի քանի պատճառով. նախ՝ առաջին գիծ- թիկունք կապն ապահովել , հետո նաև տեղում  ստուգել՝ արդյո՞ք իրական են  պտտվող լուրերը, թե առաջին գծում ծառայող զինվորները սննդի կարիք ունեն: Նախաձեռնության անդամ Սոֆյա Հովսեփյանն այս թեմայով  անձամբ է զրուցել  զինվորների հետ: Վստահեցնում է՝ զինվորները  պատրաստ էին  անգամ քաղցած պայքարել. «18 տարեկան տղաները սողալով  թիկունքից սնունդ են հասցրել զինվորներին: Մենք  այնտեղ իմացանք, թե սնունդ տանող  քանի մեքենա են պայթեցրել:  Կուզենամ, որ այս ամեն ինչը չմոռնանք»:

Յուրաքանչյուրիս խաղաղ օրվա   համար պայքարող  առաջնագծի տղաներն իսկապես ոգևորվում ու զարմանում էին՝ տեղեկանալով, որ Երևանից  Արցախ ու առաջնագիծ են հասել նախաձեռնության անդամները:

Արտուշ Չիբուխչյան. «Հենց զինվորների հետո խոսում էինք, հարցնում էին Երևանից եք եկել: Ուրախանում էին ու հասկանում էին, որ մենակ չեն առաջին գծում, մի ամբողջ հայ ժողովուրդ կանգնած է իրենց թրկունքին»:

Զինվորներին ուղղված նամակներից ու հոգեբանական աջակցությունից բացի «Աջակցենք սաահմանամերձ բնակավայրերին» քաղաքացիական նախաձեռնության անդամները երկու անգամ  իրենց հետ Ստեփանակերտ, այնտեղից էլ առաջնագիծ են տարել ինչպես առաջին անհրաժեշտության ապրանքներ, այնպես էլ սնունդ: Նախաձեռնության համակարգող  Մաքսիմ Սարգսյանը  նման այլ նախաձեռնությունների հեղինակներին կոչ է անում հավաքած իրերն անձամբ  հասցնել զինվորներին:

Երկրորդ անգամ   նախաձեռնության անդամները արտակարգ իրավիճակների նախարարության հետ են մեկնել Արցախ: Մաքսիմ Սարգսյանի փոխանցմամբ, Ստեփանակերտում պարզել են, որ իրենց հավաքած ապրանքն էլ պետք է  պահեստավորվի,  տեսակավորվի՝ հետո նոր բաժանվի զինվորներին, գործընթացը  կարող է մի քանի օր տևել: Նախաձեռնության անդամները որոշել են չպահեստավորել ու անձամբ հասցնել նախ զորամասեր, հետո նաև՝  առաջնագիծ:

Ապրիլի 20-ին ու 21-ին «Աջակցենք  սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնության անդամներն ակցիա են կազմակերպելու, այս անգամ առաջնագիծ են տանելու ոչ թե սնունդ, այլ՝  առաջին անհրաժեշտության պարագաներ:

Ցուցադրել ավելի
Back to top button