Հասարակություն

Վեհափառը Նոբելյան մրցանակակիրներին կոչ է արել ձայն բարձրացնել հանուն խաղաղության

Ապրիլի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ընդունեց բժշկության և հարակից ոլորտների զարգացման գործում Նոբելյան մրցանակի արժանացած Ահարոն Չեխանովերին, Ադա Յոնաթին, Դեն Շեխտմանին և Էյ-իչի Նեգիշին` ուղեկցությամբ Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր պրոֆ. Միքայել Նարիմանյանի և ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Գերագույն հոգևոր խորհրդի անդամ Վիլեն Հակոբյանի:

Հյուրերը Հայաստան են ժամանել Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կազմակերպած «Նոբելյան օրեր Երևանում» գիտական միջոցառման առիթով:

Ողջունելով Նոբելյան մրցանակակիրներին և մաղթելով նորանոր ձեռքբերումներ իրենց գիտական գործունեության մեջ` Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշեց, որ հաճելի է համայն հայության հոգևոր կենտրոնում հյուրընկալել անվանի գիտնականների, ովքեր գիտության ոլորտում մատուցած ծառայություններով մեծ նպաստ են բերել մարդկության բարօր կյանքի կերտման գործին: Ընդգծելով «Նոբելյան օրեր Երևանում» գիտական միջոցառման կարևորությունը` Նորին Սրբությունը նշեց, որ այն առանձնահատուկ հնարավորություն է ընձեռում երիտասարդ գիտնականներին շփվելու գիտության աշխարհահռչակ մշակների հետ և ներշնչվելու նրանց օրինակով:

Հանդիպմանը Գարեգին Բ Կաթողիկոսը խոսեց Ադրբեջանի կողմից վերջին օրերին սանձազերծված ռազմական գործողությունների և դրանց աղետալի հետևանքների մասին` անդրադառնալով նաև իր` Արցախ կատարած երկօրյա այցին:

Այս կապակցությամբ Նորին Սրբությունը կոչ արեց Նոբելյան մրցանակակիրներին, որպեսզի նրանք` իբրև մեծագույն մարդասերներ և անվանի գիտնականներ, իրենց ձայնը բարձրացնեն և նպաստեն Մերձավոր Արևելքում ու այսրկովկասյան տարածաշրջանում խաղաղության վերահաստատմանը: Նմանօրինակ երևույթների կանխարգելման գործում Վեհափառ Հայրապետը կարևորեց միջազգային հանրության դատապարտող կեցվածքը:

Վերջում վերստին իր գնահատանքը հայտնելով ներկաներին` Նորին Սրբությունը մաղթեց, որ Աստված իր երկնառաք խաղաղությունը հեղի մարդկային կյանքի վրա:

Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button