Քաղաքական

Դեսպան Կիրակոսյանի հայտարարությունը` Ադրբեջանի կողմից միջազգային հումանիտար իրավունքի խախտումների վերաբերյալ

ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստին՝ ապրիլի 14-ին, Հայաստանի առաքելության ղեկավար, դեսպան Արման Կիրակոսյանը հանդես է եկել հայտարարությամբ` Ադրբեջանի կողմից միջազգային հումանիտար իրավունքի նորմերի խախտումների վերաբերյալ, հայտնում է ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունը։

 

Դեսպանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված վերջին լայնածավալ հարձակման ընթացքում ադրբեջանական ուժերի կանխամտածված թիրախ դարձան քաղաքացիական բնակավայրերը և խաղաղ բնակչությունը, այդ թվում՝ երեխաներն ու ծերերը: Առաջին զոհերից էր 12 տարեկան Վաղինակ Գրիգորյանը, որը սպանվեց իր դպրոցի առաջ «Գրադ» կայանքի հրթիռակոծության հետևանքով, իսկ ևս երկու դպրոցականներ վիրավորվեցին:
Անդրադարձ է կատարվել Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում Խալափյանների ընտանիքի երեք անդամների, այդ թվում՝ 92-ամյա Մարուսյա Խալափյանի խոշտանգմանը և դաժան սպանությանը: ՀՀ դեսպանը նշել է, որ զինվորականներ Հայկ Թորոյանը, Հրանտ Ղարիբյանը և Քարամ Սլոյանը գլխատվել էին ադրբեջանցի զինվորականների կողմից «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը բնորոշ ոճով:

 

Ադրբեջանական սոցիալական ցանցերը լի էին խոշտանգված հայ զինվորականների լուսանկարներով: Կարմիր Խաչի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի միջնորդությամբ տեղի ունեցած զոհվածների մարմինների փոխանակումից հետո արձանագրվել է, որ հայ զինվորականների մարմինները կրում էին դիակապտության հետքեր:
Դեսպան Կիրակոսյանն ընդգծել է, որ նման բարբարոսական արարքները հակասում են քաղաքակիրթ աշխարհի տարրական նորմերին և իրենցից ներկայացնում են հիմնարար միջազգային փաստաթղթերի, այդ թվում՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի, Երեխաների իրավունքների մասին կոնվենցիայի, Ժնևի կոնվենցիաների և դրանց Լրացուցիչ արձանագրությունների խախտումներ, և կրում են պատերազմական հանցանքներին բնորոշ բոլոր գծերը:

 

Արման Կիրակոսյանը տեղեկացրեց, որ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները բացել են քրեական գործեր՝ հետաքննելու համար իրականացված ջարդերի բոլոր հանգամանքները: Ուշադրություն հրավիրվեց ԵԱՀԿ-ում պաշտոնապես տարածված Արցախի Գլխավոր դատախազության տեղեկատվությանը, որը պարունակում է մանրամասն տվյալներ զոհված և վիրավորված քաղաքացիական անձանց մասին:

 

Հայկական կողմը կարևորեց կատարված հանցանքների դատապարտումը և դրանց իրականացնողներին պատասխանատվության ենթարկումը:

Ցուցադրել ավելի
Back to top button