Տնտեսական

Հայաստանում է Իրանի էներգետիկայի նախարարը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար, ՀՀ և ԻԻՀ միջկառավարական համատեղ հանձնաժողովի իրանական կողմի համանախագահ Համիդ Չիթչիանին: Նշենք, որ Իրանի էներգետիկայի նախարարը Հայաստան է ժամանել՝ Երևանում ապրիլի 13-ին էներգետիկ համագործակցության թեմայով կայանալիք Հայաստան-Իրան-Վրաստան-Ռուսաստան քառակողմ հանդիպմանը մասնակցելու նպատակով:

Վարչապետը ողջունել է Երևանում էներգետիկ համագործակցությանը նվիրված Հայաստան-Իրան-Վրաստան-Ռուսաստան քառակողմ հանդիպման անցկացումը, որը, նրա խոսքով, կնպաստի տարածաշրջանային էներգետիկ համագործակցության զարգացմանը և համատեղ ծրագրերի իրականացմանը:

ԻԻՀ էներգետիկայի նախարարը նշել է, որ նման ձևաչափով համագործակցության զարգացումը նպաստում է տարածաշրջանային ինտեգրացիայի խորացմանը, էներգետիկ կայունության բարձրացմանը և տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանը: Համիդ Չիթչիանն արդյունավետ է գնահատել հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի նիստի աշխատանքները և կարևորել  երկկողմ բարեկամական հարաբերությունների հետագա խորացմանն ուղղված շարունակական քայլերը:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են էներգետիկայի ոլորտում համատեղ ծրագրերի հետագա ընթացքին, միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին, ինչպես նաև այլ ուղղություններով երկկողմ և բազմակողմ համագործակցությանը վերաբերող հարցեր:

Ցուցադրել ավելի
Back to top button