Միջազգային

Մեդվեդեւ. Մոսկվան կշարունակի զենք մատակարարել ինչպես Բաքվին, այնպես էլ Երևանին

marlenahovsepyan

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդն ամփոփել է Երևան և Բաքու այցերը,  որոնց առանցքում Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում վերջին արյունալի իրադարձություններ էին: Դմիտրի Մեդվեդը Մոսկվայի դիրքորոշումներն ամփոփել է «Ռոսիա1» հեռուստաընկերության եթերում՝ «Вести в субботу» հաղորդման վարող Սերգեյ Բրիլյովի հետ հարցազրույցում: Ռուսաստանի վարչապետը հայտարարել է, որ Մոսկվան կշարունակի զենք մատակարարել ինչպես Բաքվին, այնպես էլ Երևանին:

 

«Եթե Ռուսաստանը դադարեցնի զենքի մատակարարումները Հայաստանին և Ադրբեջանին, ապա դա կանի մեկ այլ երկիր»,-  հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Նրա խոսքով, դատարկությունն անպայման կլցվի։ Մի պահ պատկերացրեք, որ Ռուսաստանը հրաժարվի այդ դերակատարությունից։  Մենք լավ հասկանում ենք, որ այդ տեղը դատարկ չի մնա։ Զենք կգնեն այլ երկրներից։ Դրանից մահացությունների թիվը չի կրճատվի, սակայն դա կարող է խախտել հավասարակշռությունը, որն այժմ կա։ Մենք հասկանում ենք, թե ինչպիսին են մեր գործընկերների պահանջները։ Այդ պատճառով ես վստահ չեմ, որ երբ այդ շուկա գան այլ երկրների ներկայացուցիչներ, իրավիճակը կմեղմանա։ Ես կարծում եմ, որ իրավիճակն ավելի ծանր կդառնա»,- ասել է Մեդվեդեկը։

ՌԴ վարչապետի խոսքով՝ զենքը ձեռք է բերվում ոչ միայն երբևէ օգտագործվելու, այլ նաև զսպիչ գործոն դառնալու համար։ «Այդ պահը պետք է գնահատեն հակամարտության բոլոր կողմերը»,- ասել է նա։

Ռուսաստանը հակամարտող երկու երկների գործընկերն է՝ շեշտում է Մեդվեդևը: Հաղորդավարը հիշեցնում է՝ Հայաստանի համար նաև դաշնակից է ՀԱՊԿ-ի շրջանակներում։

«Հայաստանի հետ մենք նաև ՀԱՊԿ  շրջանակներում դաշնակիցներ ենք։ Սակայն մեզ մոտ բոլոր դեպքերում հարաբերությունները միջպետական են։ Դրանք հիմնված են համաձայնագրերի, այդ թվում՝ ռազմա-տեխնիկական ոլորտում համագործակցության համաձայնագրերի վրա

Շեշտելով այս հանգամանքը՝ Մեդվեդևը շարունակում է. «Մենք պատմական կապերով ենք կապված, ունենք որոշակի շրջանում ընդհանուր պետական պատմություն։ Մենք գործընկերային հարաբերություններ ունենք, կողք կողքի ենք ապրում։ Հայաստանից ու Ադրբեջանից մեծ թվով մարդիկ են աշխատում Ռուսաստանում»,- ասում է նա՝ մեկնաբանելով հարցը, թե ինչու են Ադրբեջանն ու Հայաստանը հենց Ռուսաստանին դիմել հակամարտության սրման հարցով։

ՌԴ վարչապետը անդրադառնալով Թուրքիայի դերակատարությանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում՝ Անկարային մեղադրել է կրակի վրա յուղ լցնելու մեջ։  «Հանդարտության կոչերի փոխարեն, գնահատականներ են տալիս։ Ինչո՞ւ ։ Կրակի վրա յուղ են լցնո՞ւմ։ Դա չի կարող չմտահոգել»,-  պատասխանելով Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը, թե Ռուսաստանը հակամարտության կողմ է, ասել է Մեդվեդևը: Նա կրկին հայտարարել է, թե իրենց Հայաստանի ու Ադրբեջանի հետ «դարավոր հարաբերություններն են կապում»։

Ռուսաստանը սկսել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը՝ հրապարակելով իր տեսակետը. նստել բանակցային սեղանի շուրջ ու դադարեցնել կրակը՝ ով էլ որ եղած լինի հրահրողը։ «Հասկանո՞ւմ եք, այն բանից հետո, ինչ տեղի ունեցավ, ինձ թվում է, որ Ռուսաստանի Դաշնությունը, որպես պետություն, ազդեցիկ պետություն, որը գործընկերային ու դաշնակցային հարաբերություններ ունի և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ, պետք է անի հնարավորը, որպեսզի այդ հակամարտությունը չձգձգվի ու չմտնի մշտական փուլ։ Այդ պատճառով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարել է և՛ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, և՛ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին՝ ցուցադրելով մեր դիրքորոշումը»,- ասել է Մեդվեդևը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի դիրքորոշումը հետևյալն է. «Ոչ մի դեպքում չի կարելի թույլ տալ հակամարտության սրումը, ինչ էլ պատահի, ով էլ որ սկսի։ Այժմ կարևորը հանդարտվելն ու կրակը դադարեցնելն է, հրադադար հայտարարելն ու բանակցային սեղանի շուրջ նստելը»։

ՌԴ վարչապետը նշել է, որ հեռախոսազրույցներին այլ շփումներ են հետևել. Մոսկվա են ժամանել գլխավոր շտաբերի պետերը՝ հրադադարի կոնկրետ ռազմական ասպեկտները քննարկելու, նաև՝ դիվանագիտական շփումներ են եղել։ «Քանի որ ես հատուկ այց պետք է կատարեի Հայաստան, նպատակահարմար էր, որ ես այցելեի և՛ Հայաստան, և՛ Ադրբեջան ու երկու երկրների ղեկավարների հետ տեղում քննարկեի այն իրադրությունը, որն ստեղծվել է»,- հավելել է Մեդվեդևը։

Ցուցադրել ավելի
Back to top button