Ս. Սարգսյան.Ռուսաստանը Հայաստանի համար այն չէ, ինչ Թուրքիան՝ Ադրբեջանի
հրապարակված՝ 10.26
լրացված՝ 17.19
Մենք երբեք դեմ չենք եղել Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների տեղակայմանը, սակայն կարծում եմ, որ այդ հակամարտությունը պետք է ամբողջությամբ և վերջնականապես լուծվի։ Այս մասին գերմանական Deutsche Welle հեռուստառադիոընկերության թղթակից Նիկիտա Ժոլկվերի հետ զրույցում ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ խոսելով վերջին օրերին Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման մասին։
«Ինչ եք արել դուք կանխելու համար իրադարձությունների նման զարգացումը»,-անդրադառնալով հայ-ադրբեջանական քառօրյա պատերազմին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ զրույցում հարցրել է գերմանական Deutsche Welle հեռուստառադիոընկերության թղթակից Նիկիտա Ժոլկվերը, ինչին Հայաստանի նախագահն արձագանքել է՝ մենք, կարելի է ասել, արել ենք ամեն ինչ.
«Այդ մասին մենք բազմիցս ահազանգել ենք միջազգային հանրությանը և առաջարկել ենք շփման գծում հետաքննության մեխանիզմներ ներդնել, որոպեսզի պարզ լինի, թե իրականում ով է խախտում զինադադարը»,-նշել է նախագահը:
«Ինչու հայկական կողմը չի ցանկանում, որ հակամարտող կողմերին բաժանեն խաղաղապահները, օրինակ՝ ռուսները»,-լրագորղի հարցին ի պատասխան Սերժ Սարգսյանը նշել է, որ իրենք երբեք դեմ չեն եղել դրան, սակայն կարծում են, որ այդ հակամարտությունը պետք է ամբողջությամբ և վերջնականապես լուծվի։
«Ընդհակառակը, մենք պատրաստակամություն ենք հայտնել ստորագրել համապատասխան փաստաթուղթ, որը կնախատեսի այդ հակամարտության համապարփակ կարգավորում, այդ թվում՝ նաև երկու կողմերի միջև խաղաղապահների ներկայությունը։ Սակայն ադրբեջանցիները դա չեն ցանկացել»:
Գերմանական Deutsche Welle -ի թղթակցի հետ հարցազրույցում ՀՀ Նախագահը ներկայացրել է իր տեսակետն այդ հակամարտության կարգավորման հեռանկարների վերաբերյալ, պատմել է եռօրյա պատերազմից հետո հրադադարի մասին պայմանավորվածությանը հասնելու հարցում Ռուսաստանի դերի մասին։
«Դուք ասում եք, որ Ռուսաստանը ձեր ռազմավարական դաշնակիցն է, հովանավորը, բայց, միևնույն ժամանակ, նա զենք է մատակարարում Ադրբեջանին…»,- հարցրել է լրագրողը։
«Ես երբեք չեմ ասել, որ Ռուսաստանը մեր հովանավորն է, որ ընդհանրապես որևէ երկիր եղել է կամ կարող է լինել մեր հովանավորը։ Եվ Ռուսաստանը երբեք Հայաստանի համար չի կատարել այնպիսի դեր, ինչպես Թուրքիան Ադրբեջանի համար: Այո՛, Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է, մենք Ռուսաստանի հետ ունենք ռազմավարական պայմանագիր»։
«Միևնույն ժամանակ, մենք միշտ բացահայտ ասում ենք, որ դեմ ենք Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելուն»,- հայտարարել է ՀՀ նախագահը։