Քաղաքական

Զենքի վաճառքից, խաղաղապահներից մինչեւ Ադրբեջանի դեմ թղթածրարի կազմում. ԱԺ ճեպազրույցներում

lusinevasilyan
Շփման գծում խաղաղապահ ուժերի տեղակայման, ռազմավարական գործընկերոջ կողմից հակառակորդին զենք վաճառելու, նաև 80-ականների զենքով կռվելու մասին հայտարարություններն այսօր քննարկվել են նաև խորհրդարանում: ԱԺ խմբակցություններն ամփոփել են հերթական քառօրյայի արդյուքները՝ առանց օրակարգային հարցերին անդրադառնալու:


ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը կարծում է, որ 80-ականների զենքով կռվելու մասին հանրապետության նախագահի հայտարարությունը պետք է մեկնաբանել հենց այն տրամաբանությամբ, որով հնչել է:

«Փաստը մնում է փաստ, որ կարողանում ենք հաղթել նրանով, ինչով կռվում ենք»:

Այս օրերի ամենամտահոգիչ հարցերից մյուսը, թե Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսատանից զենքը Ադրբեջանին  ոչ միայն մատակարարվում, այլ նաև կիրառվում  է, ՀՀԿ խմբակցության ղեկավարի խոսքով՝ իշխանություններին  մտահոգում է:  Վահրամ Բաղդասարյանն ասում է, որ չկա որևէ հանդիպում, որի ժամանակ  հարցը չբարձրացվի, նշում է , թե Հայաստանը չի պատրաստվում հաշտվել այն իրավիճակի հետ, որ ՌԴ-ն կրկնապատկի կամ եռապատկի զենքի վաճառքը,  բայց հորդորում է հաշվի առնել մեկ այլ հանգամանք ևս:

«Խնդրում եմ նկատի ունեցեք նաև, որ այո, Ռուսասատանը մեր ռազմավարական գործընկերն է, բայց նաև  Ռուսատսանն ու Ադրբեջանը թշնամական պետություններ չեն»:

Իսկ կարգավորման ինչ առաջարկների մասին էր խոսում Սերգեյ Լավրովը՝ նշելով, թե  ԼՂՀ հակամարտության կարգավորումը մոտ է և որ բանակցային սեղանին նոր նախաձեռնություններ են: Այս հարցին ի պատասխան ՝ ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասում է, որ խոսքը Կազանում 2011-ին  քննարկված  սկզբունքների մասին է:

«Որոնց շուրջ Ալիևը ևս 10 անհավանական առաջարկություն էր ներկայացրել և ձախողել քննարկումը: Խոսքը սրանց մասին է, որևէ այլ համաձայնություն ձեռք բերված չէ»:

Հանրապետության նախագահի Դոյչե Վելլեին տրված  պարզաբանմանը, թե հայկական կողմը դեմ չէ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների տեղակայմանը, բայց  կարծում է, որ հակամարտությունը պետք է ամբողջությամբ և վերջնականապես լուծվի, Վահրամ Բաղդասրայանը ավելացնում է միայն այն, որ  եթե միջազգային կառույցները պնդեն խաղաղապահների ներկայությունը, մենք դեմ չենք:  Ճշտող հարցին ի պատասխան, թե արդյոք պնդո՞ւմ են,  ՀՀԿ խմբակցության ղեկավարան ասում է՝  պնդումներ չկան, բայց առաջարկներ հնչում են:

Այս հարցում նույնքան համոզված չէ ՀՅԴ խմբակցության ղեկավարը:

«Քանի դեռ կարողանում ենք վերահսկել մեր սահմանների պաշտպանությունը և վստահ եմ, որ կարողանալու ենք, խաղաղապահների տեղակայման անհրաժեշտությունը չկա»:

Արմեն Ռուստամյանի գնահատմամբ՝ քառօրյա պատերազմից հետո  ստեղծվել է նոր իրավիճակ, որը նոր հետևություններ  է պահանջում: Դաշնակցության ներկայացուցիչն, ըստ էության, չի ժխտում, որ այս ընթացքում Ադրբեջանը դիվանագիտական ինչ-ինչ հաջողություններ գրանցել է` կարողանալով խեղաթյուրել փաստերը և  ագրեսորի փոխարեն որպես զոհ ու պահանջատեր  ներկայանալ:

«Այդ գլխիվայև ծուռ տված պատկերը պետք է վերականգնվի: Դրա համար շատ ավելի ամրապնդված փաստեր ունենք այսօր, որոնցով պետք է թղթածրար կազմենք Ադրբեջանի դեմ»:

ԲՀԿ-ն նույնպես միջազգային համարժեք արձագանք  ձևավորելու մասին է խոսում՝ ընդծելով, որ տեղի ունեցածի մեջ պատասխանատվության մեծ  բաժինը հենց միջազգային հանրությանն է, ավելի ստույգ ՝Մինսկի խմբինը: Համանախագահող երկրների արտաքին հետախուզության մարմինները հստակ տիրապետում են տեղեկությանը, որ հարձակվող կողմը Ադրբեջանն է ՝ ասում է Նաիրա Զոհրաբյանը:

«Անգամ տիրապետելով այդ փաստական տեղեկություններին՝ նրանք հավասարության նշան դրեցին կողմերի միջև, ես իրենց համարում եմ մեղսակից տեղի ունեցած ողբերգական  դեպքերի համար»:

Զոհրաբյանը նույնպես խոսում է Ադրբեջանի  դեմ  փաստերի թղթածրար կազմելու մասին, ասում, որ  իր ձեռքի տակ եղած փաստերն արդեն ուղարկել է ԵԽԽՎ մարդու իրավունքների հանձնակատարին: Կարծում է, որ հարցը հայկական պատվիրակությունը պետք է կարողանա հարցը  լուրջ քննարկման առարկա դարձնել ԵԽԽՎ հերթական նստաշրջանի ընթացքում: Այն մեկնարկելու է ապրիլի 18-ին:

Ցուցադրել ավելի
Back to top button