Հասարակություն

Արմավիրցի դպրոցականների օգնությունը՝ Արցախում կռվող զինվորներին

satikisahakyan
Արմավիրցի դպրոցականներն օգնություն են ուղարկում Արցախում կռվող զինվորներին, իրենց զորակցությունը հայտնում և աղոթում նրանց կյանքի ու հաղթանակի համար: Նորօրյա սերունդը հայրենասիրական ոգով է դաստիարակվում նաև իրենց ուսուցիչների օրինակով: Արտիմետի դպրոցի տնօրենը արդեն երեք օր կռվում է  Լեռնային Ղարաբաղում:

Արմավիրցի դպրոցականների կազմակերպած օգնությունը վաղը կհասնի Արցախի տարբեր վարչական շրջաններ ու կգտնի շփման գծում կռվող հասցեատիրոջը:  Չոր սնունդ, քաղցրավենիք, դեղորայք, հագուստ, ծխախոտ, սրանք Արմավիրի մարզի դպրոցականների ջանքերով ձեռք բերված օգնությունն է իրենց ավագ ընկերներին և  եղբայրներին: <<Արցախում կռվող բոլոր զինվորները քաջ են և մեր եղբայրներն են>>,- ասում են  Վարդան Բախշյանի անվան  Արմավիրի թիվ 2 դպրոցի 7-րդ դասարանի աշակերտները, որոնք դասավորում էին Արցախ ուղարկվող օգնության տուփերը:  Ապրիլի 2-ից Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով թեժացող մարտերը հանգիստ չեն տվել նաև մեր աշակերտներին: Վարդան Բախշյանի  հայրենասիրական գաղափարներով պարուրված դպրոցականները նույնպես իրենց լուման են դրել  արցախյան հակամարտության գոտում գտնվողներին աջակցելու գործում:

Անդրանիկ Օզանյանի անվան  Արմավիրի թիվ 5 դպրոցը կարծես վերածվել է օգնության շտաբի, որտեղ հավաքվում են Արմավիրի տարածքի բոլոր գյուղերի, Արմավիր և Մեծամոր քաղաքների դպրոցներից բերվող օգնության տուփերը: Արմավիրի թիվ 5 դպրոցի տնօրեն Մաշա Իվանյանը նշեց.<<Խանդավառված մեր երեխաների նախաձեռնությունը ցույց տվեց, որ մենք իզուր չենք աշխատել, ունենք հայրենասեր սերունդ>>:

Նույն  դպրոցի պատմության ուսուցիչ  Արթուր Ստեփանյանն արմատներով  սասունցի է և սասունցիներին բնորոշ խառնվածքով  ու  արյան կանչով  լայնածավալ մարտական գործողությունների վերսկսման առաջին օրվանից ներկայացել է  Արմավիրի զինկոմիսարիատ, հերթագրվել և սպասում է կանչին: <<Ուզում եմ օրինակ ծառայել մատաղ սերնդի համար, զուտ խոսքեր չեն , ես ամեն վայրկյան պատրաստ եմ գնալու առաջին գիծ, կռվել իմ պահած դիրքում, որը ամենաթեժ կետերից մեկն է >>:

Նոր սերնդին հայրենասիրության դասեր տալու անձնական օրինակով ապրիլի 2-ից արցախյան հակամարտության  գոտում է Արմավիրի մարզի Վաղարշապատի տարածքի Արտիմետ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Արտակ Գյոզալյանը: Նա արցախյան պատերազմի մասնակից է: Դպրոցը հուսալի ձեռքերում է, աշխատում են այնպես, որ չնկատվի տնօրենի բացակայությունը: Արմավիրի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանը եղել է դպրոցում և նկատել, որ ամեն ինչ նորմալ ընթացք ունի:

Աշակերտների հավաքած օգնության տուփերում իրենց հոգին է դրված, նրանց նամակները ոչ միայն տուփերի մեջ են, այլև փակցաված են արկղերի ու փաթեթների վրա, որով իրենց ոգեղեն աջակցությունն ու զորակցությունն են բերում զինվորին:

Մեծամոր քաղաքում այսօր դպրոցականների երթ է կազմակերպվել նաև դեպի  սուրբ Ղազար եկեղեցի, որտեղ   մոմեր են վառվել և աղոթ բարձրացվել առ աստված՝  մեր զինվորների առողջության ու հաղթանակի համար: Մեծամոր քաղաքի թիվ մեկ դպրոցի տնօրեն Նունե Գևորգյանը տպավորված էր նույնիսկ առաջին դասարնի երեխաների քայլով,նրանք  իրենց նախաճաշիկի 50 դրամը հատկացրել են զինվորներին առաջին անհրաժեշտության  պարագաների ձեռք բերելուն: Աշակերտները աղոթքի խոսքերով նամակներ են դրել տուփերի մեջ: Նունե Գևորգյանը տպավորված էր   5-րդ դասարանի աշակերտի նամակով՝ ուղղված զինվորին՝ ես շատ եմ ուզում ձեր կողքին լինել, կռվել ձեզ հետ, բայց չեմ կարող, ես դեռ փոքր եմ:  Այս ոգով դաստիարակված երեխան  հայրենիքի օրհասական պահին մարտի դաշտում կլինի, համոզված է տնօրենը:

Ցուցադրել ավելի
Back to top button