Հասարակություն

Ադրբեջանի հետ պետք է խոսել այն լեզվով, որով ինքն է խոսում. Մանվել Եղիազարյան

տեղադրված՝ 13.46-ին

լրացված՝ 16.51-ին
karenghazaryan

Ալիեւը իրավիճակը լարելու հարցում շահագրգիռ է, քանի որ առաջացած իր ներքին ճգնաժամի պայմաններում հասարակությանը պետք է փորձի ցույց տալ, թե որտեղ են այն հսկայական գումարները, որոնք իբր ծախսել է բանակի վրա: Այս կարծիքին է լեգենդար «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը: Լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ նա հիացմունքով է խոսել այս օրերին  հայ ժողովրդի ցուցաբերած համախմբության մասին՝ համոզմունք հայտնելով, որ նման դեպքերում հային հաղթելն անհնար է:

 

 

Լեգենդար «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը համոզված է, որ ադրբեջանական ավանտյուրայի մեջ խառն է Թուրքիայի մատը: Ալիեւը կատարում է տարածաշրջանը թեժացնելու Էրդողանի հրահանգը՝ համոզված է ազատամարտիկը:

Լեգենդար հրամանատարի խոսքով՝ Ադրբեջանի հետ պետք է խոսել այն լեզվով, որով ինքն է խոսում: Մանվել Եղիազարյանի գնահատմամբ՝ այսօր Ադրբեջանը պարզապես հետախուզական մարտ է վարում՝ շոշափելով իր ուժերն ու փորձելով իր տեխնիկական հնարավորությունները: Մանվել Եղիազարյանի կարծիքով՝ պատերազմն անխուսափելի է եւ պետք է միահամուռ պատրաստվել պատերազմի: Նա նկատել է, որ հայ ժողովուրդն իրեն հիանալի է պահում այս օրերին եւ համոզված է, որ հայ ժողովուրդը պատերազմում փայլուն հաղթանակ է տանելու, եւ ինչպես հայր Ալիեւը, որդի Ալիեւը նույնպես ուղղակի զինադադար է խնդրելու: «Արաբո» ջոկատի հրամանատարը տեղեկացրել է, որ իրենք ռազմական հրամանատարությանը ներկայացրել են 650 հոգու, ովքեր այսօր սպասում են առաջին գիծ մեկնելու հրահանգի, իսկ հազարավոր երիտասարդներ էլ դիմում են հերթագրվելու համար:

Դրա կարիքը, սակայն, Մանվել Եղիազարյանի գնահատմամբ, այսօր ամենեւին էլ չկա:

Լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ Արցախին թիկունքային աշխատանքներում օգնելու պատրաստակամություն են հայտնել նաեւ «Սատար» հաշմանդամների հասարակական կազմակերպության ներկայացուցիչները: Կազմակերպության անդմաներից Գագիկ Դանիելյանն ու Խաչիկ Գեւորգյանը շեշտել են, որ իրենք նույն նվիրյալներն են՝ հոգով առողջ ու ուժեղ:

Ավելացնենք, որ «Սատար» հաշմանդամների ազմակերպությունը համախմբում է 90-ականներին Արցախյան ազատամարտում հաշմանդամություն ձեռք բերած ազատամարտիկներին:

Ցուցադրել ավելի
Back to top button