Քաղաքական

Կնեսետի փոխխոսնակը խստորեն դատապարտել է Ադրբեջանի ռազմական գործողությունները ԼՂ դեմ

Ապրիլի 4-ին ԱԺ Հայաստան-Իսրայել բարեկամական խմբի ղեկավար Արտակ Զաքարյանը, խմբի անդամներ Ալեքսանդր Արզումանյանը, Էդմոն Մարուքյանը, Կարեն Բեքարյանը, Թեւան Պողոսյանը, Հրանտ Բագրատյանը եւ Նաիրա Կարապետյանը հանդիպել են Իսրայելի Կնեսետի փոխխոսնակ, Իսրայել-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Թալի Պլոսկովի գլխավորած պատվիրակության հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների խորհրդարանական հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցեր: Խորհրդարանականները խոսել են երկու ժողովուրդներին կապող պատմական ընդհանրություններից, ներկայում ունեցող միանման խնդիրներից, սեփական երկրի սահմանների պաշտպանության եւ անվտանգության թեմաներից:

Ողջունելով հյուրերին՝ Արտակ Զաքարյանը կարեւորել է Իսրայելի խորհրդարանականների մասնակցությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին: Հանձնաժողովի նախագահը, խոսելով հայ-ադրբեջանական հարաբերություններից եւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրից, նշել է, որ Հայաստանը ձգտում է բոլոր տիպի խնդիրները լուծել խաղաղ եւ քաղաքական ճանապարհով: Արտակ Զաքարյանը նշել է, որ ապրիլի 2-ի գիշերը ադրբեջանական զինուժը հարձակվել է ղարաբաղյան դիրքերի վրա: Ընդգծվել է, որ մինչ այդ հրետակոծվում էին նաեւ Հայաստանի սահմանները, սակայն վերջին օրերի զարգացումն ուղղված է եղել միայն Լեռնային Ղարաբաղի դեմ՝ նպատակ ունենալով գնդակոծել ԼՂՀ խաղաղ բնակչությանն ու պաշտպանական ստորաբաժանումներին: Ըստ պարոն Զաքարյանի՝ Ադրբեջանը ռազմական ագրեսիա է ծավալել՝ խախտելով բոլոր պայմանավորվածություններն ու բանակցային սկզբունքները:

Հանձնաժողովի նախագահը նշել է, որ Ադրբեջանը փորձում է ԼՂ հիմնախնդիրը տանել ռազմական լուծման ճանապարհով: Արտակ Զաքարյանի խոսքով՝ Ադրբեջանը կիրառել է լայն զինանոց: «Հայաստանը եւս տարբեր երկրներից ձեռք է բերում զենք ու զինամթերք, սակայն դրանք ուղղված են խաղաղության պահպանմանը եւ տարածաշրջանային կայունությանը»,-ասել է պարոն Զաքարյանը: Նշվել է, որ Հայաստանը, փաստացի, ԼՂ-ի հետ միասին հանդիսանում է տարածաշրջանի կայունության միակ երաշխավորը: Խաղաղության հասնելու ամենակարճ ճանապարհը, ըստ Արտակ Զաքարյանի, ԼՂ-ի եւ ՀՀ-ի հետ երկխոսությունն է՝ ԵԱՀԿ ՄԽ բանակցային ձեւաչափում:

Հյուրերը եւս ընդգծել են Իսրայելի Կնեսետի եւ ՀՀ Ազգային ժողովի հետ հարաբերություններն ակտիվացնելու անհրաժեշտությունը, ինչպես նաեւ պատրաստակամություն հայտնել աջակցելու համագործակցությանը փոխադարձ կարեւորություն ունեցող մի շարք ոլորտներում՝ տնտեսական, մշակութային, զբոսաշրջության:

Խոսելով ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի ունեցող իրադարձություններից՝ Իսրայել-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար, Կնեսետի փոխխոսնակ Թալի Պլոսկովը խստորեն դատապարտել է Ադրբեջանի ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի դեմ եւ կոչ է արել հաստատել խաղաղություն: Կնեսետի պատգամավորները նշել են, որ խնդրի միակ լուծումը խաղաղությունն է, որը երկարատեւ գործընթաց է:

Հայ խորհրդարանականները եւս կարեւորել են խորհրդարանական կապերի զարգացումը, խոսել են տարածաշրջանային խնդիրներից, անդրադարձ կատարել Իսրայելում հայկական համայնքի եւ Հայաստանում հրեական համայնքի կարեւոր դերակատարմանը բարեկամական հարաբերություններում:

Ցուցադրել ավելի
Back to top button