Քաղաքական

Ադրբեջանն իր հաշվարկներում ձախողվեց՝ ասում են վերլուծաբանները

karenghazaryan

Միջազգային հանրության արձագանքները աննախադեպ էին, սակայն, շատ ավելի արդյունավետ կլինեին, եթե հասցեական ուղղվեին Բաքվին, կարծում է ԼՂՀ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հասարակական խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանը: Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի գնահատմամբ՝ պատերազմը կանգնեցնելու միջազգային կոչերը հստակորեն ուղղված են Ադրբեջանին, քանի որ բոլորին է ակնհայտ, որ հենց նա է նախահարձակ եղել:  Նա վստահ է, որ միջազգային արձագանքը նույնպես խոսում է Ադրբեջանի մշակած ծրագրերի ձախողման մասին: Վերլուծաբան Արա Պապյանը նույնպես համոզված է, որ այլեւս կարող ենք ասլել՝ Ադրբեջանն ու նրան սատարող Թուրքիան իրենց հաշվարկներում ձախողվել են:

 

Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի խոսքով՝ Ադրբեջանի ագրեսիան անսպասելի էր բնակչության համար, բայց ոչ բանակի: «Այն, ինչ ցույց տվեցին մեր բանակի գործողությունները, խոսում են նրա մասին, որ մեր բանակի համար դա անսպասելի չի եղել»: Պաշտպանության նախկին նախարարի ձեւակերպմամբ՝ այսօր արդեն իսկ կարելի է ասել, որ Ադրբեջանի մշակած ծրագիրը ձախողվեց: Իր նախաձեռնած ոտնձգությամբ էլ Ադրբեջանը ստացավ բոլորովին հակառակ արդյունք, թե իր ներքին կյանքում, թե՝ արտաքին՝ շեշտել է Հայաստանի պաշտպանության նախկին նախարարը:

«Հասկանալով, որ լայնածավալ պատերազմով ինքը չի կարող լուծել հարցը, բանակցային ճանապարհը իր համար ընդունելի չէ՝ նա գնում է այսպիսի սադրանքների. շանտաժի է ենթարկում Հայաստանին, համանախագահներին եւ այլ պետությունների, որոնք, ասենք, կապ ունեն՝ նավթի արտահանման եւ այլ շահեր տեսանկյունից: Նա այս գործողություններով փորձեց նաեւ ճնշել համանախագահներին: Բայց այդպես չի լինի եւ չի կարող լինել: Այնպես որ, այն խնդիրները, որ իրենք դրել են իրենց առջեւ՝ ներքին, արտաքին, ձախողվել է մեր բանակի գրագետ եւ հստակ գործողությունների արդյունքում»,- ասում է Վաղարշակ Հարությունյանը։

Ըստ Հայաստանի պաշտպանության նախկին նախարարի՝ դա են վկայում նաեւ միջազգային բոլոր արձագանքները, որոնք միահամոռ մեկ կոչ են անում՝ կանգնեցնել պատերազմը: Վաղարշակ Հարությունյանի խոսքով՝ ոչ հասցեկան կոչ անելու առումով հարցեր կան եւ դրանք հասկանալի են, սակայն հստակ է, թե  պատերազմական գործողություններ ով է սկսել եւ, հետեւաբար, թե ում են ուղղված այդ կոչերը:

Վերլուծաբան Արա Պապյանը պատահական չի համարում, որ Ադրբեջանի՝ նման ծավալով ագրեսիվ պահվածքը հաջորդեց Էրդողան-Ալիեւ հանդիպմանը: Հատկապես ռուս-թուրքական հարաբերությունների սրումից հետո Թուրքիան անմիջապես սպառնաց Ղարաբաղյան հակամարտության ապասառեցմամբ՝ նկատել է Արա Պապյանը՝ շեշտադրելով, որ այն, ինչ հաշվարկել էր թուրք-ադրբեջանական տանդեմը՝ առաջին հերթին ռազմական առումով, չկարողացավ իրականացնել:

Արա Պապյանի գնահատմամբ՝ այժմ կարեւոր է, թե ինչպես մենք այդ արդյունքից մեզ օգուտ կբերենք՝ տարբեր առումներով: Նա նկատել է, որ անգամ ամենաաննշան դիրքի մնալն Ադրբեջանի ձեռքում նրանք կհամարեն որպես հաղթանակ: Մեր խնդիրն այսօր առնվազն նախկին դիրքի վերականգնումն է, շեշտել է վերլուծաբանը:

Արա Պապյանը նկատել է, որ Ադրբեջանը տակտիկական այնպիսի մարտավարություն էր որդեգրել, որպեսզի զոհերի մեծ թիվ տա: Այս տարօրինակությունը հասկանալի է դառնում, երբ աստիճանաբար պարզվում է, որ զոհերի մեջ մեծ  թիվ են կազմում թալիշները, լեզգիները եւ այդ երկրում ապրող այլ ազգային փոքրամասնություններ: «Այսինքն, Ադրբեջանը նաեւ կեղտոտ խաղ է խաղում: Մի կողմից, նրանց հանում է հայերի դեմ՝ հայերին կսպանեն, լավ է, մյուս կողմից էլ՝ կսպանվեն, էլի լավ է իրենց համար: Կարծում եմ, որ նման հարցեր պիտի բացահայտվեն՝ ե՛ւ խաղաղ բնակչության դեմ ուղղորդված գնդակոծությունները, ե՛ւ իր սեփական ազգային փոքրամասնությունների նկատմամբ վերաբերմունքը»:

ԼՂՀ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հասարակական խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանի խոսքով՝ Ադրբեջանը հերթական անգամ  ռազմական դիվանագիտություն է  փորձում բանեցնել՝  մեծացնելով ծավալն ու ինտենսիվությունը: Միակողմանի զիջումներ ստանալու Ադրբեջանի փորձերը միշտ են  ձախողվել՝ շեշտել է Մասիս Մայիլյանը՝ հավելելով, որ հայոց բանակը հերթական անգամ կարողանում է կանգնեցնել ադրբեջանական ոտնձգությունները:

Նա շեշտել է, որ Արցախում մարտական ոգին բարձր է եւ այդ ամենը ցույց է տալիս, որ Ադրբեջանը չի հասնելու իր նպատակներին: «Մեր գործողությունները լուրջ հարված են ադրբեջանական կողմին: Նա կրում է անհամեմատ մեծ կորուստներ եւ պետք է հասկանան, որ չպետք է նման գործողություններ կատարեն  Արցախի կամ ՀՀ սահմաններում»։

Մասիս Մայիլյանը կարեւորել է, որ հայկական կողմն առաջին հերթին ապավինում է իր ուժերին՝ հաջողությունների հասնելով: Նրա խոսքով՝ մյուս կողմից անհրաժեշտ է իրավիճակը ճիշտ օգտագործել, որպեսզի Ադրբեջանը հասկանա՝ նմանատիպ քայլերի դեպքում ավելի շատ կորուստներ է ունենալու, քան այն, ինչին ձգտում է:

Ցուցադրել ավելի
Back to top button