Քաղաքական

Պաշտպանության փոխնախարարն ընդունել է ռազմական կցորդներին

Ապրիլի 3-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդներին:

Հանդիպման ժամանակ ներկայացվել է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրավիճակի վերաբերյալ բրիֆինգ, որի ընթացքում պարզաբանվել է Ադրբեջանի կողմից լայնամասշտաբ ռազմական ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակը և հակառակորդի հարձակողական գործողությունները կասեցնելուն ու չեզոքացնելուն ուղղված ԼՂՀ ՊԲ գործողությունների բովանդակությունը: Քննարկվել են նաև Ադրբեջանի ագրեսիայի հնարավոր պատճառները և դրանից վերջինիս սպասելիքները:

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալն իր խոսքում նշել է, որ հայկական կողմը պատրաստ է ցանկացած զարգացման, անհրաժեշտության դեպքում՝ ընդհուպ մինչև ուղղակի ռազմական աջակցության ԼՂՀ պաշտպանությանը:

Հանդիպման վերջում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը պատասխանել է ներկաների հարցերին:

Ցուցադրել ավելի
Back to top button