Քաղաքական

Այսօր նախաձեռնությունն անցել է հայերի կողմը՝ ասում է Արա Պապյանը

annanazaryan

Իրավիճակը շփման գծում շարունակում է  բավականին լարված մնալ: Հակառակորդը թեժ լարվածությունը պահպանում է առաջնագծում, հակառակ Ադրբեջանի ՊՆ-ը այն հայտարարության,  թե իբր միակողմանի դադարեցնում են ռազմական գործողությունները: Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը «Ռադիոլուրի» հետ զրույցում հստակեցրեց, որ  հակառակորդը չի դադարեցրել ռազմական գործողությունները, Ադրբեջանը սուտ լուրեր է տարածում։

«Ռադիոլուրի» հետ զրույցում Մոդուս Վիվենդի կենտրոնի ղեկավար Արա Պապյանը, վերլուծելով ստեղծված վիճակը, նշեց, որ սա պայմանավորված է Վաշինգտոնում  կայացած  Էրդողան-Ալիև  հանդիպմամբ:  Թուրքիան հորդորել է Բաքվին հիմա սկսել ռազմական գործողություններ, քանի որ ամենահարման պահը հիմա է, վաղը ուշ կլինի,  քանի որ տնտեսական քաղաքական վիճակը վատանում է Ադրբեջանում։

Նա կարծում է՝ ռազմական գործողությունների դադարեցման  մասին Ադրբեջանի ՊՆ հայտարարություններին Հայաստանը չպետք է համաձայնի։ «Բոլոր դիրքերը, որ գրավել են, պետք է ազատագրենք, քանի որ եթե մնա՝ դա կոգևորի նրանց: Կարծում ենք, որ Ադրբեջանը պիտի պատժվի ու կորցնի երկու խոշոր բնակավայր»։

Կովկաս ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով՝ այն, ինչ կատարվում է,  լայնածավալ ռազմական գործողություններ չպետք է համարել։ Եթե այդպես լիներ՝ հակառակորդը զուգահեռ պետք է  ռմբակոծեր Ստեփանակերտը, սակայն դա տեղի չի ունենում, ինչից Իսկանդարյանը եզրակացնում է, որ  նպատակը լոկալ հարվածներ հասցնելն է՝ Վաշինգտոնում Ալիևի անհաջողություններով պայմանավորված։ «Կարծում եմ՝ այս սրացումը  ինչ-որ ձևով  կկանգնեցվի առաջիկա օրերի ընթացքում»,- ասում է Կովկասի ինստիտուտի տնօրենը։

Քաղաքագետը, ի տարբերություն Կանադայում Հայաստանի նախկին դեսպան Արար Պապյանի, ներկա  լարվածությունը չի պայմանավորում ռուս-թուրքական հարաբերությունների լարվածությամբ:

Ցուցադրել ավելի
Back to top button