Քաղաքական

Ադամ Շիֆը խստորեն դատապարտել է ԼՂ նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ դատապարտել է Ադրբեջանի կողմից ԼՂՀ-ի դեմ իրականացված նոր հարձակումը։

Հայտարարությունում, մասնավորապես ասվում է.

«Ես խորապես մտահոգված եմ եւ դատապարտում եմ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի նոր սարսափելի հարձակումը, որի հետեւանքով հայկական կողմից զոհվել է 18 մարդ, այդ թվում մեկ երեխա։ Այն, որ այդ հարձակումը տեղի է ունեցել Վաշինգթոնից Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վերադարձից մի քանի ժամ անց, որտեղ նա հանդիպել էր ԱՄՆ փոխնախագահ Բայդենի եւ պետքարտուղար Քերրիի հետ, ցույց է տալիս, որ ԱՄՆ-ի եւ Մինսկի խմբի քաղաքականությունը չի աշխատում։

Քանի դեռ Ադրբեջանը չի բախվում լարվածությունը մեծացնելու եւ բռնությունների իր քաղաքականության ուժեղ եւ զգալի հետեւանքներին, եւ նենգորեն հրաժարվում է համաձայնել շփման գծում միջազգային դիտարկումների մեխանիզմների կիրառմանը, քիչ է հակամարտության լուծման եւ հետագա արյունահեղությունը կանխելու հավանականությունը։

Այդ քաղաքականության իրական զոհը Արցախի ժողովուրդն է, որը պարզապես ցանկանում է ապրել ազատ դիպուկահար կրակոցներից, ականանետային ականակոծումներից եւ իրականացնել իր ինքնորոշման իրավունքը»,-ընդգծել է Ադամ Շիֆը։

Ցուցադրել ավելի
Back to top button