ԿարևորՏնտեսական

Նոր ՀՕ- ն տնտեսության երկարաժամկետ աճի ապահովման նպատակ ունի (լրացված)

 

hasmikdilanyan

Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված են եղել չորս տասնյակից ավելի հարցեր: Գործադիրը հաստատել է Հարկային օրենսգրքի նախագիծը։ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումանը ներկայացրել է հարկային օրենսդրությունում սպասվող սկզբունքային փոփոխությունները, նշել, որ նոր հարկային օրենսգիրքը պետք է  բիզնեսի համար կայունություն և կանխատեսելիություն ապահովի: Միաժամանակ՝ չի բացառել, որ օրենսգրքի ընդունումից հետո   փոփոխություններ  կատարվեն: 

Ի դեպ՝ մինչև ապրիլի երեքը տարածքային կառավարման ու զարգացման, ինչպես նաև էներգետիկայի ու բնական պաշարների նախարարությունները պետք է ազատեն կառավարական թիվ 2 շենքում զբաղեցրած տարածքներն ու տեղափոխվեն կառավարական թիվ 3 շենք:

 

Հարկային օրենսգրքի նախագիծը հաստատված է: Մինչ փաստաթուղթը վերջնական տեսքի բերելը, ՊեԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանի խոսքով, լայն քննարկումներ են կազմակերպվել: Նախագծի կարևոր սկզբունքներից մեկը տնտեսության երկարաժամկետ աճի ապահովումն է:  «Մի շարք արմատական   միջոցառումներ ենք առաջարկում»,- հայտարարեց ՊԵԿ նախագահի տեղակալը:

Օրենսգրքի ընդունումից հետո ոչ միայն արտահանողները հնարավորություն կունենան ստանալ  ԱԱՀ գումարները, այլ նաև այն տնտեսվարող սուբյեկտները, որոնք  լայնածավալ ներդրումներ են կատարել: 6 ամսվա կտրվածքով  նրանց հետ կվերադարձվի ԱԱՀ- ն , որպեսզի   կարողանան գումարներն  օգտագործել։  Արտադրական նշանակության սարքավորումներ, ինչպես նաև հումքի տեսակներ երրորդ երկրներից ներմուծվելու դեպքում ԱԱՀ-ն կվճարվի ներմուծման օրվանից  հաշվված տասը օրվա ընթացքում, այլ՝ մինչև հաջորդ ամսվա 20-ը։

Ուշադրության կենտրոնում են նաև ՀՀ-ում արտահանում իրականացնող վերամշակող տնտեսվարողները: Նրանք կազատվեն ԱԱՀ-ից: «Այս դրույթը ՀՀ վարչապետի հանձնարարականով կառանձնացվի ու կսկսվի ավելի վաղ կիրառվել»,- ասել է ՊԵԿ նախագաի տեղակալը։

Փոքր բիզնեսը կօգտվի այն արտոնություններից, որոնք  այժմ կիրառվում են: Հարկային նոր օրենսգրքով կարևորվելու է հարկային կարգապահությունն ու թափանցիկությունը՝ խոստացավ Միրումյանը։ «Նոր հարկային օրենսգիրքը բիզնեսի համար պետք է ապահովի կայունություն և կանխատեսելիություն, սակայն մենք չենք բացառում, որ օրենսգրքի ընդունումից հետո փոփոխություններ կատարվեն։ Բայց հիմնարար մոտեցումները երկարաժամկետ հատվախծում փոփոխությունների չեն ենթարկվելու»:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարծում է, որ   քննարկման առարկա կարող են դառնալ  շատ  մանր հարցեր: Մեկ շաբաթ էլ դրանք կքննարկվեն ու կներկայացվի ԱԺ։

2018թ  Հայաստանի կառավարությունը   անցում է  կատարելու Ծրագրային կամ արդյունքների վրա հիմնված  բյուջետավորման: Բյուջեի տեսքը արմատապես փոխվելու է՝ վստահեցնում է ֆինանսների նախարարի տեղակալ Պավել Սաֆարյանը՝ հստակեցնելով՝ այս կամ  այն գերատեսչությանը  ֆինանսներ հատկացնելիս հաշվի են առնվելու նաև ծրագրից  ակնկալվող   արդյունքները: Բարեփոխումը, ըստ ֆինանսների նախարարի տեղակալի,  աշխարհում 20 տարի է  տևում, իսկ Հայաստանում երկու տարի կտևի:  Վարչապետ Հովիկ Աբրահամյանը  կարևորում է   Ծրագրային կամ արդյունքների վրա հիմնված  բյուջետավորման գործընթացը

Տեղեկատվական տեխնոլոգիաների  զարգացման խորհուրդն առաջարկել, կառավարությունն էլ այսօր հաստատել է  նոր դրույթ՝  ԱԱՀ-ի  մասին օրենքում: Սուբսիդիաների, սուբվենցիաների ու դրամաշնորհների շրջանակներում իրականցվող գործարքներն այսուհետ  կազատվեն ԱԱՀ-ից:  Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի տեղեկացմամբ, մեր երկրում մի շարք ծրագրեր են իրականացվում, որոնք ֆինանսավորվում են պետբյուջեից՝ համաֆինանսավորման սկզբունքով կամ դրամաշնորհներով:

Այս ծրագրերը իրականցում են կոնկրետ որևէ ճյուղի կամ գործունեության որևէ տեսակի խթանման նպատակով,և իրականացնելիս հարկվում են ԱԱՀ-ով: Որպես օրինակ, նախարարը նշել է ՙԱրմռոբոտիքս՚ եւՙՌոբոտանշինություն՚ ծրագրերը։ ԱԱՀ գանձելիս,  Մինասյանի խոսքով, նվազումէ  ծրագրերի արդյունավետությունը: Նախարարի տեղեկացմամբ , ընթացիկ վերահսկողության միջոցով  կվերահսկվեն ծրագրերը, և անհրաժշետության դեպքում ԱԱՀ- ն բյուջե կվերադարձվի:

Պետական տարբեր գերատեսչությունների  կողﬕց վարձակալած տարածքները նույնպես վարչապետի ուշադրության կենտրոնում են: Գործադիրն այսօր որոշեց   վաղաժամկետ լուծել ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության և «Էրեբունի-Պլազա» ՍՊԸ-ի ﬕջև կնքված անշարժ գույքի վարձակալության պայմանագիրը, քանի որ ՀՀ Սփյուռքի նախարարությունը ժամկետից շուտ ՝ 2016 թվականի փետրվարի 20-ից ազատել է ՍՊԸ-ի տարածքները և տեղափոխվել կառավարական թիվ 2 շենք:

Վարչապետը պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանից հետաքրքրվեց՝ տարածքների վարձակալության  համար տարեկան որքան գումար էր հատկացվում «Էրեբունի-Պլազա»-ին: Սահակյանը նշեց, որ 82-83 ﬕլիոն դրամ: Արձագանքելով ՝ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ  մարտի 30-ին եղել է ﬕ քանի շենքերում, որոնք գտնվում  են տարբեր գերատեսչությունների վերահսկողության ներքո: «Մենք ունենք բազմաթիվ շենք-շինություններ, որոնք գտնվում են բարձիթողի վիճակում, որոնք չենք օգտագործում ﬔր նպատակների համար: Ունենք գերատեսչություններ,  ՊՈԱԿ-ներ, որոնք վարձակալել են տարածքներ: Հարկավոր է, որպեսզի գերատեսչությունները,  նախարարներն այս հարցին անդրադառնան: «Որոշ գերատեսչությունների  ղեկավարներ այնպես են բռնել այդ գույքը, որ չգիտեմ՝ ինչ են անելու, ոչ էլ տարիներով գնում են տեսնելու  այդ շենքեր-շինությունները: Դրանք քայքայված, թալանված են, պետական սեփականություն են և անհրաժեշտ է վերանորոգել, որպեսզի գերատեսչությունները զբաղեցնեն այդ տարածքները, ոչ թե գործեն վարձով տարածքներում»,- ասաց Հովիկ Աբրահամյանը։

Վարչապետը հանձնարարեց Արման Սահակյանին՝ արագ առաջարկություն ներկայացնել, գույքագրում կատարել, պարզել՝ որ գերատեսչություններն են վարձով տարածքներում  տեղակայված: Ըստ Աբրահամյանի՝ պետք է այդ հարցին գլոբալ լուծում տրվի:

Ցուցադրել ավելի
Back to top button