Տնտեսական

Ինչու՞ են վարկերը դառնում պատուհաս՝ ըստ ֆինանսական կազմակերպությունների

karenghazaryan
Մեկի համար վարկը ապահովում է բարեկեցություն, մյուսի համար՝ դառնում պատուհաս: Խնդիրներից խուսափելու համար ֆինանսական կազմակերպություններն առաջարկում են սովորել ֆինանսների ճիշտ ու գրագետ կառավարում: Վաղվանից Հայաստանի Կենտրոնական բանկի նախաձեռնությամբ մեկնարկում է «Իմ ֆինանսների ամիս» լայնածավալ միջոցառումների ծրագիրը: Այն ավանդական է դարձել եւ իրականացվում է արդեն երրորդ անգամ: Ծրագրի նպատակը հանրության շրջանում անձնական ֆինանսների արդյունավետ կառավարման կարեւորումն է: Նախաձեռնողները վստահեցնում են, որ ծրագիրն ունենում է նաեւ գործնական արդյունքներ, ինչի վկայությունը, ըստ նրանց, անձնական ֆինանսների կառավարման նրբությունների նկատմամբ հանրային հետաքրքրության մեծացումն է:

 

 

Բնակչության շրջանում անձնական ֆինանսների կառավարման ոլորտում գիտելիքների ու հմտությունների ուժեղացումը ծրագրի առանցքային նպատակն է, տեղեկացրեց ՀՀ ԿԲ խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը՝ ներկայացնելով «Իմ ֆինանսների ամիս» ծրագիրը: Խնդիրը կարեւորվում է բազմաթիվ պատճառներով, իսկ առաջին հերթին, ինչպես շեշտեց մեր երկրի գլխավոր դրամատան ներկայացուցիչը, բնակչության շահերի պաշտպանության տեսանկյունից:

«Որպեսզի բնակչությունն ավելի հասու եւ տեղյակ լինի ֆինանսական շուկայում գոյություն ունեցող բազմաբնույթ ծառայություններից օգտվելու եղանակներին, նաեւ՝ խնայողություններն արդյունավետ կառավարելու եւ պարտքի բեռը հնարավորինս թեթեւացնելու, սեփական ծախսերն ու եկամուտները պլանավորելու նրբություններին: Պակաս կարեւոր չէ նաեւ սեփական շահերը պաշտպանելու ունակությունն ու ֆինանսական զեղծարարություններից խուսափելու հանգամանքը»:

Ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչների համար հստակ է, որ քաղաքացիները անձնական ֆինանսների կառավարման հարցում դժվարությունների են հանդիպում: Ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանն, օրինակ, կառույցի գործունեության արդյունքում հետեւյալ եզրահանգմանն է եկել.

«Ֆինանսական ծառայություններից օգտվող հաճախորդների հիմնական խնդիրները գալիս են ցածր ֆինանսական գրագիտության մակարդակից»:

ՀՀ բանկերի միության նախագահ Սամվել Ճզմաճյան. «Մեկի համար վարկ վերցնելը բերում է կյանքի բարելավում, մյուսի համար՝ դառնում պատուհաս: Պատճառը, ըստ էության, ֆինանսական  ծառայություններից օգտվելու մշակույթի տարբեր մակարդակներն են: Ծրագիրը կոչված է ազգաբնակչության մոտ ձեւավորելու ֆինանսական ծառայությունների պատասխանատու սպառման մշակույթ»:

Այս առումով ԿԲ-ն ուսումնասիրություն է անցկացրել՝ պարզելու Հայաստանի բնակչության ֆինանսական ունակությունները: Հետազոտության հարցման արդյունքները ցույց են տվել, որ բնակչության գրեթե 45 տոկոսը չի հաշվառում իր եկամուտներն ու ծախսերը: Բացի այդ, Արմենակ Դարբինյանի փոխանցմամբ, մեկ-երկու ուշագրավ ցուցանիշ եւս արձանագրվել է:

«Խնայողություն ունեցողների շուրջ 60 տոկոսն ամբողջ գումարը պահում է տանը: Մի ցուցանիշ էլ՝ թե ինչ բան է ֆինանսական զեղծարարությունը եւ ինչպես զերծ մնած դրանցից, պատկերացնում է միայն 13 տոկոսը»:

Թե ֆինանսական կրթման ինչ ծրագրեր ու միջոցառումներ են իրականացվելու մեկ ամսվա ընթացքում՝ մանրամասնեց ԿԲ սպառողների շահերի պաշտպանության եւ ֆինանսական կրթման կենտրոնի ղեկավար Արմենուհի Մկրտչյանը: Ձեւերը շատ են՝ սկսած ֆինանսական ամենատարբեր հաստատություններ շրջագայություններից մինչեւ ֆինանսական թեմաներով բանավեճեր ու մրցույթ-խաղեր՝ դպրոցականների, ուսանողների մասնակցությամբ:

«Այս տարի մենք ունեցել ենք ավել շատ դրական արձագանքներ ե՛ւ հանրության, ե՛ւ համագործակցող կազմակերպությունների կողմից՝ նամակների, հեռախոսազանգերի տեսքով»:

Երբեք չգիտես, թե ինչպես կարող են կյանքի հանգամանքները փոփոխվել, հետեւաբար՝ անհրաժեշտ է պատրաստ լինել այդ փոփոխություններին. սա էին հիմնականում շեշտում ծրագրի մասնակից ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչները՝ կոչ անելով «Իմ ֆինանսների ամիս» ծրագրի շրջանակներում առավել գործնական ու կիրառական նշանակությամբ սովորել խնայելու եւ սեփական միջոցները կառավարելու արվեստը:

Back to top button