Հասարակություն

Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները ԸՕ նախագծում լուրջ բացթողումներ են տեսնում

lenabadeyan
Տեսականորեն հնարավոր է, որ ապագա խորհրդարանի պատգամավորներից մեկ տասնյակը ներկայացնի Հայաստանում գրանցված ազգային փոքրամասնություններին: ԸՕ-ի նախագծով առաջին անգամ է հստակ քվոտա տրամադրվում ազգային փոքրամասնություններին՝ ԱԺ- ում ընտրվելու համար: Սկզբնական փուլում առաջարկից շատ էին ոգեւորվել Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները, բայց արդեն այս պահին բացահայտվել են լուրջ բացթողումներ, որոնք զգալի խնդիրներ կարող են առաջացնել ընտրական գործընթացում: Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ համապատասխան կառույցները դեռ առանձին հանդիպումներ չեն ունեցել՝ խնդիրը քննարկելու համար: Այս պահին արդեն հասունացել է դրա անհրաժեշտությունը:

 

 

Ապագա խորհրդարանում ազգային փոքրամասնություններին քվոտա հատկացնելու գաղափարը լավն է, բայց իրականացումը՝ բարդ եւ խիստ կասկածելի: Հայաստանում բնակվող հենց այլ ազգի ներկայացուցիչներն են ԸՕ-ի նախագծից վեր հանել մի շարք վիճահարույց կետեր եւ սահմանափակումներ: Հայաստանում գրանցված է եւ գործում է 11 ազգային փոքրամասնություն, սակայն ըստ նախագծի՝ ոչ բոլոն են հնարավորություն ունենալու օգտվել սահմանված քվոտայից: Կուսակցական ցուցակներով առաջադրվելու են առաջին 4 ամենամեծ փոքրամասնությունների ներկայացուցիչները: Սա արդեն անհամաչափ երեւույթ է, պնդում է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:

«Մենք ունենք եզդիական համայնք, որ ակնհայտորեն առաջինն է, երկրորդ՝ ունենք ռուսական համայնք, որ ակնհայտորեն երկրորդ տեղն է, նայելով մարդահամարի թվերը ես կարծում եմ, երրորդ տեղում ասորիները կլինեն եւ միշտ վիճարկելի կլինեն թվերով, թե որոնք են չորրորդ տեղերում»:

Հենց ազգային փոքրամասնություններում այսօրվանից արդեն կասկածներ ունեն, թե ինչպես են ընտրվելու առաջադրվող թեկնածուները, արդյո՞ք ներկայացնելու են ամբողջ համայնքի դիրքորոշումները, եւ  ի՞նչ է է լինելու, եթե համայնքն ընդհանրապես չի ընդունում, ասենք՝ ընտրված թեկնածուին: Ազգային փոքրամասնություններին՝ պետության կառավարմանը մասնակից դարձնելու ընտրված տարբերակը արհեստական է համարում եզդի համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանը: Ասում է, ավելի արդյունավետ կլիներ հետեւյալ տարբերակը:

« Ասորական համայնքը Արարատի մարզում է, եզդիական համայնքը՝ հինգ մարզերում է կոնպակտ բնակեցված: Թող տան փոխմարզպետերի պաշտոն, փոխոստիկանապետերի կամ ինչ որ վարչության պետերի, որ եթե ես հողագործ եմ հողի խնդիր ունեմ գյուղապետիս հետ, ես չգամ Աժ մեր պատգամավորին ներկայացնեմ, որ այսպիսի փոքր խնդիր ունեմ: Խնդիրը ներգեւի հատվածներում պետք է լուծել »:

Աժ-ում ներկայացուցիչ ունենալու արդյունավետությունը կասկածելի չի համարում ասորական համայնքի ներկայացուցիչ Ռազմիկ Խոսրոեւը: «ԱԺ-ում պատգամավոր ունենալու կարիք, իհարկե, կա»,- ասում է՝ ուշադրություն հրավիրելով մեկ այլ խնդրի, որը կարող է լուրջ խառնաշփոթ առաջացնել.

«Այս կուսակցական խմբերում ազգային փոքրամասնությունները այսօր դրությամբ կողմնորոշվելու բան ունեն: Որտե՞ղ են գրանցվելու: Օրինակ՝ մենք շատ լավ գիտենք, որ ընդդիմության ցուցակներում, եթե ազգային փոքրամասնություններ հայտնվեն, դա հարյուր տոկոսոնոց «պռավալ» է»:

Նույն մտավախությունն ունեն նաեւ Հայաստանի քրդական համայնքում: Կնյազ Հասանովը արդեն ձեւակերպված առաջարակ ունի.

«Ազգային փոքրամասնությունները միշտ պետք է լինեն իշխանամետ, որովհետեւ մեր բոլոր հարցերը մենք լուծելու ենք իշխանությունների հետ»:

Բոլոր մասնավոր զրույցներում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները պնդում են՝ «ընդդիմությունից փախչելու են ինչպես ժանտախտից» խորհրդարանում՝ ներկայացված լինելու ցանկությունից ելնելով:  Սա իր հերթին բերելու է նոր խնդիրներ ընդդիմադիր ուժերի համար, որոնք պարտավորված են լինելու իրենց կուսակցական ցուցակներում ապահովել ազգային փոքրամասնությունների թեկնածուների ներկայությունը: Այս հարցի պարզաբանումը ժամանակին արել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: Լուծումը տրվել է ելնելով «իշխանությունը կայուն բան չէ» սկզբունքից:

«Մեր գործընկերները հարց բարձրացրեցին, որ դա շատ կոշտ պահանջ է եւ ոչ բոլոր կուսակցությունները պետք է հետեւեն դրան: Այսինքն՝ կուսակցությունները, որոնք իրենց ցանկում կներկայացնեն ազգային փորամասնությունների ներկայացուցիչներ հնարավորություն կունեն լրացուցիչ տեղեր ունենալ խորհրդարանում, իսկ մի կուսակցություն, որը ենթադրում է, որ չպետք է ունենա ազգային փոքրամասնության ներկայացուցիչ, ուրեմն այդ կուսակցությունը կկորցնի համապատասխան մանդատը: Կարծես թե առաջարկությունն ընդունելի է, եւ մենք դրան համաձայն ենք»:

Միջազգային փորձն արդեն ապացուցել է. կուսակցություններին թեկնածու առաջադրելու իրավունքը երբ տրվում է ազգային համայնքին՝ սկսվում է ամենավտանգավոր երեւույթը՝  համայնքները տրոհվում են: Այդ իսկ պատճառով Հայաստանում գնացել են այլ ճանապարհով՝ կուսակցություններն իրենք են ընտրելու ազգային փաքրամասնության ներկայացուցիչներին իրենց ընտրական ցուցակներում ներգրավելու համար: Իսկ դա նշանակում է, որ արդեն նաեւ առանձին կուսակցություններն են սերտորեն աշխատելու ազգային փոքրամասնությունների հետ:

Back to top button