Մշակույթ

Հայկական երաժշտությունը հոգուն ազատություն է տալիս.իտալացի սաքսոֆոնահար

alisagevorgyan
Ապրիլի 2-ին Արամ Խաչատրյան  համերգասրահում կկայանա  Հայաստանի պետական կամերային  նվագախմբի «Հավերժական մեղեդիներ» խորագիրը կրող  համերգը, մենակատար իտալացի սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչի, նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյան: Ծրագրում կներկայացվեն հիմնականում հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ, այդ թվում՝ Կոմիտաս, Մանսուրյան, Հարությունյան, նաև Առնո Բաբաջանյան, ում ստեղծագործությունից մի հատված երաժիշտներն այսօր նվիրել են լրագրողներին՝ մամուլի ասուլիսը բարձր տրամադրությամբ սկսելու ակնկալիքով:

 

Իտալացի սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչիի և մաեստրո Վահան Մարտիրոսյանի մատուցմամբ երաժշտական անակնկալը հուշում է խոստումնալից համերգի մասին, որը կկայանա ապրիլի 2-ին Արամ Խաչատրյան համերգասրահում: «Չորս դաշնամուր մեկ բեմում». Հայաստանի պետական կամերային  նվագախմբի  առաջին մեծ նախագծից հետո «Հավերժական մեղեդիներ»  խորագիրը կրող  համերգը, նվագախմբի նախաձեռնած 2016-ի թվով երկրորդ կարևոր երաժշտական իրադարձությունն է:

Համերգին որպես մենակատար հանդես կգա  իտալացի սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչին, ով համագործակցում է Իտալիայի բոլոր խոշորագույն նվագախմբերի հետ՝ այդ թվում նաև Միլանի դելլա Սկալայի ֆիլհարմոնիկ նվագախմբի և BBC ֆիլհարմոնիկի հետ: Հաճախակի ելույթներ է ունենում Ռուսաստանում, ակտիվորեն համագործակցում է Մոսկվայի կամերային նվագախմբի հետ: Հայաստանյան այցն առաջինը չէ: Ասում է, որ  միտշ ուրախ է վերադառնալ Երևան, հանդես գալ հայ երաժիշտների հետ:

«Ինչով են առանձնանում հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները, ունեն արդյոք ընդհանուր ձեռագիր». «Ռադիոլուր»-ի հարցին ի պատասխան իտալացի երաժիշտը նշեց.«Հայկական ստեղծագործությունների հիմքում հոգևոր ակունք կա: Դրանք մելամաղձոտ են, բայց չափազանց բարի, ինչը հոգուն ազատություն է տալիս»:

Back to top button