Հասարակություն

Հախուռն շինարարությունը քաղաքը զրկեց պատմական հուշարձանային արժեք ունեցող շենքերից

aidaavetisyan

Մայրաքաղաքի խիտ կառուցումը վտանգում է ոչ թե շենքերի սեյսմիկ անվտանգությունը, այլ հրշեջ և շտապօգնության մեքենաների  տեղաշարժը: Ըստ ճարտարապետների՝ այսօրվա նորակառույցները  կառուցվում են  սեյսմիկ նորմերին համապատասխան, հակառակ  խորհրդային տարիներից ժառանգած շենքերի, որոնք այսօր  ամրացման  կարիք ունեն։ Մենք  բնակվում ենք  9 բալանոց սեյսմիկ վտանգի գոտում, իսկ այդ շենքերը  կառուցվել են 7 բալ ուժգնությամբ երկրաշարժերին դիմակայելու  համար: Քաղաքաշինության նախարարությունն արձագանքում է, որ այդ շենքերի ամրացման համար հստակայական միջոցներ են անհրաժեշտ, նաեւ հավելում՝ Երեւանից ավելի ից վատ վիճակում գտնվող քաղաքներ էլ կան:

 

Մայրաքաղաքի կենտրոնի  ծանրաբեռնվածության մասին կրկին ահազանգում են  ճարտարապետները: Քաղաքի կենտրոնը խիստ ծանրաբեռնված է և այլևս  կառուցապատելու տեղ չկա, նշում է ՀՀ Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն ու հավելում՝ քաղաքում յուրաքանչյուր քառակուսի մետրը կառուցապատման տակ է և խիտ կառուցված շենքերը վտանգում են  ոչ թե կառույցի կոնստրուկցիան, այլ մարդկանց  տեղահանումը, դժվարացնում հակահրդեհային էվակուացումը, շտապօգնության մեքենաների  տեղաշարժը:

Մկրտիչ Մինասյանն իրենց՝ ճարտարապետների, մեղավորությունը տեսնում է, որ 90-ականների վերջին և 2000-ականների  սկզբին  չեն կարողացել պարզել, թե Երևանում  ի՞նչ հուշարձաններ կան, որո՞նք պետք է պահել, և ի՞նչ հատվածներում պետք է իրականացվեն կառուցապատումները: «Հախուռն շինարարությունը բերեց նրան, որ մենք զրկվեցինք քաղաքի համար պատմական հուշարձանային արժեք ունեցող շենքերից և մյուս կողմից էլ ունեցանք խիտ կառուցապատում և գրավեցինք կանաչ հանրային տարածքները»,- ասում է:

Եթե այժմ կառուցում են  սեյսմիկ անվտանգության  չափանիշներին համապատասխան, ապա  դրան հակառակ քաղաքում խորհրդային տարիներին կառուցված բնակֆոնդի մեծ մասի սեյսմիկ անվտանգությունը  խոցելի է: «Հայնախագիծ» ինստիտուտի ճարտարապետ Սաշուր Քալաշյանի խոսքով՝ մենք գտնվում ենք   9 բալանոց գոտում,  մինչդեռ  Խորհրդային Միության տարիներին սեյսմիկ նորմատիվային դաշտը եղել է  7 բալ: Այդ շենքերի սեյսմիկ վիճակն ավելի վատթարացավ անկախության տարիներին, երբ  համատարած սեփականաշնորհման արդյունքում շենքերի  նկուղային հատվածները  վաճառվեցին, տարածքներն օգտագործվեցին  հանրային նպատակներով, ինչն էլ  իր հերթին վտանգեց  շենքի կոնստրուկտիվ համակարգը:

Խնդիրն էլ ավելի խորացավ, երբ սկսեցին շենքերում վերնահարկեր կառուցել։ Ըստ ճարտարապետի՝ հանրապետության ողջ տարածքում շենքերն ամրացման կարիք ունեն:  Այս ուղղությամբ «Հայնախագիծ» ինստիտուտն ուսումնասիրել և խորհրդային շրջանի սեյսմավտանգ շենքերի ամրացման առաջարկություններ է ներկայացրել։ Հատկապես 9 հարկանի շենքերի սեյսմիկ իրավիճակը բարձրացնելու նպատակով ճարտարապետներն առաջարկում են ավելացնել ևս մեկ հարկ, որն էլ մեծապես կկանխի երկրաշարժերից փլուզումները:

ՀՀ քաղաքաշինության նախարարի խորհրդական Ալեքսանդր Մովսիսյանն  էլ իր հերթին հավելեց, որ  սա նոր  առաջարկ  չէ, արդեն  մոտ մեկ տարի է  հարցն ուսումնասիրվում է, այստեղ  խնդիր է բնակիչների  համաձայնությունը: Անհրաժեշտ է զարգացնել կանխարգելիչ միջոցառումներ՝ տանիքը վերանորոգել  ժամանակին, ուշադիր լինել կոյուղաջրերի խողովակների նկատմամբ։ Սեյսմիկ պաշտպանության ծառայության շենքերի և շինությունների սեյսմակայունության բաժնի պետ Արմեն Արտոնյանն էլ իր հերթին բարձրաձայնեց սեյսմիկ վիճակի վրա բնակիչների բացասական ազդեցության մասին։ Բնակարանի նորոգման ժամանակ ձեւափոխվում են պատերը, քանդում հիմնապատերը։

Իսկ շենքերի սեյսմակայունությունը բարձրացնելուն ուղղված ճարտարապետների հորդորներին քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչը պատասխանեց իրենց գերատեսչության մոտավոր հաշվարկները: Շենքերի ամրացման համար անհարժեշտ է  մոտ 31 միլիարդ դոլար գումար: Բացի այս՝ Հայաստանում կա 26 վթարային և երրորդ կարգի վթարայնության  450 բազմաբնակարանային շենք:  Սրանց խնդրի լուծման համար էլ անհրաժեշտ է 361 միլիարդ դրամ:   Նաև մեջբերեց  աղետի գոտու խնդիրն ու դպրոցաշինություն և մանկապարտեզների սեյսմիկ անվտանգության բարձրացման ծրագիրը:

Մայրաքաղաքում՝ հատկապես փոքր կենտրոնում, նկատվող խախտումներն էլ  սահմանափակելու համար, քաղաքաշինության  նախարարությունը մշակվել է օրենքի նախագիծ, որը այս գոտում կառուցապատման հարցում լուրջ սահմանափակումներ է նախատեսում։

Back to top button