ԿարևորՔաղաքական

Գերմանիան հետամուտ է ԼՂ շփման գծում հետաքննության անցկացմանը. դեսպանի բացառիկ հարցազրույցը

lianaeghiazaryan

 «Մենք հետեւողականորեն առաջ ենք մղելու հայ-ադրբեջանական սահմանին եւ շփման գծում հրադադարի խախտման դեպքերի հետաքննության մեխանիզմի ներդրման նախաձեռնությունը»,- այսօր «Ռադիոլուրին» տված բացառիկ հարցազրույցում հայտրարել է Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը։ Նա խոսել է Գերմանիայի՝ ԵԱՀԿ նախագահության տարում իր երկրի կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված նոր քայլերի ու նոր ջանքերի անհրաժեշտությա մասին:

 

Գերմանիան` որպես այս տարի Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության ղեկավարությունը ստանձնած երկիր, իր աջակցությունն է հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործում նոր մեխանիզմների ներդրման հարցում, շեշտում է Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպանը:

«Ռադիոլուր»-ի հետ զրույցում որպես անհրաժեշտ ու առաջնահերթ նոր քայլ` Մաթիաս Քիսլերը շեշտում է շփման գծում զինադադարի խախտման դեպքերի հետաքննության անցկացումը: Դիվանագետի փոխանցմամբ` Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Հարավային Կովկասի գծով հատուկ ներկայացուցիչ է նշանակել` դեսպան Գյունթեր Փեհլերը, ով հատուկ ուշադրության պետք է առնի իրավիճակն այս շրջանում ու նոր մոտեցումներ առաջ քաշի:

Ամեն դեպքում` այս հարցում անչափ կարեւոր է հակամարտող կողմերի պատասխանատվությունը: ԼՂ հիմնախնդրի կարգավորման սկզբունքները համաձայնեցված են, դրանք ԵԱՀԿ ՄԽ համանախագահների սեղանին են, բայց դրանց կյանքի կոչման համար քաղաքական կամք է պետք՝ ասում է Մաթիաս Քիսլերը:

«Մենք ամուր կանգնած ենք ԵԱՀԿ ՄԽ  եռանախագահողների կողքին: Այս հարցում նոր առաջարկներ անելը հենց նրանց առաքելությունն է: Մեզ համար չափազանց կարեւոր է շփման գծում եւ հայադրբեջանական սահմանին լարվածության թուլացումը: Հենց այդ պատճառով ենք մենք հետեւողականորեն առաջ տանում սահմանին հետաքննության անցկացման գաղափարը, որպեսզի իրապես պարզ լինի` ով է խախտում հրադադարի ռեժիմը»,- նշեց դեսպանը։

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ ՄԽ-ը հաճախ հանդես է գալիս կոչերով եւ հորդորներով: Արդյո՞ք ժամանակը չէ անցնել կոնկրետ քայլերի եւ հրադադարի ռեժիմի խախտումները նախաձեռնող կողմի` Ադրբեջանի հանդեպ դիրքորոշման կոշտացման, հարց ուղղեցինք: «Այն, ինչ առաջարկվում է, արդեն հստակ քայլ պետք է լինի այդ ուղղությամբ: Հետաքննության մեխանիզմի ներդրումը օգտակար կլինի հետագա շատ խնդիրների լուծման հարցում: Սա ոչ միայն ԵԱՀԿ ՄԽ ձեռնարկելիքն է, այլեւ հակամարտության կողմերի քաղաքական կամքի հարցը»,- ասում է Հայաստանում Գերմանիայի դեսպանը:

«Մենք` որպես այժմ ԵԱՀԿ նախագահող երկիր, կարող ենք աջակցել եւ ուժեղացնել այս ջանքերը: Շվեյցարացի դիվանագետ պարոն Փեհլերին Գերմանիայի արտաքին գործերի նախարարը  նշանակել է որպես Հարավային Կովկասի գծով հատուկ ներկայացուցիչ: Առաջիկայում սպասվում են նրա այցը Երեւան եւ քաղաքական հանդիպումներն ու քննարկումները Հայաստանում: Դեռ չեմ կարող ասել` ինչ արդյունքներ են տվել նրա դիտարկումները, բայց վստահ եմ` նա լիովին կիսում է Մինսկի խմբի եռանախագահների մոտեցումը»։

Հայ-ադրբեջանական սահմանին եւ շփման գծում հրադադարի խախտման դեպքերի հետաքննության մեխանիզմի ներդրման հարցում ամենալուրջ դժվարությունը մոտեցումների համաձայնեցումն է: «Բայց Գերմանիան` որպես ԵԱՀԿ նախագահող երկիր, հետեւողականորեն առաջ է մղելու այս նախաձեռնությունը»,- հայտարարեց Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը:

Back to top button