Քաղաքական

ԱՄՆ կոնգրեսականները կոչ են անում Օբամային ճնշում գործադրել Ալիևի նկատմամբ

Իլհամ Ալիևի Վաշինգտոն կատարելիք այցից առաջ՝ ԱՄՆ 54 կոնգրեսականներ կոչով դիմել են Բարաք Օբամային՝ ճնշումներ գործադրել Ալիևի նկատմամբ՝ ընդունելու արցախյան խնդրի վերաբերյալ Ռոյս-Էնգելս առաջարկները, հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը:

«Մենք ողջունում ենք խաղաղության պահպանման միջոցների նկատմամբ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի աջակցությունը և հուսով ենք, որ Ադրբեջանը ևս կվերացնի իր առարկությունները և հնարավորություն կստեղծի դրանց ժամանակին իրականացման համար: Այս ոգով էլ կոչ ենք անում Ձեզ Միջուկային անվտանգության գագաթնաժողովի շրջանակներում աշխատանք տանել Լեռնային Ղարաբաղի խնդրի հիմնական կողմերի հետ` իրականություն դարձնելու Կոնգրեսի անդամների կողմից առաջարկված և Ձեր վարչակազմի կողմից աջակցություն ստացած խաղաղությանն ուղղված միջոցառումները»,- ասվում է կոնգրեսականների կոչում:

Ավելի վաղ ԱՄՆ կոնգրեսականներ Էդ Ռոյսը և Էլիոթ Էնգելը առաջարկներ էին ներկայացրել, որոնց նպատակը ԼՂ հակամարտության գոտում սահմանային լարվածության թուլացումն էր: Ներկայացված առաջարկները ենթադրում են. առաջին` բոլոր կողմերի համաձայնություն շփման գծում չտեղակայել դիպուկահարներ, ծանր զինտեխնիկա, երկրորդ` ԵԱՀԿ-ի վերահսկողության տակ սահմանին տեղակայել հրաձգությունն արձանագրող համակարգեր, ձայնային դետեկտորներ, որոնք հնարավորություն կտան որոշել կրակի աղբյուրը, երրորդ` հրադադարն ավելի լավ վերահսկելու նպատակով տեղակայել առավել մեծ թվով ԵԱՀԿ դիտորդներ:

Առաջարկները հավանության են արժանացել ԱՄՆ նախագահի վարչակազմի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից, ինչպես նաև հայկական և արցախյան կողմերից: Ադրբեջանը շարունակում է մերժել առաջարկների շուրջ քննարկումները:

Back to top button