Հասարակություն

Կառավարության աջակցությունը սահմանամերձ համայնքներին տեղին էր. գյուղացիներ

hasmikdilanyan
Արարատ, Գեղարքունիք, Վայոց ձոր ու Տավուշ. սրանք այն չորս մարզերն են, որոնց  32 սահմանամերձ համայնքներին արդեն մի քանի տարի է, ինչ հայրենի կառավարությունը հատուկ ուշադրություն է դարձնում: Նշենք, որ դեռ նախորդ աշնանն է  կառավարությունը հաստատել  սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2016 թվականի ծրագիրը՝ 928  մլն դրամ հատկացնելով  համայնքների սպառած գազի. էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի մասնակի, գույքահարկի ու հողի հարկի ամբողջական  փոխհատուցման համար: «Ռադիոլուրն» այսօր Տավուշի սահմանամերձ երկու համայնքներից փորձել է  ստանալ կառավարության աջակցության արձագանքը:

 

 

Տավուշի մարզի Բարեկամավան համայնքը երկու  տասնամյակից ավելի է, ինչ դեմ հանդիման է թշնամու հենակետերին: Բարեկամավանի գյուղապետ Գագիկ Աբազյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նախ տեղեկացրեց, որ նախորդ գիշերը դիրքերում փոքր-ինչ անհանգիստ է եղել, գյուղի ուղղությամբ, սակայն, բարեբախատաբար կրակոցներ չեն հնչել:

Զրուցակիցս  թվարկում է  համայնքի խնդիրները. տարրական  կենցաղային հարցեր դեռ լուծման կարիք ունեն՝ խմելու, ոռոգման ջուր չկա այս համայնքում:

«Երկու հատ աղբյուր ունենք, էդտեղից ենք բերում: Ով որ գյուղից դուրս է գալիս, իր հետ բերում է: Դույլերով են բերում, բայց տանը ջուր չկա»:

Բարեկամավանը նաև գազիֆիկացված չէ: Անհրաժեշտ  խողովակները համայնք հասել են, ներքին ցանցը նույնպես պատրաստ է, գյուղացիները,  սակայն,  շուրջ  120 հազար դրամ պետք է վճարեն , որպեսզի  կապույտ վառելիքը տուն հասցնեն: Նման շռայլություն որևէ մեկը դեռ իրեն թույլ չի տվել:

«Վճարունակ չենք»,- ասում է գյուղապետը:  Գազ չկա, ուստի այս համայնքում չեն կարող օգտվել կառավարության ընձեռած հնարավորությունից։ Հիշեցնենք, Բարեկամավանը 32 համայնքներից մեկն է, որի բնակիչների սպառած մինչև 360 խոր. մետր բնական գազի գումարը փոխհատուցում է կառավարությունը:

Սահմանամերձ այս համայնքում փոխարենը էլեկտրաէներգիա են սպառում.«Մինչ էդ էլ էս երեք տարի ա մենք չէինք վճարում, սրա փոխարեն ՊՆ էր փոխանցում»:

Բարեկամավանում շուրջ 700 հա հող  90-ականներից  չի մշակվել՝  ասում է  զրուցակիցս:

Տավուշի մեկ այլ՝  սահմանամերձ Դովեղի գյուղապետ Սամվել Գորգինյանը կառավարության աջակցությունից գոհ է, ասում է՝  հոսանքի ու գազի գնի փոխհատուցումից  օգտվում է ամբողջ գյուղը: «Դրա կարիքն իսկապես ունենք»,- վստահեցնում է զրուցակիցս . «Բնակչության մեծ մասը գումարի մեջ տեղավորվում է: Քիչ տոկոս ընտանիքներ են, որ սպառում են, հետո արդեն ամբողջ ծավալով են մուծում»:

«Պետք է այնպես անենք, որ համեմտաբար անվտանգ գոտում գտնվող հողերը մշակովի դառնան, այսպես բնակչներն իրենց ավելի ապահով կզգան»,- ասում է  Գորգինյանն ու  վստահեցնում՝ սա գործնականում հնարավոր է, սակայն ներդրումների կարիք կա,- ասում է զրուցակիցս: Դովեղի հողերի մոտ 80 տոկոսը չի մշակվում, նախկին այգիներից արդեն ոչինչ չի մնացել:  Ամեն ինչ պետք է նորից սկսել:  Դովեղում էլ նախորդ գիշերը հանգիստ է եղել:

Իսկ ես հիշեցնեմ, դեռ նախորդ աշնանը կառավարությունը հաստատեց Սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2016 թվականի ծրագիրը։ Նախագծով 928  մլն դրամ հատկացվեց համայնքների սպառած գազի. Էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի մասնակի, գույքահարկի ու հողի հարկի ամբողջկական  փոխհատուցման նպատակով:

Back to top button