Հասարակություն

Հայաստանում աճում է բնածին արատներով ծնվող երեխաների թիվը

sonahakobyan
Վերջին շրջանում ամբողջ աշխարհում, այդ թվում Հայաստանում աճում է բնածին արատներով ծնվող երեխաների թիվը: Երևանում  այսօր մեկնարկել է հղիության առաջին և երկրորդ եռամսյակներում պտղի գերձայնային հետազոտության արդի պահանջներին և սրտի բնածին արատների վաղ ախտորոշման արդյունավետության բարձրացմանը նվիրված երկօրյա դասընթաց:  Սեմինարն անցկացնելու նպատակով Հայաստանում է ասպարեզում հայտնի գիտնական, բժիշկ Ֆրեդ Ուշակովը: Դասընթացն անցկացվում է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանավորությամբ և Առողջապահության նախարարության գործնական աջակցությամբ:

 

Մանկական հիվանդացության, հաշմանդամության և մահացության հիմքում մեծ տոկոս են կազմում բնածին արատները: Եվ պատահական չէ, որ վաղ նորածնային շրջանում երեխաների մահացության պատճառների զգալի մասը սրտի բնածին արատներն են կազմում: Սա է պատճառը, որ առողջապահության համակարգում մեծ ուշադրություն է դարձվում  հղիների պարտադիր սկրինինգային հետազոտմանն ու հղիության վաղ շրջանում սրտի բնածին արատների հայտնաբերմանը: Կարևորելով բնածին արատների հայտնաբերումը հղիության վաղ շրջանում՝ Մանկաբարձությունում եւ գինեկոլոգիայում ուլտրաձայնային ախտորոշման հայկական ասոցիացիայի ղեկավար Կարինե Թոխունցը նկատեց, որ վերջին շրջանում ամբողջ աշխարհում, այդ թվում Հայաստանում աճում է բնածին արատներով ծնվող երեխաների թիվը, ինչը բավականին մտահոգիչ է:

Մեր բժիշկներին սրտի արատների վաղ հայտնաբերման նորագույն մեթոդներին ծանոթացնելու նպատակով Հայաստանում է ասպարեզում հայտնի գիտնական, բժիշկ Ֆրեդ Ուշակովը: Ըստ նրա՝ արատների վաղ հայտնաբերումը հնրավորություն է տալիս ավելի մեծ թվով հետազոտություններ անել, նախապատրաստել ընտանիքին և որոշ դեպքերում ընդհատել հղիությունը, եթե արատը անհամատեղելի է կյանքի հետ:

«Համաշխարհային վիճակագրությունը ցույց է տալիս, որ աշխարհում  ծնված 500 երեխաներից մեկն ունի ծանր տեսակի սրտի արատ, իսկ թեթև տեսակները հաճախ են հանդիպում ու կազմում աշխարհում ծնված երեխաների 1%-ը»:

Իրականում խնդիրը սոցիալական է: Ներարգանդային կյանքում երեխայի սրտի արատի հայտնաբերումը բավականին բարդ գործընթաց է, որը պահանջում է մասնագիտական բարձր գիտելիքներ, իր հերթին նկատեց բժիշկ ռադիոլոգ Տիգրան Քոչարյանը: Վերջինս դժվարանում է պատասխանել, թե ինչով է պայմանավորված նման խնդիրներ ունեցող երեխաների թվի աճը: Միայն նշեց, որ էկոլոգիան ևս կարող է ազդել:

Back to top button