Մշակույթ

Թատրոնն ու նրա բուն առաքելությունը.«Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը՝ այսօր

alisagevorgyan
Ինչպես ասում էր Վահրամ Փափազյանը`թատրոնը կալվածք չէ, ունեցվածք չէ, որ կտակես, փոխանցես, դա ճանապարհ է, որ պիտի անցնես: Ինչպես է անցնում հայ թատրոնն իր ճանապարհը մեր ժամանակներում: Թատրոնի միջազգային օրվան ընդառաջ թատրոնի գործիչները հայ թատրոնի խնդիրների ու ձեռքբերումների մասին:

 

Արվեստի վաստակավոր գործիչ Երվանդ Մանարյանը հիշում է թատրոնի լավ ժամանակներն ու անկեղծորեն հուզվում: Այսօրվա թատրոնը նրան չի բավարարում, չնայած, ինչպես նկատում է` գեղագիտական առումով թատրոնում վիճակն այնքան էլ վատ չէ: «Խնդիրն այն է, որ թատրոնն այսօր իր բուն առաքելությունը չի կատարում»,-ասում է:

Մանարյանի խոսքով՝ անկախությունից հետո հայ թատրոնը թվում է պիտի նոր վերածնունդ ապրեր, փորձեր վերանայել սխալները, դրանցից հրաժարվեր, մեջքն ուղղեր ու ավելի համարձակ առաջ շարժվեր, բայց դա տեղի չունեցավ:

«Թատրոնի տոմսարկղի առաջ այլևս հերթեր չեն գոյանում, որովհետև ժամանակակից հանդիսատեսը սովորեց նստել հեռուստացույցի առաջ ու խնդալ»,-ասում է Մանարյանը: «Թատրոնը ցորենի դաշտ է, այն խոնավություն է սիրում, աշխատանք է սիրում: Առանց քրտինքի այստեղ ոչինչ չի ստեղծվում». իր ուսուցչի՝ Սոս Սարգսյանի խոսքերն է հիշում նրա ստեղծած ու նրա անունը կրող համազգային պետական թատրոնի տնօրեն  Վարդան Մկրտչյանը, ում համոզմամբ հայ թատրոնի խնդիրն այսօր մտքի ներհոսքն է: «Ճահճացում կա, ինչը պետք է հաղթահարել»,-ասում է արվեստագետը:

«Ինտելեկտուալների և թատրոնի միջև պայքարը հարատև է: Կիրթ հանդիսատեսը թատրոնից դժգոհելու պատճառներ միշտ է ունեցել, բայց ժամանակակից թատրոնը չի կարող լինել ոչ ինտելեկտուալ»,-ասում է Ազգային թատերական ստեղծագործական միավորման նախագահ, թատերագետ Արա Խզմալյանը: Նրա խոսքով՝ որքան էլ դժգոհենք, միևնույնն է, մենք ապրում ենք բավականին խելոք, ոտքից գլուխ տեղեկացված մարդկանց  դարաշրջանում, և պարզունակ բաներով այսօրվա հանդիսատեսին խաբելը չափազանց դժվար է: Մեկ այլ խնդիր ևս, որն առանձնացնում է թատերագետը.«Թատրոնն այսօր լուրջ մրցակցության մեջ է կյանքի հետ, որն ավելի հակասական է ու հետաքրքիր, քան ցանկացած  ներկայացում»:

Վերը շարադրված բոլոր խնդիրների լուծման բանալին  ըստ Արա Խզմալյանի՝ կրթություն, կրթություն և կրթություն: «Թատրոնի կիրթ հանդիսատեսը ևս դպրոցում է կրթվում, ուստի թատրոնի և, ընդհանարապես, մշակութային օջախների միջև սերտ կապը պետք է լինի պարտադիր, ինչպես ժամանակին էր»,-ասում է համազգային թատրոնի տնօրենը:

Հավելենք, որ թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում այսօր կկայանա ՀԹԳՄ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը: Անկախ նրանից, թե ովքեր կլինեն մրցանակակիրները, «Ռադիոլուրը» շնորհավորում է թատրոնի բոլոր գործիչներին:

Back to top button