Հասարակություն

Զատիկ.հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված

aidaavetisyan
Մարտի 27-ին Հայ առաքելական եկեղեցին կտոնի Սուրբ Հարության տոնը, որը կոչվում է նաև Զատիկ, ինչն էլ նշանակում է  բաժանում, զատում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը Հայ առաքելական սուրբ եկեղեցու 5 տաղավար տոներից է, որի ժամանակ է մարդկությանը ավետվում է Քրիստոսի հրաշափառ հարությունը։

 

 

Սուրբ Հարություն՝ Զատիկ: Ըստ Տեր Եսայի քահանա Արթենյանի՝ սա եկեղեցական այն տոներից է, որը հասարակության կյանքում ստեղծում է իրական տոնական տրամադրություն: Մինչ Քրիստոսի հարությունը բոլոր կրոններում և մարդկանց կրոնական ընկալումներում եղել է Հարության ու Հավիտենականության գաղափարը և մարդիկ այն ընդունելու են որպես ճշմարտություն: Սակայն քրիստոնեական հավատում՝ ի դեմս Քրիստոսի խաչելության և հարության, այդ ճշմարտությունը իրական դարձավ:

Հարության խորհուրդը մեզ վկայում է այն լույսը, որն էլ  սփռվելով ամբողջ աշխարհում՝ ավերեց դժոխքը: Պատահական չէ, որ Հարության տոնի մեջ ամենակարևորը լույսի խորհուրդն է: Շաբաթ երեկոյան՝ ճրագալույցի պատարագից հետո մարդիկ ճրագներ են տուն տանում՝ դրանով ապավինելով  լույսի ջերմությանը,  Աստվածային սիրուն և այդ լույսի հետ կապում իրենց կյանքը: Եվ այդ օրը յուրաքանչյուր  քրստոնյա ընտանիքում ավանդապես պատրաստվում են տոնին:

Հոգևորականները, հատկապես  կարևորում են կարմիր գույնով ներկած ձուն, որն էլ խորհրդանշում է Հիսուսի արյունը: Տոնի անբաժան ավանդույթն են նաև ձվախաղերը: Խաղի ընթացում, ով հաղթում էր, նա էլ որոշակի իշխանություն էր ձեռքբերում դիմացինի նկատմամբ, ասում է ազգագրագետ Սվետլանա Պողոսյանը։ Զատկի սեղանի զարդարանքներից է նաև տանն աճեցրած կանաչը, որը ևս ունի իր խորհուրդը: Խորհրդանշում է բարեբեր երկրագործական տարի:

Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման ՀԿ նախագահ  Սեդրակ Մամուլյանը փաստում է, որ տարեց տարի ավանդական կերակրատեսակներին նոր երանգներ են ավելանում:

Զատկի հաջորդ օրը մեռելոց է՝ ննջեցյալներին Ավետիս տալու օր: Տեր Եսային շեշտում է, որ բոլոր ննջեցյալների համար գերեզման պետք է գնալ  մեռելոցին և պետք  չէ տարանջատել հին ու նոր մեռելներին: Այդ տարի  հարազատ կորցրած ընտանիքում նույնպես անհրաժեշտ է ներկել կարմիր ձու քանի որ զատկի ձուն աշխարհիկ ուրախության հետ կապ չունի, սա Քրիստոսի արյան խորհուրդն է. Փրկիչն իր կյանքը տվեց և՛ ապրողների, և՛ մահացածների համար:

Back to top button