Մշակույթ

Վերջին հրաժեշտը՝ Գեղամ Գրիգորյանին

alisagevorgyan
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում այսօր վերջին հրաժեշտն են տվել անվանի օպերային երգիչ, բեմադրիչ, թատրոնի գեղարվեստական ղեկավար, Հայաստանի և Լիտվայի հանրապետությունների ժողովրդական արտիստ Գեղամ Գրիգորյանին, ով 20-րդ դարի լավագույն տենորներից մեկն էր: Հրաժեշտի արարողությանը մասնակցել է նաև հանրապետության նախագահը: Գեղամ Գրիգորյանի աճյունն ամփոփվել է Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում: 

 

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում 1975 թվականին կայացավ նրա դեբյուտը: Գեղամ Գրիգուրյանին վստահում էին տենորի համար գրված ամենաբարդ դերերը: Նրա մատուցմամբ տասնյակ դերեր դարձան հայկական օպերային արվեստի բարձրակետը: Գրիգորյանական տենորի հզորությունը նվաճեց նաև «Մարիինյան» թատրոնի հանդիսատեսի սիրտը: Գեղամ Գրիգորյանը հանդես է եկել աշխարհի ամենահեղինակավոր օպերային թատրոններում ու համերգասրահներում՝ օպերային արվեստի պատմության մեջ մնալով որպես 20-րդ դարի լավագույն տենորներից մեկը:

«Մեզնից հեռացավ համաշխարհային մեծության երգիչ, որի նմանն այլևս չունենք»,-ասում է Հայաստանի կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Ռոբերտ Մլքեյանը:

 

 

Երկար ընդմիջումից հետո Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նախկին գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանը 2015-ի հունիսին կրկին վերադարձավ  թատրոն՝ նշանակվելով նույն պաշտոնում: Բազմաթիվ ծրագրեր ուներ, «Ռադիոլուրի» հետ զրույցում նշել էր, որ վերադարձել է, որովհետև ցավում է թատրոնի համար: Վստահեցնում էր, որ կանի ամեն ինչ, որպեսզի շնորհալի երիտասարդներն անգործության չմատնվեն, որպեսզի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը դառնա հպարտության առարկա:

«Ցավի, ափսոսանքի ու նաև կիսատության զգացում. այն, ինչ ապրում է այսօր օպերային թատրոին կոլեկտիվը»,-ասում է թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանը:

Գեղամ Գրիգորյանի աճյունն ամփոփվեց Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում: Բազմաթիվ ծրագրերով ու նպատակներով լի արվեստագետն ընդամենը 65 տարեկան էր:

Back to top button