Հասարակություն

Վայրի կենդանիներ պահողների նկատմամբ պահանջները կխստացվեն

lenabadeyan

Գյումրիի մասնավոր կենդանաբական այգու աղմկահարույց դեպքից հետո որոշվել է խստացումներ մտցնել համապատասխան օրենքներում: Աշխատանքային խումբը 2.5 ամիս ակտիվ աշխատել է նախագծի շուրջ եւ այսօր ԱԺ- ում նախնական քննարկում էր կազմակերպվել «Անազատ եւ կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների պահելու օրենսդրական կարգավորումը եւ առկա թերությունները» թեմայով:

 

Բնապահպան, «Թռչնասերների կենտրոն» ՀԿ նախագահ Սիլվա Ադամյանը, ով մի քանի ամիս առաջ ստեղծեց «Փրկենք Գյումրիի կենդանաբանական այգու կենդանիներին» քաղաքացիական նախաձեռնությունը, այսօր արդեն նոր ահազանգեր է ստացել: Ըստ նրա՝ կան ռեստորաններ, որտեղ փոքրիկ վանդակներում կենդանիներ են պահվում, իսկ Հրազդանի կենդանաբանական ազգում վիճակն ավելի վատ է, քան Գյուրիում, ասում է։

Նման ահազանգեր ստացել են նաեւ ԱԺ-ում: Մասնավորապես, ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը նշում է՝ մի քանի ՀԿ ներկայացուցիչներ են դիմել իրենց, պատմում են, թե հաճախորդներին գրավելու համար որոշ ռեստորանային համալիրներում պահվում են տարբեր էկզոտիկ կենդանիներ:

Նման իրավիճակից խուսափելու համար լավագույն միջոցը պատժի խստացումն է, կարծում է «Փրոփոուս» կենդանիների բարեկեցության բարեգործական կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Նարե Արամյանը:

Այսօր Գյումրիի մասնավոր կենդանաբական այգու տնօրեն Ստեփան Վարդանյանը, ով սովամահության աստիճանի էր հասցրել արջերին եւ առյուծներին, այդպես էլ որեւէ պատասխանատվության չի ենթարկվել: Նա սնանկության գործընթացի մեջ էր եւ բնապահպանության նախարարությունն առաջնային էր համարել փրկել կենդանիներին: Դիմել էին միջազգային կազմակերպություններին։

Անասնաբույժների համաշխարհային կազմակերպության ու Բրիջիտ Բարդոյի հիմնադրամի միջոցով տանջված կենդանիներին Հայաստանից ընդհանրապես տարան, տեղափոխեցին այլ երկիր: Այս լուծումը պատգամավոր Վահագն Մախսուդյանի սրտով չէ: Ամոթ էր՝ ասում է։

Այս պահին պետությունն արդեն կարող է որոշակի առաջարկներ ներկայացնել, որը կներառվի ապագա օրենսդրական նախաձեռնության մեջ: «Փորձելու ենք հաշվի առնել ամեն ինչ՝ Գյումրիի մասնավոր կենդանաբանական այգու դեպքերի կրկնությունը բացառելու համար»,- նշեց բնապահապնության փոխնախարար Խաչիկ Հակոբյանը:

Ի դեպ՝ պետական կառույցի ունեցած տվյալներով՝ այսօր կա շուրջ 30 օբյեկտ, որտեղ պահվում են տարբեր կենդանիներ, ստուգումներից հետո պատկերն ավելի ամբողջական կլինի:

Նախատեսվող կարգավորումներն այնքան շատ են, որ պետությունը պատրաստ է մտնել նաեւ կենդանիներ պահողների դրության մեջ: Շուրջ 2.5 տարի կտրամադրի կենդանիներ պահողներին, որպեսզի ապահովվեն անհրաժեշտ պայմաններ:

Back to top button