Հասարակություն

Տուբերկուլյոզի դեմ պայքարը՝ Արմավիրի մարզում

satikisahakyan
Արմավիրի բժշկական կենտրոնի  տուբերկուլյոզի դեմ պայքարի կաբինետում ամեն օր դեղորայք է ստանում և տեղում ընդունում 15 հիվանդ: Նրանց բուժման այս մեթոդն իրականացվում է առողջապահության համաշխարհային կազմակերպության ԴՈՏՍ ծրագրի շրջանակում: Անցած տարի տուբերկուլյոզով հիվանդի մահվան դեպք չի գրանցվել, սակայն ունեն ՄԻԱՎ –ով հիվանդ, որը հիվանդությունը համակցված է տուբերկուլյոզով:

 

Արդեն մի քանի տարի Արմավիրի բժշկական կենտրոնում տուբերկուլյոզի դեմ պայքարի կաբինետն առանձնացված   է  պոլիկլինիկական ընդհանուր ծառայությունների մուտքից: Սա արվել է տուբերկուլյոզի տարածման անվտանգությունից ելնելով, ըստ որի նվազեցվում է պալարախտով  հիվանդների շփումը ընդհանուր ցանցի հիվանդների հետ: Կաբինետում գրանցված է 7 դեղակայուն և 8 ռեգուլյար հիվանդ, որոնք ամեն օր այցելում են տուբերկուլյոզի դեմ պայքարի կաբինետ և ստանում իրենց համար նախատեսված դեղերը:

Բուժման այս ձևը ներդրվել է  առողջապահության համաշխարհային կազմակերպության տուբերկուլյոզի դեմ պայքարի ռազմավարական  ԴՈՏՍ ծրագրի շրջանակներում, որը ուղղակիորեն հսկվող բուժման կարճաժամկետ կուրս է: Նախկինում պալարախտով հիվանդներին դեղերը տրվել են երկու շաբաթը մեկ անգամ՝ դրանք ընդունելով  տանը: Այս մեթոդն այնքան էլ ցանկալի արդյունք չի տվել, քանի որ հիվանդները պարբերաբար չեն ընդունել դեղերը և հետևել իրենց առողջությանը, որի հետևանքով առաջացել են հիվանդության բարդացումներ:

Բժիշկ  ֆթիզիատոր Վազգեն Հովակիմյանը մեջբերեց մեկ օրինակ ՝ցույց տալով հիվանդներից մեկի թոքերի  ռենտգեն նկարը, որի աջ թոքն ամբողջությամբ թարախապատված է, անհրաժեշտ է վիրահատել, սական հիվանդը չի ցանկանում : Այս հիվանդին ամեն օր տանը այցելում է բուժքույրն ու դեղը տալիս ընդունելու: Բուժքրոջ տան այցի, ինչպես նաև հիվանդների տուբերկույոզի դեմ պայքարի կաբինետ այցի ճանապարհածախսը  իրականացվում է ծրագրի շրջանակում՝ գլոբալ հիմնադրամից: Բացի դեղերից բժիշկ ֆթիզիատոր Վազգեն Հովակիմյանը նշեց, որ հիվանդին տրվում է նաև սննդի գումար, քանի որ պալարախտը համարվում է նաև սոցիալական հիվանդություն:Գումարը հիվանդը ստանում է բանկային քարտով:

Անցած տարի  Արմավիրի մարզում  պալարախտով հիվանդների մահվան դեպք չի գրանցվել, իսկ  երկու տարի առաջ եղել է մահվան 2 դեպք, որից մեկը՝ ՄԻԱՎ- տուբերկուլյոզ համակցմամբ: Արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիները երբեմն տուն են վերադառնում  տուբերկուլյոզով հիվանդացած կամ էլ ունենում են  մարդու իմունային անբավարարության վիրուս, որը համակցվում է տուբերկուլյոզով:

Արմավիրի բշժկական կենտրոնում պալարախտով հիվանդների համար նախատեսված լաբորատորիայում հատուկ պայմաններ են ստեղծված  հիվանդներից անալիզներ ընդունելու, մշակելու նպատակով:

Տուբերկուլյոզը օդակաթիլային եղանակով փոխանցվող հիվանդություն է:  Հիվանդի հետ շփումը  փակ տարածքում մեծացնում է հիվանդանալու ռիսկը:  Դա կարող է լինել տանը, աշխատավայրում, կալանավայրում: Բժիշկը խորհուրդ է տալիս հաճախակի  օդափոխել սենյակը: Հիվանդին հայտաներելիս հետազոտում են նաև կոնտակտավորներին:

Back to top button