ԿարևորՀասարակություն

Հանրային ռադիոն քրդերի համար լուսավոր փարոս է, ասում են քրդական համայնքի ներկայացուցիչները

alisagevorgyan

Առավել մեծ ուշադրություն ՀՀ-ում բնակվող ազգային փոքրամասնությունների խնդիրներին, նրանց հոգևոր, մշակութային առանձնահատկություններին: Հայաստանի Հանրային ռադիոն բարեփոխում և նորացնում է մեր երկրի ազգային փոքրամասնություններին տրամադրվող  ռադիոհարթակը: Հայաստանում կոմպակտ բնակվող ամենամեծ ազգային փոքրամասնություններից մեկի՝ քրդական  համայնքի ներկայացուցիչներն այսօր Հանրային ռադիոյում էին՝ ներկայացնելու իրենց պատկերացումներն ու առաջարկությունները  համագործակցության նոր  ձևաչափի վերաբերյալ:

 

Հայաստանում կոմպակտ բնակվող ազգային փոքրամասնությունների ցանկում քրդական համայնքն այսօր առաջատարներներից մեկն է:  21 քրդաբնակ գյուղեր, ինչպես նաև քրդական որոշ բնակչությամբ բնակավայրեր մի շարք մարզերում: Գիտակրթական, մշակութային գործունեության ոլորտներում քրդերը լավագույն հնարավորություններն են ունեցել Հայաստանում, ինչպես խորհրդային տարիներին, այնպես էլ, անկախությունից  հետո: Եվ սա  բազմիցս փաստել են Հայաստանում ու արտերկրում բնակվող քրդերը:

Հայաստանի գրողների  միությանը կից գործում է  քուրդ գրողների բաժանմունքը:  Լույս են տեսնում քրդական «Ռիա թազա», «Զագրոս» թերթերը:  Տասնամյակներ շարունակ քրդերի կյանքում մեծ դեր է խաղում Հայաստանի Հանրային ռադիոյի քրդական հաղորդումների բաժինը: «Հայաստանի քրդական համայնքը միշտ էլ բարձր է գնահատել այդ աշխատանքը, բայց  հասունացել է քրդերեն հաղորդումները բարեփոխելու, դրանց նոր շունչ հաղորդելու ժամանակը»,- ասում է Հանրային ռադիոյի արտասահմանի համար թողարկվող հաղորդումների ղեկավար Գայանե Գասպարյանը։

Հաղորդումների նոր ձևաչափն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով՝ Հանրային ռադիոյում այսօր տեղի ունեցավ հանդիպում քրդական համայնքի ներկայացուցիչների հետ: Լսեցին նրանց առաջարկությունները: Իսկ մինչ առաջարկություններին անդրադառնալը՝ բազմիցս նշվեց Հանրային ռադիոյի քրդական հաղորդումների անգնահատելւի դերը ողջ աշխարհի քրդերի համար:

Քրդական համայնքի ներկայացուցիչների առանցքային ցանկություններից մեկն էր ընդլայնել քրդական հաղորդումներին տրվող եթերաժամը՝ 30 րոպեից դարձնելով 1-1.30 ժամ, ինչպես նաև ավելի մատչելի դարձնել ռադիոյի ձայնային ֆոնդում պահպանվող քրդական երգերի կամ այլ ձայնագրությունների ձեռքբերումը:

Արձագանքելով առաջարկություններին՝ Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արման Սաղաթելյանը նախ նշեց, որ միջազգային հեռարձակում ասվածը Հայաստանի համար այսօր ֆինանսական լուրջ բեռ է ենթադրում, այնպես որ՝ եթերաժամի ընդլայնումը, իսկապես, լուրջ խնդիր է, բայց կփորձեն  գտնել հեռարձական այլ մեխանիզմներ քուրդ լսարանի պահանջարկը բավարարելու համար:

Ինչ վերաբերում է ռադիոյի «Ոսկե ֆոնդում» պահպանվող ձայնագրություններին, ապա տնօրենը նշեց, որ դրանք կարող են թողարկվել նաև առանձին սկավառակների տեսքով: Ի թիվս մի շարք առաջարկությունների՝ հանդիպմանը ներկա ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը քրդական համայնքի ներկայացուցչներին հորդորեց առավել նախաձեռնող ու պահանջկոտ գտնվել:

Նշեմ, որ հանդիպմանը հրավիրված էր նաև «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը, ով «Ռադիոլուրի» հետ զրույցում խիստ կարևորեց ՀՀ- ում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ նման հանդիպումներն ու քննարկումները։

Առավել մեծ ուշադրություն՝ ՀՀ-ում բնակվող ազգային փոքրամասնությունների խնդիրներին, նրանց հոգևոր, մշակութային առանձնահատկություններին: Հայաստանի Հանրային ռադիոն բարեփոխում և նորացնում է մեր երկրի ազգային փոքրամասնություններին տրամադրվող  ռադիոհարթակը, ինչն առաջիկայում իր արտացոլումը կգտնի ռադիոեթերում

Back to top button